Հունիսի 28-ի ուշ երեկոյան, Իջեւան քաղաքի ծայրամասում, միջպետական ճանապարհի եզրին գտնվող «Մարմար» ռեստորանային համալիրում 31-ամյա Հունան Թամամյանը խնջույքի է մասնակցել 30-ամյա Խորեն Հովհաննիսյանի եւ 3 այլ անձանց հետ: Խնջույքի ընթացքում Հունան Թամամյանը, վիճաբանելով Խորեն Հովհաննիսյանի հետ, խոհանոցային դանակով հարվածել է նրա կրծքավանդակին: Վերջինս Իջեւանի հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է: Իջեւանի մեր աղբյուրներն ասում են, որ մահացածը Իջեւանում քարի վերամշակմամբ զբաղվող «Քարարտ» ընկերության արտադրության պետն էր: Նա ամուսնացած էր, ուներ անչափահաս երկու երեխա: Հ. Թամամյանը եւ Խ. Հովհաննիսյանը եղել են ընկերներ, նրանց միջեւ վիճաբանությունը ծագել է աննշան առիթից, զրույցի ժամանակ նրանցից մեկը «արա»-ով է դիմել, ինչն էլ կռվի պատճառ է դարձել: Հ. Թամամյանը ձերբակալված է, կատարվում է քննություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ