Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անձկության իմ հիվանդությունը

Հունիս 29,2012 13:11

Ես փնտրեցի ժամանակն ու չգտա, ես տեսա միայն շարժումը, տեսա՝ ինչպես են փոքրերը մեծանում, եւ ինչպես են ծերանում մեծերը: Եվ ինչպես է նոր եկող աշխարհը մոռանում հներին՝ համարելով հնացած:

Այնինչ՝ այդ նույն հեռացողների, թերեւս չգիտակցված արյան ջահել խայտանքն է իրենց մեջ: Ես փորձեցի, ուզեցի ճանաչել ժամանակը, տեսնել նրա դեմքն իմ անցողիկ կյանքում ու չտեսա: Եվ ես այսօր էլ չգիտեմ, թե ի՞նչ պատկեր ունի ժամանակի դեմքը եւ ո՞ւմ է նման:

Ու ես իմ փնտրտուքների մեջ, սակայն, հասկացա ընդամենը մի բան, որ երբ արյունը հեռանում է իր ճակատագրից՝ մոռանում է իր սկիզբը, այսինքն թե՝ իրեն ծնունդ տվող հայրենիքը, երկիրը, որն իր նախաստեղծ արյանը նոր կյանք էր տվել…

Ես շատ եմ սիրում թատրոն, բայց դժվարանում եմ նստել դահլիճում, որովհետեւ անձկության հիվանդություն ունեմ: Չեմ սիրում, որ իմ երկու կողքը մարդիկ են նստած, նեղվում եմ, ու միտքս դառնում է թափառ, եւ չեմ կարողանում հետեւել բեմին:

Չեմ սիրում նաեւ վերելակ, վերջերս նաեւ՝ վայրիջակ: Նեղվում եմ ու փնտրում եմ բաց, ազատ միջավայր, ուր ամեն ինչ կա, այդ թվում նաեւ կյանքի ամենօրյա թատրոնը:

Եվ ցանկանալով ինձ արդարացնել՝ մտածում եմ, որ իմ հնագույն նախնիների զավակն եմ ես, ովքեր դարեր շարունակ Աստծո նախաստեղծ աշխարհից անձկությունից հեռացան այլ եզերքներ՝ իրենց հետ տանելով արիացու կնիքը վրան, իրենց գիտությունն ու անշրջափակ ապրելու կարգը:

Եվ երբ մերոնք մի թեւով Եփրատով իջան ներքեւ եւ հիմնադրեցին Շումեր անունով նոր երկիր, որը երկու գետերի արանքում էր, ու կոչեցին ջուր եւ երկինք՝ նորից անձկության մեջ էին: Եվ ժամանակների մեջ զարմանալիորեն չայլափոխվեցին եւ տրտում անձկությունից փրկվելու համար փորձեցին գտնել անմահությունը: Ու անմահությունը փնտրելու ճանապարհին ստեղծեցին եւ աշխարհին թողեցին իրենց անհավատալի քաղաքակրթությունն ու Գիլգամեշը: Մի հերոսի՝ ով անմահության գաղտնիքն իմանալու համար ճանապարհ ընկավ դեպի իր նախնիների հայրենիքը՝ հասնելով Մաշու լեռը, այսինքն՝ Մասիս լեռը, որտեղ ջրհեղեղից հետո իջել էր նոր աշխարհի նահապետը՝ Նոյը: Մարդ՝ ով տեղյակ էր անմահության գաղտնիքին: Իսկ գաղտնիքը կենդանի ջրի տակ էր, որից էլ հղիացավ մեր էպոսի տիրամայրը…

Եվ այսօր ստացվել է այնպես, որ մեր աշխարհաստեղծ լուսավոր ցեղը դարձյալ հայտնվել է երկկողմանի անձուկի մեջ:

Այնինչ՝ մենք աշխարհի թերեւս միակ ազգն ենք, որ ի սկզբանե մնացել ենք նույնը, չենք այլափոխվել: Ու իրենց արիացի համարողները եւ նախաստեղծ հնդեվրոպական լեզուն կրողները, եւ եթե դեռեւս հիշողությունը չեն կորցրել, պիտի որ թեւ ու թիկունք լինեն մի ցեղի՝ ումից սերում են իրենք եւ ուր՝ բոլորովին վերջերս գտնվեց հինգ հազար հինգ հարյուր տարեկան կանացի մի կոշիկ, ինչն ավելի հին էր, քան եգիպտական բուրգերը եւ Բաբելոնը:

Եվ հիմա մտածում եմ, թե խեղճ մեր աղջիկ, ինչքան ես փնտրել կորցրած կոշիկդ, եւ ինչ լավ է, որ չես գտել, առանց երեւակայելու անգամ, որ քո կորցրածի գաղտնիքն այսօր պիտի բացվեր եւ դրանով ինձ՝ ժամանակի դեմքը փնտրողիս եւ աշխարհին՝ ցույց տալու քո ցեղի էությունը անժամանակի մեջ: Ուր ես, աղջիկս, որ շարունակում եմ ապրել երկկողմանի նեղվածության անձուկի մեջ, չեմ հուսահատվում: Դու էլ մի հուսահատվիր, զավակս, դու իզուր չէ, որ կորցրել ես քո կոշիկը: Դա նախախնամություն է եղել: Եվ հիմա ես էլ, դու էլ դուրս կգանք այս երկկողմանի անձուկից, եւ քո կորցրած կոշիկը մի օր կդառնա քաղաքակիրթ աշխարհի դրոշը: Իմ անծանոթ սիրելի աղջիկ, ես չճանաչեցի ժամանակը, բայց ժամանակը կճանաչի քո կորցրած կոշիկը: Եվ, թերեւս, ես կբուժվեմ իմ անձկությունից:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930