Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյանին «օտարե՞լ են» համաժողովրդական շարժումից

Հունիս 29,2012 13:16

Թե՞ նա գնացել է հանգստի կամ մտքերը ժողովելու

Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի իր վերջին ելույթում նշել էր, որ երբ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս եկավ՝ թուլացավ Սերժ Սարգսյանը եւ ավազակապետությունը: «Առավոտի» հարցին՝ Ձեր գնահատականներով՝ ՀԱԿ-ը վերջին տարիներին չի՞ թուլացել, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «ՀԱԿ-ը չի թուլացել, ՀԱԿ-ը քայքայվել է: Ո՞ւր է Դավիթ Շահնազարյանը, ո՞ւր է Անդրանիկ Քոչարյանը, նրանք ՀԱԿ-ի առանցքային դեմքերն են: ՀԱԿ-ը ի սկզբանե ստեղծվել է որպես ոչ միայն կուսակցությունների, կազմակերպությունների, այլ նաեւ ազդեցիկ անհատների համախմբման ձեւաչափ: Իսկ հիմա այդ ազդեցիկ անհատականությունները չկան: Ինչո՞ւ մենք չենք տեսնում Դավիթ Շահնազարյանին, Անդրանիկ Քոչարյանին, որոնք իրենց ակտիվությունը 0-ի են հավասարեցրել ըստ էության: Նրանք մասնակցություն չունեն Կոնգրեսի գործունեությանը, նաեւ ձեռնպահ են մնում ընդհանրապես քաղաքական ակտիվություն ցուցաբերելուց, ինչը ցույց է տալիս, որ Կոնգրեսը փոխանակ համաժողովրդական շարժման գործունեությունն ավելի արդյունավետ դարձներ, նպատակասլաց դարձներ, այսօր տեսնում ենք ճիշտ հակառակ արդյունքը: Կոնգրեսը ոչ միայն արդյունավետ չդարձրեց համաժողովրդական շարժման մեջ ընդգրկված գործիչների արդյունավետությունը, այլեւ նրանց ավելի պասիվ դարձրեց: Ես կասեի՝ նրանց օտարեց ժողովրդական շարժումից: Կոնգրեսը, թողնելով այսօր իր բուն նպատակները, զբաղված է այլ քաղաքական ուժերի նպատակների եւ շահերի սպասարկման հարցով: Մինչդեռ դա փակուղի տանող ճանապարհ է»:

Թե ինչու Դավիթ Շահնազարյանն ասպարեզում չկա՝ մենք մեկնաբանություն խնդրեցինք ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից: Վերջինս վստահեցրեց, որ ինքը չի տեսել որեւէ խնդիր Դավիթ Շահնազարյանի հետ. «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը հանգստի եւ իր մտքերը ժողովելու իրավունք ունի, եւ մեզանից շատերը դրանից օգտվում են»: Մեր դիտարկմանը, որ Դավիթ Շահնազարյանը ոչ հանրահավաքներին է արդեն մասնակցում, ոչ ընդհանրապես մեկնաբանություններ է տալիս այս կամ այն գործընթացի առնչությամբ՝ նա պատասխանեց. «Մենք անձերի չենք քննարկում: Ես խոսում եմ ընդհանուր վիճակի մասին: Հակված չեմ կոնկրետ մարդկանց մասին տեսակետ արտահայտելու»:

 ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930