Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ի ձայները փոշիացան, որովհետեւ մարդկանց մի քանի տարի շարունակ հրապարակ բերելով ու տուն ուղարկելով՝ «բռնաբարեցին» հանրահավաքի գաղափարը»

Հունիս 29,2012 11:58

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը:

– ՀԱԿ-ը հայտարարում է, որ շարունակելու է հանրահավաքային պայքարը եւ պայքարելու է խորհրդարանում։ Արդյունավե՞տ եք համարում նման գործելաոճը։

– Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ՝ ՀԱԿ-ը, բնականաբար, նման հայտարարություն պետք է աներ՝ դառնալով խորհրդարանական ուժ։ ՀԱԿ-ը կորցնում է հրապարակը, կորցնում է հասարակության այն շերտը, որ կանգնած էր իր կողքին։ ՀԱԿ-ը շատ լավ գիտակցում է, որ կորցնելիք ունի եւ, ուզի, թե չուզի, պիտի հայտարարի, որ խորհրդարանական գործունեությանը զուգահեռ շարունակելու է հանրահավաքները։ Նախագահական ընտրություններից առաջ ՀԱԿ-ը, բնականաբար, փորձելու է պահել իր ընտրազանգվածը, փորձելու է դիմագիծը պահել, բայց, ըստ իս, բավականին աննախանձելի վիճակում է, որովհետեւ մտնելով խորհրդարան, շատ լավ հասկանում է, որ հրապարակում այլեւս անելիք չունի։ Բոլորը շատ լավ գիտակցում են, որ դա փրփուրներից կառչելու փորձ է։ Ցավում եմ, որ ՀԱԿ-ը նման իրավիճակում հայտնվեց, բայց մեղավորն ինքն է. ՀԱԿ-ի ձայները փոշիացան ոչ թե իշխանության մեղքով, այլ այն պարզ պատճառով, որ ՀԱԿ-ի գործիչները մարդկանց մի քանի տարի շարունակ հրապարակ բերելով ու տուն ուղարկելով՝ «բռնաբարեցին» հանրահավաքի գաղափարը։ Պատահական չէ,

որ հունիսի 26-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ իրականում ՀԱԿ-ն ասելիք չուներ, բացի նրանից, թե իբր խորհրդարանում նեղն են գցում իշխանությանը, ճնշում են, եւ այլն, եւ այլն։ Չկա նման բան եւ չի էլ կարող լինել։

– Գուցե ՀԱԿ-ը մանկականությո՞ւնը չի հաղթահարել։

– Այդ պնդումները պարզունակությունն են մատնում՝ երբ այլեւս ասելիք չունես, սկսում ես գլուխդ գովել։ Իսկ երբ սկսում ես գլուխդ գովել, մարդիկ սկսում են մտածել։ Երբ մարդիկ սկսում են մտածել, հետեւություններ են անում։ Երբ հետեւություններ են անում, քայլեր են անում, որոնց հետեւանքն այն է, ինչ այսօր ունենք։ Կարճ ժամանակից կերեւա, որ ՀԱԿ-ը, որպես քաղաքական ուժերի կոնգրես, գոյություն չունի, կա միայն 7 պատգամավոր, ովքեր նույն կոճակն են սեղմում խորհրդարանի դահլիճում, ինչ խորհրդարանական մեծամասնության պատգամավորները, նաեւ՝ կառավարության ներկայացրած բազմաթիվ օրինագծերին «կողմ» քվեարկելով, ինչին բոլորս արդեն ականատես եղանք ԱԺ առաջին արտահերթ նստաշրջանում:

– Աշխարհն ունի իր քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական շահերը, եւ Հայաստանը չի կարող դուրս լինել աշխարհից։ Չե՞ք կարծում, որ հայ-թուրքական հարաբերություններում, ԼՂ հարցում աշխարհն ուղղակի կարող է իր որոշումը Հայաստանին պարտադրել։

– Աշխարհն ունի իր շահերը, մենք էլ ունենք մեր շահերը եւ երբեք չպետք է թույլ տանք մեր շահերը ոտնահաոել։ Մենք բավարար քաղաքական կամք եւ, որպես անկախ պետություն, բավարար ուժ ունենք մեր հարցերին տեր կանգնելու։ Իսկ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերը կարող էին լուծվել այն ժամանակ, երբ ստորագրվեցին հայտնի արձանագրությունները։ Թուրքիայի մեղքով է, որ արձանագրությունները չեն վավերացվել։ Մի պետություն, որ ձգտում է ԵՄ անդամության, եվրոպական արժեքների, արձանագրությունների ստորագրմանը հաջորդած ամբողջ ընթացքում քայլ առ քայլ աշխատեց ինքն իր դեմ, քայլ առ քայլ ցույց տվեց, որ ինքն այսօր շատ ավելի հեռու է եվրոպական արժեքներից, քան 100 տարի առաջ էր:

Այն քայլը, որ ժամանակին կատարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների հարցում, խնդրի լավագույն լուծումն էր, ՀՀ նախագահի նախաձեռնությունն ամբողջ աշխարհն ընդունեց ու գնահատեց:

Ես համոզված եմ, որ ինչ-որ պահից Թուրքիան կփոխի իր վերաբերմունքը եւ կվերադառնա տրամաբանության գերակայությանը։

– Այդքան համբերություն ՀՀ նախագահը կունենա՞։

– Անկասկած, նրա խորաթափանցությունը կհերիքի ցանկացած լարված իրավիճակի լիցքաթափմանը, իսկ համբերատարությունն ու հանդուրժողականությունն արդեն ցույց են տվել իրենց ներգործությունը Հայաստանի քաղաքական դաշտում։  2008-ից հետո ցանկացած նախագահ կարող էր պարտվել, հուսալքվել, մարդկային ու բարոյական ճգնաժամում հայտնվել, բայց ոչ Սերժ Սարգսյանը։ Մեր պետության անկախության ակունքներից գալով, ղարաբաղյան պատերազմի փորձություններով անցնելով՝ նա այդ ճանապարհին այնպիսի որակներ է ձեւավորել, որ իր քայլերն անում է հավասարակշռված եւ անվրեպ։ Կենդանակերպի նշանով նա Խեցգետին է, արեւելյան հորոսկոպով՝ այդպիսին են հավասարակշռված, արդարամիտ, նրբազգաց եւ հանդուրժող մարդիկ, որ միշտ հասնում են իրենց նպատակին։ Հունիսի 30-ին Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է, եւ ես միանում եմ նրան ուղղված բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին։ Նրա, իբրեւ նախագահի՝ հաջողությունը երկրի հաջողությունն է։

Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930