Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե դու մարդ ես

Հունիս 29,2012 12:54

Երեկ tert.am-ում մի լուր կարդացի , որն իր հերթին թարգմանություն էր newsru.com-ից: Լուրն այն մասին էր, որ բրիտանացի 21-ամյա լրագրող Նատաշա Սմիթը դաժանորեն բռնաբարվել է Կահիրեի Թահրիր հրապարակում՝ նորընտիր նախագահ Մուհամեդ Մուրսիի հաղթանակը տոնող տղամարդկանց կողմից: Այն մանրամասներից, որոնք իր պատմության մեջ ներկայացնում է բրիտանացի լրագրողը, հնարավոր չէ հասկանալ՝ լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Այնպես որ՝ կասկածներ հայտնել այս տեղեկատվության ճշմարտացիության մասին, բնականաբար, կարելի է: Բայց ինձ զարմացրել են մեր՝ հայկական կայքում տեղ գտած մեկնաբանությունները, որոնց հեղինակները միանշանակ հավատացել են, որ նման բան տեղի է ունեցել, եւ մեծ մասամբ այն միտքն են արտահայտել, որ այդ աղջիկը հենց ինքն է մեղավոր, որ իր հետ այդպես են վարվել, եւ նրան, ընդհանուր առմամբ, հասնում է:

Մարդիկ սովորաբար չեն կարողանում վերանալ այս կամ այն արտաքին հանգամանքներից եւ կենտրոնանալ բուն երեւույթի վրա: Այդպես էր, օրինակ, DIY ակումբի հրկիզման դեպքում: Քանի որ այդ ակումբում, ենթադրաբար, հավաքվում են նաեւ միասեռականները, ուրեմն հրկիզումը մեր ինքնության եւ ազգային անվտանգության պաշտպանություն էր, կարելի է ասել՝ ազգային-ազատագրական պայքարի նոր փուլ: Այ, եթե հրկիզեին ակումբ, որտեղ հավաքվում են քյաբաբ ուտող հայ տղերքը, դա կլիներ միանգամայն անընդունելի եւ դատապարտելի արարք: Վերանալ ամեն ինչից ու պարզապես դատապարտել բռնությունը՝ դրա համար հոգեկան որոշակի լարում է պետք:

Նույն տրամաբանությամբ որոշ հանրապետականներ մեկնաբանում են «Հարսնաքարում» կատարված հանցագործությունը՝ բա ինչո՞ւ էին նրանք ռեստորան եկել ոչ սթափ վիճակում: Դաժան ծեծի այս արդարացումը, իհարկե, «ուժի մեջ» չէր լինի, եթե ռեստորանային համալիրը պատկաներ որեւէ ԲՀԿ-ականի կամ դաշնակցականի: Եթե հիշում եք, «Առագաստ» սրճարանում նախագահի թիկնապահը մարդ էր սպանել՝ երկրի ղեկավարին ոչ հարգալից  բարեւելու համար: Ինչ խոսք, հրաշալի արդարացում է:

Նույնը, իհարկե, լրատվական աշխարհում է: Եթե որեւէ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգություն է կատարվում, լրագրողի համար որեւէ նշանակություն չպիտի ունենա՝ դա «Ազատամարտն» է, «Ա1+»-ը, թե «7or.am»-ը: Չկան, չեն կարող լինել «մերոնքական» եւ «թշնամական» լրատվամիջոցներ, եթե դու լրագրող ես: Չեն կարող լինել «յուրային» եւ «ոչ յուրային» հրկիզողներ եւ ծեծողներ, եթե դու քաղաքացի ես: Չպիտի լինեն իմպերիալիստական կամ հակաիմպերիալիստական բռնաբարողներ, եթե դու մարդ ես:

Չգիտես ինչու, հիշեցի 88-ին նկարահանված Հենրիկ Բորովիկի հաղորդումից մի հատված. ռուս սպան տաք շորեր է հանձնում Սպիտակի երկրաշարժից տուժած մարդկանց եւ հանկարծ անսպասելիորեն լաց է լինում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930