Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ կառավարության ներկայացրած 5 տարվա ծրագիրն ընդամենը բլեֆ է։
– ՀԱԿ-ի վերջին հանրահավաքին Դուք ներկա չէիք, Ձեզ հարթակում չենք տեսել, ո՞րն էր պատճառը։
– Մենք, մեր քաղխորհուրդը ներկա էր հանրահավաքին, ես չեմ սիրում էն վերեւում՝ հարթակի վրա կանգնել, բայց մենք տեղում էինք, Սպենդիարյանի արձանի թիկունքում կանգնած էինք, հաջորդ հավաքի ժամանակ մեզ կարող եք այնտեղ կրկին տեսնել։ Մեր ակտիվը, քաղխորհուրդը եւ ես այնտեղ ենք լինում։
– Բայց վերջին ժամանակահատվածում կարծես թե Ձեր եւ ՀԱԿ-ի հարաբերությունները «սառել» են, ի՞նչն է պատճառը, ինչ-որ դժգոհությո՞ւն կա։
Կարդացեք նաև
– Դե դրանք ներքին խնդիրներ են, ես մի շարք առաջարկություններ եմ արել, դեռ պատասխան չունեմ։ Չի լինի, հետո մենք մեր համագումարում կամ ակտիվի ժողովի ժամանակ որոշում կկայացնենք։ Այդպես աշխատել չի կարելի, 7 մանդատով ի՞նչ։
– Իսկ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա աշխատանքը։
– 2008թ. օգոստոսի 31-ին 18 կուսակցությունները ստորագրել են դեկլարացիա, որի հիմքում դրված է արտահերթ պառլամենտական եւ նախագահական ընտրությունների արդյունքում երկրում սահմանադրական կարգի վերականգնումը։ Առաջինն արդեն անցել է, գնացել են ԱԺ հերթական ընտրությունների, իսկ երկրորդն արտահերթ նախգահական ընտրություններն են, դա մնացել է օդում կախված, ո՛չ պատասխան կա դրա շուրջ, եւ ո՛չ էլ գործ էկատարվում։ Մենք ասում ենք, որ մեկ օր առաջ պետք է ազատվել Սերժ Սարգսյանի գլխավորած այս հանցավոր ռեժիմից։
– Եթե ՀԱԿ-ը Ձեր «սրտով» որոշում չկայացնի, հնարավո՞ր է՝ ՀԱԿ-ից դուրս գաք։
– Չէ՛, ի՞նչ դուրս գալ, դա չէ էականը, երկիրը ձեռքից գնում է, տեսե՛ք՝ երկրում ինչ է կատարվում, արտագաղթ է, սոցիալական ծանր վիճակ է, պատերազմի հոտը չե՞ք զգում, ի՞նչ է:
– Այդ դեպքում ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը։
– Հիմա դեռեւս ոչ մի բան չեմ ասի, մենք մեր ընկերների ու գործընկերների հետ աշխատում ենք, մենք դեռեւս մեր խոսքն ասելու ենք։
– Ծանոթացե՞լ եք ՀՀ կառավարության ներկայացրած 5 տարվա ծրագրին, որին ԱԺ 4 խմբակցություններ դեմ քվեարկեցին։
– Դե գիտեք, այդպիսի բլեֆներ ես այս 15 տարում շատ եմ տեսել, դա բացարձակ բլեֆ է, որն իրականությունից լրիվ կտրված է։ Գրողը թող դուրս գա Երեւան քաղաքից, մտնի գյուղ, տեսնի սոցիալական վիճակը։ Երկրի նախագահ կոչվածն ասում է՝ երկրում 7 տոկոս տնտեսական աճ կա։ Այ ընկեր, միայն 1 միլիարդի ապրանք ես արտահանում, ի՞նչ աճ:
-Օրեր առաջ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար»- ում տեղի ունեցած դաժան միջադեպն ինչպե՞ս եք գնահատում։
– Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ բանդիտական ռեժիմն է իշխում երկրում, եւ անմեղ աֆիցերին, որ ինչ-որ առիթով մտել է այնտեղ՝ հանգստանալու կամ ճաշելու, հասցրել են մահամերձ վիճակի։ Ոչ միայն դատապարտում եմ այդ արարքը, այլեւ օր առաջ պետք է ազատվել դրանց տերերից եւ այդ բանդիտներից։
«Ժողովուրդ»