ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նարինե Ռշտունին մտադիր է հանդես գալ հաղորդագրությամբ՝ կապված ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու գործի հետ Հիշեցնենք, որ Արսեն Արծրունու բողոքի հիման վրա դատական նիստը տեղի է ունենալու հուլիսի 2-ին, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Չի բացառվում, որ այդ օրը դատարանը որոշում կայացնի:
Նարինե Ռշտունին հիշեցնում է, որ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի 1996թ. դեկտեմբերի 10-ի թիվ 10 դատավճռով Արսեն Արծրունին դատապարտվել է 1961թ. մարտի 7-ին ընդունված քրեական օրենսգրքի 72 հոդվածով (12 տարի ժամանակով), 17-100 հոդվածով (12 տարի), 17-99 հոդվածի 8-րդ կետով (մահապատիժ): ՀՀ քրեական օրենսգրքի 2001թ. մայիսի 21-ի փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-143-Ն օրենքով 104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել եւ, ինչպես տեղեկացրել ենք, Արսեն Արծրունին դիմել էր դատարան՝ դատավճիռը վերանայելու եւ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու միջնորդությամբ: Ն. Ռշտունին մեկ անգամ եւս շեշտում է, որ 2006թ. օգոստոսի 8-ին Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքի առաջին ատյանի դատարանը, ՀՀ գլխավոր դատապազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի միջնորդության հիման վրա, դատապարտյալ Արսեն Արծրունու վերաբերյալ ՀՀ քրօրի 72 հոդվածով, 17-100 հոդվածով եւ 17-99 հոդվածի 8-րդ կետով Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի 96թ. վերոհիշյալ դատավճիռը վերանայել է եւ կայացրել է որոշում՝ այն 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու մասին:
Ն. Ռշտունին տեղեկացնում է, որ 2011թ. դատարան դիմելուց հետո պարզվել է, որ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքի դատարանի 2006թ. նշյալ որոշման մեջ տեղ է գտել տեխնիկական սխալ՝ Արծրունուն ավելացրեցին եւս մեկ հոդված՝ 2 անձանց սպանություն, որը չկար դատավճռում: «Սխալի վրա ուշադրություն չի դարձրել ոչ գործին մասնակցած դատախազը, ոչ էլ իրավաբանական մասնագիտական չունեցող դատապարտյալ Արսեն Արծրունին»,- ասում է Ն. Ռշտունին, որի կարծիքով դատավորի անփութության հետեւանքով դատարանը կատարել է տեխնիկական սխալ: Ի դեպ, Aravot.am-ը Արծրունու գործի հետ կապված տեղեկացրել էր նաեւ, որ այս դատարանի որոշման նկարագրական մասում Արսեն Արծրունու անունից բացի նշված է ոմն Ռոբերտ Սահակյանի անուն:
Պաշտպանական կողմը ընթացող դատական գործընթացում պահանջում է, որպեսզի Արծրունու գործողությունները որակվեն 38-104 հոդվածի առաջին մասով, 2 առանձին դրվագներով, այսինքն՝ մահապատիժը պետք է փոփոխվի 12 տարի ազատազրկմամբ եւ Արծրունին ազատ արձակվի:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ այդ գործի քննությանը մասնակից ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը միջնորդել է ցմահ ազատազրկումը թողնել անփոփոխ: Ի դեպ, ըստ փաստաբան Ռ. Ռշտունու՝ դատախազի միջնորդությունը՝ թե ապացուցված են համարվել Արծրունու հանցանքները, անհիմն է եւ նպատակ է հետապնդում «ամեն կերպ անազատության մեջ պահել ցմահ ազատազրկման դատապարտված անձին, դրանով իսկ խաթարելով արդարադատության բուն էությունը»: Պաշտպանական կողմը (նաեւ Ռուբեն Ռշտունին) գտնում է, որ եթե Արծրունու կողմից կատարված առաջին սպանությունը, որի համար ինքն արդեն կրել է 12 տարի պատիժ, միացվի երկրորդ սպանության հետ մեկ հոդվածում, ապա տվյալ դեպքում դա պետք է դիտվի որպես կրկին անգամ նույն արարքի համար դատվելու դեպք: Հավելենք, որ ՀՀ փաստաբանների պալատի 30 փաստաբաններ ստորագրել են մի հայտարարություն, որտեղ մասնավորապես նշել են. «Ինչպես ընդունված է Հայաստանի դատական համակարգում, պաշտպանական կողմի ճշգրիտ, արդարացի դիրքորոշումը անտեսվում է դատախազության կողմից, ինչի պատճառով էլ Արսեն Արծրունին արդեն մեկ տարի է՝ ապօրինի գտնվում է անազատության մեջ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ