Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Ադրբեջանին լուրջ վտանգ է համարում Հայաստանում խոսքի ազատության սահմանափակման առումով:
Նրա տեղեկացմամբ` ադրբեջանցիները վերջին կես տարում 15 հայկական լրատվամիջոց են «կոտրել»: Այսօր «Վարկած» ակումբում պարոն Մարտիրոսյանն ասաց, որ հայկակական կայքերը ադրբեջանցիներից բացի նաեւ թուրք հակերներն են կոտրում. « Թուրք եւ ադրբեջանցի հակերներն ապրում են կենսաբանական ռիթմերով, ունեն ստաբիլ օրեր հարձակման համար»: Մասնագետի խոսքով, հարձակման օրերը հիմնականում տոն ու սեւ օր համարվող օրերին է լինում: Զանգվածային հարձակման լավ ժամանակ էին ադրբեջանցիներն ընտրել 2011-ի դեկտեմբերից 2012թ. հունվար ընկած ժամանակահատվածը: Օգտվելով կայքերի ադմինիստրատորների տոնական զբաղվածությունից` միանգամից 400 հայկական կայք էին կոտրել: Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ հարձակումները շարունակվել են նաեւ հունվար-մարտ ամիսներին ՝ Խոջալուի դեպքերով պայմանավորված: Այդ ընթացքում էլ ԼՂՀ կառավարական մի քանի կայք են կոտրել: Ի տարբերություն ԼՂՀ կառավարական կայքերի, ըստ պարոն Մարտիրոսյանի, հայկական պետական կայքերն ԱԱԾ պաշտպանության տակ են, ինչի շնորհիվ հարձակումները հիմնականում անհաջող են լինում:
Հակերների սովորական հարձակումներից ավելի շատ մասնագետներին մտահոգում են DDOS կոչվող հարձակումները, երբ նույնիսկ դժվար է պարզել՝ ով է հարձակվողը. «Կեղծ այցելություններ են ավելացնում ու կայքը դառնում է անհասանելի: Սա ամենավտանգավոր հարձակումներից է, պատվիրատուն պարզ չէ, իսկ պաշտպանվելը դժվար է»:
Մասնագետի տվյալներով` նախընտրական շրջանում հայկական 3 կայք է այսպիսի հարձակման ենթարկվել: Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ նման հարձակումը 50 դոլարով էլ է հնարավոր անել, իսկ պաշտպանվելը շատ ավելի թանկ է՝ սկսած մի քանի հարյուր դոլարից մինչեւ հազարավոր դոլարներ արժե:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ