Օրեր առաջ «Ազգում» տպագրված եւ ԶԼՄ-ներին ուղղված բարոյականության կոչը, որով ինքնասպանի քույրը խնդրում էր նվազագույնի հասցնել իր եղբոր ինքնասպանության մանրամասների մասին լուրերը, քանի որ դրանք ծանր ազդեցություն կարող են ունենալ մոր վրա, մի տեսակ սթափեցնող նշանակություն ուներ: Վերջին շրջանում համարյա ամեն օր ինքնասպանությունների մասին տեղեկություններ ենք լսում, որոնք մտահոգությունների տեղիք են տալիս, ու բնական է, որ նորմալ մարդիկ կուզեին տեսնել պետության մտահոգվածությունը նախ, անհանգստացնող վիճակագրության առկայության պարագայում` պետության համապատասխան օղակների ինչ-որ ձեռնարկումներ, մասնագիտական շրջանակների հարեհաս օգնություն: Սակայն դրա փոխարեն օրավուր զարգանում է հատկապես միայն մի ուղղություն ավելի` լրատվամիջոցներում հոգեցունց մանրամասների մատուցումն ու սպառնագին տեղեկատվության խտացումը, քան թե ինչ-որ բան ենք լսում պետական կառույցի մտահոգության կամ ձեռնարկվելիք քայլերի մասին: Հիմա, երբ գիտությունն այնպես է զարգացել, որ ստեղծվել են հոգեբանական ներգործության զենքեր, զանգվածային պսիխոզի ավելի գործուն միջոցներ, երբ մեզ շրջապատող պետութուններից երկուսն առնվազն կարող են մտածել այդպիսի միջոցները հայերի դեմ ուղղելու հնարավորությունը, այդպիս զենք կամ վարակիչ վիրուս դարձել է մեր տեղեկատվության միջոցներով մատուցվողը, երբ մանրամասն ներկայացվում են ինքնասպանության միջոցները, վայրը, երեւացող պատճառները, եւ շեշտը դրվում է ցնցող մանրամասների վրա` չպատկերացնելով, որ կարող են ընդօրինակելի դարձնել երեւույթը: Մեն-մի միակ բացատրությունը` ընթերցող շահողը, ոչ մի կերպ հավասար չէ տեղեկատվության գործած ավերին: Մինչդեռ երբ ամեն ինչի նայես կանխարգելման տեսանկյունից, այդ դեպքում սենսացիայի մատուցումն եւ ընթերցողի շահը տրամագծորեն կհակասեն իրար: Առայժմ մենք էլ մատուցենք սարսափելի վիճակագրությունն, ըստ որի վերջին տարիներին ինքնասպանությունները Հայաստանում աճի դինամիկա են արձանագրում` 2009 թվին` 498, 2010-ին` 592, 2011-ին 647 դեպք: Այս տարի երեւի ամեն օր համարյա ինքնասպանության մասին տեղեկություն ենք ստացել:
Չի խանգարի հիշեցնել, որ 1986 թվականի խորհրդային հանրապետությունների վերաբերյալ վիճակագրությամբ Հայաստանում 100 հազար բնակչից ինքնասպան է եղել միջինացված ցուցանիշով 1,8-ը, ինքնասպանությունների մակարդակով 16 հանրապետություններից Հայաստանը նախավերջին տեղում է եղել, մինչդեռ Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում եւ Ռուսաստանում շատ բարձ ցուցանիշներ են եղել եւ 100 հազար մարդուն ընկել է 27-ից 22 ինքնասպան: Վերջին քսան տարում Հայաստանում ինքնասպանությունների դինամիկան աճել է եւ օրական միջին հաշվով 1,5,-2 ինքասպանություն է տեղի ունենում փաստորեն:
100 հազար բնակչին ընկնող ցուցանիշով` առաջատար են Երեւանը, Վայոց ձորը եւ Շիրակը, Շիրակում 100 հազար մարդուց մոտ 20-ը ինքնասպան է: Ըստ փորձագիտական չափանիշների` Եթե 100 հազար բնակչին մինչեւ 10 ինքնասպան է բաժին հասնում, ուրեմն հասարակությունը կոմֆորտային վիճակում է, եթե 10-ից 20 ինքնասպանություն է տեղի ունենում 100 հազ. բնակչի հաշվով, ուրեմն կա պրոբլեմ, իսկ 20-ից բարձրը ճգնաժամային վիճակի մասին է վկայում: Ասենք, որ այս իմաստով թեեւ Հայաստանում ճգնաժամ չէ, բայց աճի դինամիկա կա, միտումն է մեծանում, ուրեմն եւ մտահոգվելու խնդիր կա: Մանավանդ որ, ըստ մասնագետների, մեզ մոտ ավելի միջին տարիքի ինքնասպաններն են շատ, ի տարբերություն միջազգային վիճակագրության, ըստ որի այլ երկրներում ավելի գերակշռում են դեռահաս եւ մեծահասակ ինքնասպանները: Ընդ որում հետաքրքրական է, որ բարեկեցիկ Շվեդիայում, Շվեյցարիայում 100 հազար մարդուն մինչեւ 42 ինքնասպանության շատ բարձր թվեր են բաժին ընկնում: Ընդհանրապես` աշխարհում տարեկան ինքնասպանություն է կատարում մոտ 1 մլն մարդ, ինքնասպանությունների փորձերի թիվը տասնյակ անգամ ավելի մեծ են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով 2020 թ. 1, 53 մլն մարդ ինքնասպան կլինի, ինքնասպանյան փորձ անելու հակվածների թիվը տասնյակ անգամ ավելի մեծ կլինի: Ստացվում է, որ միջին հաշվով յուրաքանչյուր քսան րոպեն մեկ մարդ ինքնասպանություն կգործի, եւ յուրաքանչյուր 1-2 վայրկյանը մեկ սուիցիդալ փորձ կկատարվի:
Անկախ աշխարհի միտումներից` Հայաստանում առկա վիճակը ինքնասպանությունների աճի միտման տեսակետից իսկապես մտահոգող է, քանի որ մենք սակավաթիվ ազգ ենք, ու ամեն կյանքը մեզ համար կարեւոր է, դրա համար խիստ արդիական է դառնում ինքնասպանությունների պատճառների, կանխարգելման, լրատվական քաղաքականության եւ մասնագիտական մոտեցման խնդիրը, որոնց վերաբերյալ «Ազգը» զրուցել է հոգեբան Կամո Վարդանյանի հետ, որը նաեւ մեզ մատուցել է նյութում առկա տեղեկատվությունը: Հոգեբանի խիստ հետաքրքրական դիտարկումների մասին մեր հրապարակումը կներկայացնենք առաջիկայում:
«Ազգ»