Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քարաբերդցիներին խաբել է անգամ հայոց արծիվը

Հունիս 29,2012 13:28

ՀՀԿ-ին գյուղովի ձայն տված բնակիչները այժմ իշխող կուսակցությունից պատիվ են պահանջում

Անիի տարածաշրջանի Քարաբերդ, Ձիթհանքով գյուղեր հասնելն այնքան էլ հեշտ չէ. Մարալիկից դեպի այս գյուղեր ճանապարհը այնպիսի քարուքանդ վիճակում է, որ գրեթե անհնար է առանց սրտխառնոցի, գլխապտույտների կամ մեքենայի ջարդուխուրդ լինելու տեղ հասնել: Պատահական չէ, որ տարիներ շարունակ գծատերերը հրաժարվում են ավտոբուս կամ միկրոավտոբուս ուղարկել այս գյուղ: Գյուղացիների ասելով՝ եթե այս պահին տրանսպորտ է աշխատում, ապա միակ պատճառն այն է, որ գծատերը հենց Քարաբերդից է. մարդը հայրենասիրություն է անում ու իր «զեմլյակներին» չի նեղացնում: Սակայն պարզվում է, որ սարսափելի ճանապարհը բացարձակապես չի խանգարել կարկառուն ՀՀԿ-ականներին ԱԺ ընտրություններից առաջ գյուղ հասնել ու, գյուղացիների ասելով, սուտ խոստումներով ձայներ փախցնել: Քարաբերդցիները դժգոհում են՝ ՀՀԿ-ականները խոստացել են նախեւառաջ կարգի բերել ճանապարհը, իրենք էլ 80 տոկոս ձայն են տվել նրանց ու հիասթափվել: Մեզ հետ զրույցում քարաբերդցիները դժգոհեցին, որ իրենց խաբել է անգամ հայոց գլխավոր արծիվը, որն անընդհատ մարզերը ընկած ազնվություն ու հայրենասիրություն էր քարոզում:

«Մենք բարձրաստիճան պաշտոնյա տեսնում ենք միայն ընտրությունների ժամանակ, հետո գնում են, ու հինգ տարի ոտք դնող չկա: Էս վերջերս մեզ մոտ եկավ «Հայոց արծիվների» նախագահ Խաչիկ Ասրյանը, խոստացավ մեր դպրոցի երեխաներին սպորտային հագուստներ բերել, բայց գնաց ու գնաց: Մի շաբաթից պիտի ուղարկեր, բայց անցել է մոտավորապես 6-7 ամիս, մենք հասկացանք, որ էդ մարդը քարոզարշավի նպատակով էր եկել: Գոնե երեխաներին չխաբեն, մատաղ սերունդն ի՞նչ պիտի սովորի հայոց արծվից: Այլեւս հույս չունենք այս իշխանություններից, չենք հավատում, որովհետեւ անընդհատ գալիս-խաբում են, մենք էլ գյուղովի նստեցինք, հաշվարկեցինք, մի անգամ խաբվենք, հո մարդը ի վիճակի չէ՞ սաղ կյանքը խաբվելու: Գյուղը դատարկվում է, իմ չորս եղբայրներից երկուսն իր ընտանիքով գնացել են Ռուսաստան, ես էլ թոշակառու լինելով՝ պիտի ելնեմ ու գնամ, էլ ուրիշ ճար չկա, ապրելու հնար չկա: Գյուղացու միակ եկամուտը կաթն էր, կաթն էլ «Իգիթ» կաթնամթերքի գործարանը 100 դրամով է սկսել գնել, էլ ապրել կլինի՞: Մի լիտր կաթ արտադրելու համար համարյա 100 դրամից ավելի գումար ես ծախսում, ինքնարժեքը չի պահպանվում: Թքած ունեն գյուղի ու գյուղացու վրա, էս գյուղում ինչին ձեռք տաս՝ ավարիոննի է, դպրոցը՝ անմխիթար վիճակում, ակումբ չունենք, մանկապարտեզ չունենք, գրասենյակն էլ հին դպրոցում է, մի սենյակն են վերանորոգել՝ էդտեղ տեղավորվել, մնացած սենյակները անօգտագործելի են, ծածկը բլած է, պատերը՝ պոկված»,- ասաց գյուղի թոշակառուներից մեկը: Ըստ նրա՝ բոլորը վարկերի տակ ճռռում են, ինքն էլ երկու հազար դոլար վարկ է վերցրել վառելանյութ ու պարարտանյութ գնելու համար, սակայն չի կարող տակից դուրս գալ, ուստիեւ որոշել է գնալ Ռուսաստան:

Հետաքրքիրն այն է, որ այս գյուղում ասելիք ունեին բոլորը, լրագրող տեսնելուն պես՝ մոտենում էին ու խոսելու հերթ չէին տալիս, սակայն բոլորը բառացիորեն նույնն էին կրկնում. դժգոհում էին ճանապարհներից ու ՀՀԿ-ից: «Սիրում եմ հավատալ, դա վեհ զգացմունք է, ամենամեծ արժեքն է, փորձեցինք հավատալ ՀՀԿ-ին, բայց փորձը ցույց տվեց, որ ՀՀԿ-ականները իրենք իրենց չեն հավատում, մենք ինչի՞ն հավատանք, բոլորը խաբում են մինչեւ ընտրությունների վերջանալը, մոռանում են, որ դիմացը նախագահական ընտրություններ են»,- ասաց մեկ այլ քարաբերդցի: Նրանց խոսքով՝ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ գյուղացին այլեւս հող չմշակի, հարկադրված լինի իր հողատարածքը վաճառել ինչ-որ օլիգարխի ու նրա մոտ որպես ստրուկ աշխատել: «Ինձ թվում է, որ այս կառավարությանը շատ ձեռնտու է, որ գյուղերը դատարկվեն, ինչքան քիչ՝ էնքան լավ, պահանջողներ, քննադատողներ չեն լինի, խեղճ գյուղապետը ամբողջ օրը չարչարվում է, ընկնում է էս կողմ, էն կողմ, նամակ է գրում, ու էդպես էլ սայլը տեղից չի շարժվում»,- ասաց գյուղացիներից մեկը: Ըստ նրանց՝ թե Քարաբերդը եւ թե Ձիթհանքովը մեծ գյուղեր են, եւ եթե իրենց ընտրած կառավարությունը շարունակի այսպես վերաբերվել իրենց, ապա տուժողը կլինի Սերժ Սարգսյանը. կհավաքվեն ու Անիի ողջ տարածաշրջանով նրան «ձայնազուրկ» կանեն: Գյուղացիներից մեկն էլ, ով արդեն 80 տարեկան է ու իր ամբողջ կյանքը բրիգադիր է աշխատել, դժգոհեց, որ իտալական մորեխ կոչվող միջատները ավերում են ցանքերը, գյուղում ջուր չկա, մի հակակարկտային կայան անգամ չեն տեղադրում, եւ եթե այսպես շարունակեն, ապա 70 տոկոսը կհրաժարվի հողերը մշակելուց: «Մեր՝ հոյակապ անուն ունեցող գյուղը ժամանակին 20-25 հազար ցենտներ հաց էր արտադրում, որից 10 հազար ցենտները պետությանն էինք մատուցում, հիմա ամեն մեկը իր գոյությունն է պաշտպանում: Բա ճանապարհը. դա սովետի օրոք 3 տարին մեկ վերանորոգվում էր, 25 տարի եղավ՝ ձեռ չեն տվել, բա սա իշխանությո՞ւն է, ո՞վ պիտի պատասխան տա, որ բոլորը գյուղից քոչում-գնում են: Իմ 4 տղաներից 3-ը Ռուսաստանում փող են հայթայթում, որ իրենց երեխաները էստեղ յոլա գնան»,- ասաց ծերունին: Ի դեպ, գյուղապետ Մհեր Բուլոյանն էլ նեղսրտեց ճանապարահների վիճակից, նա նաեւ դժգոհեց, որ 311 ընտանիք ունեցող գյուղում հարկահավաքությունը փայլուն ընթանում էր, սակայն ընտրություններից առաջ ընդունված օրենքը, ըստ որի՝ հողահարկը զիջվեց որոշ հարկատուներին, բարդացրեց այս գործը, հարկահավաքությունն այլեւս կանգնած վիճակում է:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930