Ջրային տնտեսության պետական կոմիտեից ասում են, թե այս տարի ձյունն անձրեւների միջոցով չի հալվել, հետեւաբար սելավաջրերի միջոցով ջրամբարները չեն լցվել։ Սակայն որոշ վայրերում նույնիսկ հեղեղներ են եղել. «Էկո-Լուր» ՀԿ-ի տեղեկացմամբ, հունիսի սկզբին հեղեղը ծածկել է ՀԱԷԿ-ի մոտ գտնվող այգեգործական ընկերության հողատարածքները, «Հայպետհիդրոմետ» ծառայությունն էլ չի հաստատում, որ 2012 թ. սակավաջուր տարի է։ Նույն կոմիտեն Սեւանա լճից 320 մլն խմ ջրառը հիմնականում պայմանավորում է հանրապետությունում ստեղծված եղանակային եւ բնակլիմայական պայմաններով, սակավաջրությամբ, Ապարանի եւ Ազատի դոտացիոն ջրամբարների պակաս լցվածությամբ, ինչը չի բավարարի ոռոգման կարիքներին։
Ճիշտ է, կա ոռոգման ջրի խնդիր, բայց այդ խնդիրն ակնհայտորեն չափազանցվում է: Այո, Ազատի եւ Ապարանի ջրամբարները բավարար լցված չեն, բայց, բնականաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ բավարար լցված չեն, ո՞ւմ մեղքով…
Բացառված չէ, որ հիշյալ ջրամբարներում ջրի բավաարար ծավալ չի կուտակվել՝ Սեւանա լճից ջրի բացթողումն օրենքով նախատեսված 170 մլն խորանարդ մետրից ավելի մեծ ծավալով իրականացնելու ինչ-որ առիթ, պատճառաբանություն ունենալու համար:
Ոմանք կարող են տարակուսել՝ ինչո՞ւ, Սեւանի թշնամի՞ն են։ Ոչ, այստեղ թշնամի լինել-չլինելու խնդիր չկա, պարզապես իշխանական որոշակի շրջանակների ձեռնտու է Սեւանա լճի մակարդակի իջեցումը, քանզի իրենք կամ իրենց մերձավորները լճի ափերին ռեստորաններ, հյուրանոցներ ու նմանատիպ օբյեկտներ ունեն, եւ եթե լճի բարձրացումը չկասեցվի, ջուրն արդեն այդ օբյեկտների հիմքերին կհասնի կամ անհնարին կդարձնի դրանցից օգտվելը։ Բացի դրանից՝ լճի ափերին գտնվող ծառերն ու թփերը, չնայած գումարներ ծախսվել են, ժամանակին չեն մաքրվել, աշխատանքները վատ են կազմակերպվել, ձգձգվել են, ափերին գտնվող քանդման ենթակա բոլոր շինությունները չէ, որ քանդվել են, եւ այս առումով էլ լճի մակարդակի բարձրացման կասեցումը ոմանց ձեռնտու է՝ մինչեւ համապատասխան աշխատանքները կկատարվեն։ Այսինքն՝ հնարավոր է, որ լիճը ոմանց շահերի ու թերացումների զոհն է դառնում։
Կարդացեք նաև
«Հայացք»