ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության երեկվա նիստում որոշվել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
Այս մասին երեկ մեզ հայտնեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը. «Ամեն նստաշրջանում, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, խմբակցությունը պետք է մարդ նշանակի։ Ամառային նստաշրջանի համար մեր այսօրվա նիստում նշանակվել է Նիկոլ Փաշինյանը»։ Նախօրեին տեղեկացրել էինք, որ ըստ ԱԺ մեր աղբյուրների՝ Հովիկ Աբրահամյանը որոշել է, որ էթիկայի հանձնաժողովի նախագահությունն առաջինը տրվելու է ընդդիմությանը։ Հիշեցնենք, սույն հանձնաժողովի նախագահները նշանակվում են ռոտացիոն սկզբունքով՝ ԱԺ ամենամեծ իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներից։ «Բարգավաճ Հայաստանը» չի հայտարարել, որ ինքն ընդդիմություն է, ինչպես պահանջում է ԱԺ կանոնակարգ օրենքը։ ԱԺ նախագահը, որը նշանակելու է այդ հանձնաժողովի նախագահին, մի քանի անգամ արդեն ասել է, որ «Բարգավաճը» ընդդիմություն չէ։ Ուստի, նա որոշել է, որ էթիկայի հանձնաժողովի նախագահ պետք է նշանակվի Կոնգրեսի ներկայացուցիչը: Այսինքն, ստացվում է, որ այդ հանձնաժողովի առաջին նախագահը դառնալու է Նիկոլ Փաշինյանը։ Քանի որ Կոնգրեսը մի անգամ արդեն հրաժարվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնից, երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավարից փորձեցինք ճշտել՝ հնարավո՞ր է, որ այս դեպքում էլ հրաժարվեն. «Մենք որոշել ենք հրաժարվել մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնից, սա ուրիշ է, էթիկայի հանձնաժողովը ԱԺ կանոնակարգ օրենքով այլ բան է իրենից ներկայացնում, սա օրենսդրական մշտական հանձնաժողով չէ։ Այնտեղ որեւէ արտոնություն կամ իշխանության հետ ինչ-որ պատասխանատվություն կիսելու խնդիր չկա»։
Խնդիրը իրականում այլ է։ Հովիկ Աբրահամյանը խորամանկ որոշում է կայացրել՝ այս հանձնաժողովի նախագահությունը հիմա հանձնելով ընդդիմությանը։ Ինչպես տեղեկացրել ենք, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, էթիկայի հանձնաժողովի նախագահները փոխվում են յուրաքանչյուր նստաշրջանում։ Այսինքն, աշնանային նստաշրջանը սկսվելուն պես՝ սեպտեմբերի 10-ին էթիկայի գործող նախագահի լիազորություններն ավարտվելու են, եւ նշանակվելու է նոր նախագահ, այս անգամ արդեն ՀՀԿ-ից։ Իսկ աշնանային նստաշրջանը տեւում է մի քանի ամիս, եւ ժամանակաշրջանն էլ բավական բուռն է լինում՝ ԱԺ քառօրյաներ եւ այլն։ Այս պարագայում պատգամավորների արձակուրդը սկսվում է հուլիսի կեսից մինչեւ օգոստոսի կեսը, թեեւ ԱԺ հիմնական կազմն իրեն արդեն արձակուրդ է տվել, այս շրջանում քառօրյա նիստեր չկան, ու անհասկանալի է, թե այս մեկ ամսում այդ ինչ պետք է հասցնի անել սույն հանձնաժողովը։ Էլ չասենք, որ, ըստ նույն ԱԺ կանոնակարգ օրենքի, հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան 2 անգամ՝ սեպտեմբերից դեկտեմբեր եւ փետրվարից հունիս։ Այսինքն, գոյություն ունի աշնանային եւ գարնանային նստաշրջան հասկացություն, ամառային նստաշրջան չի լինում։ Իսկ առաջին նստաշրջանն էլ, որ գումարվում է նոր խորհրդարանի ընտրվելուց հետո, տեւել է մի քանի օր, եւ դրա փակման մասին ԱԺ նախագահը պաշտոնապես արդեն հայտարարել է։ Մի խոսքով, ակնհայտ է, որ այստեղ խնդիր կա։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»