Լրահոս
Օրվա լրահոսը

Թվերի հետ միշտ կարելի է մանիպուլյացիաներ անել

Հունիս 29,2012 10:54

Հարցազրույց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ

-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է իր վերջնական զեկույցը, որտեղ մասնավորապես ասված է, որ չնայած մայիսի 6-ի ընտրություններն անցել են առավելապես «մրցակցային, դինամիկ եւ խաղաղ» ընտրարշավի պայմաններում, ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության խնդիրը մնում է չլուծված։ Ընդունո՞ւմ եք այդ գնահատականը։
-Իսկ որո՞նք են հանրային վստահության չափանիշները։ Եթե չափանիշը ընտրողների մասնակցությունն է, ապա քաղաքացիների ակտիվության բարձր ցուցանիշը որեւէ կերպ չի խոսում վստահության պակասի մասին։ Եթե ոչ՝ հարց է առաջանում. ինչպե՞ս են չափել այդ վստահությունը, ինչի՞ հիման վրա են հանգել այդ եզրակացության։
Նույն կառույցը մեկ անգամ չէ, որ շեշտել է բարեփոխված Ընտրական օրենսգրքի կարեւորությունը, որպես լավ ընտրությունների անցկացմանը նպաստող դրական գործոն։ Եվ դա հասկանալի է, որովհետեւ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հիմքը պետք է լինի Ընտրական օրենսգիրքը, ընդհանրապես օրենքի գերակայությունը։
Եթե մարդիկ ընդհանուր դատողություններ են անում հանրային վստահության պակասի մասին, բայց որեւէ տրամաբանական փաստարկ, առարկայական փաստ չեն բերում, որ Ընտրական օրենսգրքի այս, այս, այս հոդվածների խախտում է տեղի ունեցել, եւ խախտումների ծավալն այնպիսին էր, որ կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա՝ սա ինձ համար առնվազն անհասկանալի, եթե չասենք՝ պարադոքսալ մոտեցում է։
Եթե կոնկրետ փաստեր չեք նշում, նշանակում է՝ ընտրական գործընթացը համապատասխանել է օրենսդրության պահանջներին։ Ուրեմն բարի եղեք ընդունել այդ ընտրությունները որպես իրականում բավական լավ, բարձր մակարդակով անցկացված միջոցառում։ Սա չի ասվում, փոխարենը ասվում է՝ լսել ենք, որ եղել են բազմաթիվ խախտումներ՝ ընտրակաշառքներ բաժանելու, վարչական ռեսուրսների չարաշահման, քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման դեպքեր եւ այլն։ Իսկ ո՞ւր են փաստերը։
Կա՛մ մի ասեք, որ ընտրությունները հիմնականում լավ են անցել, կամ ասեք, որ Ընտրական օրենսգրքի այս, այս, այս հոդվածների խախտումների համար լայն հնարավորություններ են ստեղծվել, այդ պայմաններում փաստացի եղել են այս, այս, այս խախտումները, ինչի հետեւանքով էլ խաթարվել է քաղաքացիների վստահությունը ընտրությունների հանդեպ։
Կարծում եմ, դիտորդական առաքելության գնահատականներն ուղղակի անլուրջ են, որովհետեւ փաստարկված հիմք չունեն։
-Ինչո՞վ բացատրել իրավիճակին ոչ համարժեք, նույնիսկ «պարադոքսալ» այդ մոտեցումը։
-Եվրոպական կառույցները, այդ թվում` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, կոչ են անում, հորդորում են քաղաքական կամք ցուցաբերել, պատրաստ լինել՝ անցկացնելու լավ ընտրություններ, հարգել մարդու իրավունքները, բայց, թվում է, շատ հաճախ հենց իրենք պատրաստ չեն ընդունել եւ բարձրաձայնել, որ Հայաստանը, ի տարբերություն հարավկովկասյան մյուս պետությունների եւ ԱՊՀ շատ երկրների, անցկացրել է օրինակելի ընտրություններ եւ իրականում կարող է օրինակ ծառայել նույն ԵԱՀԿ 56 երկրների համար, որոնցից շատերը կերազեին այդ կարգի ընտրություններ կազմակերպել։
Կրկնում եմ, մենք ունենք նորմալ բարեփոխված օրենսգիրք, որի որակը ընդունել է նույն կառույցը, որի դիտորդական առաքելությունն իր զեկույցում որեւէ փաստարկված խախտում չի նշում։ Ընդամենը հայտարարում է՝ մթնոլորտը այն չի եղել, վստահությունը բավարար մակարդակի վրա չէր… սրանք ընդհանուր ձեւակերպումներ են, որոնք իրականության հետ ընդհանրապես ընդհանուր եզր չունեն։
Ես կհասկանայի, եթե կոնկրետ փաստերով նշեին՝ վարչական ինչ լծակներ են օգտագործվել ընտրությունների ժամանակ, ինչպես եւ ինչ չափով են ազդել արդյունքների վրա։ Երբ կոնկրետությունը պակասում է, գնահատականները տեղափոխվում են կամայական մեկնաբանությունների դաշտ, որտեղ ամեն ինչ կարելի է ներկայացնել սեւ գույներով։ Դրա համար էլ ասում եմ՝ իրենք ուղղակի պատրաստ չեն իրերը կոչելու իրենց անուններով։ Հավանաբար չէին ակնկալում ականատես լինել այս որակի ընտրությունների, եւ իներցիայի ուժով նախապատրաստել են ստանդարտ մի զեկույց, որը նախորդներից շատ քիչ է տարբերվում։ Սա ավելի շուտ վկայում է այն մասին, որ այդ կառույցներն իրենք լուրջ վերափոխման կամ բարեփոխման կարիք ունեն։
Ամենայն հարգանքով վերաբերվելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախկինում ծավալած գործունեությանը եւ հռչակած արժեքներին՝ ազատ, արդար ընտրություններ, հավասար մրցակցություն, ժողովրդավարական հաստատություններ, մարդու իրավունքներ եւ այլն, պետք է ասեմ, որ այս առումով իրենք էլ մտորելու տեղ ունեն, որովհետեւ, ըստ էության, ավելի շատ գործում են ձեւավորված կարծրատիպերի, դոգմաների դաշտում եւ այդ կարծրատիպային մոտեցումներից չեն ուզում հրաժարվել։
-Զեկույցում ընդհանուր ձեւակերպումներից բացի կոնկրետ թվեր էլ են նշված։ Օրինակ, դիտորդները բացասական են գնահատել քվեարկության ընթացքը դիտարկված տեղամասերից 9,4 տոկոսի, եւ ձայների հաշվառման գործընթացը՝ 20 տոկոսի, այսինքն՝ մեկ հինգերորդի պարագայում։ Այդ թվերն օդի՞ց են վերցրել։
-Այդ կապակցությամբ կասեմ հետեւյալը։ Ինքս մասնակցել եմ նույն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը որպես դիտորդ, եւ գիտեմ, ինչ ասել է ընտրանքային կարգով դիտարկում։
Թվերի հետ միշտ կարելի է ցանկացած մանիպուլյացիա կատարել. այն, ինչը տեղի է ունենում մեր դեպքում։ Եթե կոնկրետ թվեր են նշում, պետք է հստակ ներկայացնեն՝ որ ընտրական տեղամասում ինչ խնդիրներ են արձանագրվել, ում կողմից, ինչ հանգամանքներում, ինչ քայլեր են ձեռնարկվել դրանք վերացնելու համար։
Այլապես ստացվում է, որ գնահատականներ են տալիս՝ ոչ թե ելնելով նրանից, թե գործընթացներն ինչքանով են համապատասխանել Ընտրական օրենսգրքի դրույթներին, այլ սրանից-նրանից լսածի հիման վրա։ Եթե գրեին՝ տեղամասերից այսքանում բամբասանքների այսքան տոկոս է արձանագրվել, կարծում եմ, ամեն ինչ իր տեղը կընկներ։
-Այսինքն՝ ընտրական գործընթացն անթերի՞ է եղել։
-Որեւէ մեկը չի ասում, թե ընտրություններն անթերի են անցել։ Իհարկե եղել են բացթողումներ, թերություններ։ Ոչինչ կատարյալ չէ մեր կյանքում, այդ թվում՝ ընտրությունները։ Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ ժողովրդավարության կայացած ավանդույթներ ունեցող երկրներին։
Բայց քննադատությունը պետք է միտված լինի գործընթացի առողջացմանը, ոչ թե «ոչնչացմանը»։ Այն, ինչ իրենք արել են՝ ավելի շատ հիասթափության տեղիք է տալիս նույն այդ կառույցի նկատմամբ։

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930