Այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում տեղի է ունեցել Բայանդուր Պողոսյանի, Դանիել Իոնիսյանի և Հասմիկ Սիմոնյանի` «Մեկ ազգ» ազգայնական կազմակերպության դեմ ներկայացրած հայցի քննության վերջին նիստը, որի ընթացքում դատավոր Անի Մինասյանը հրապարակել է դատավճիռը:
Հայցը բավարարվել է մասնակիորեն: Դատարանը պարտավորեցրել է «Մեկ ազգ» կազմակերպությանը մեկամսյա ժամկետում հերքել Դանիել Իոնիսյանի և Բայանդուր Պողոսյանի մասին հրապարակած վիրավորական արտահայտությունները և ներողություն խնդրել:
«Մեկ ազգ»-ը նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ նշված քաղաքացիները, մասնավորապես, ասել են, թե «իրենք դատապարտում են պայքարը աղանդների, սեռական փոքրամասնությունների դեմ», որ նրանք «գաղափարական վիժվածքներ» են և «առանց միասեռականների չեն պատկերացնում Հայաստանը»:
Դատավորը չի բավարարել հայցը՝ տվյալ արտահայտություններ զրպարտություն որակելու մասով, այլ դրանք համարել է վիրավորանք: Հասմիկ Սիմոնյանի մասով հայցը չի բավարարվել:
Դանիել Իոնիսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք այդուհանդերձ գոհ են դատավճռից, քանի որ դա ստեղծում է նախադեպ Facebook-ի հարթակում ևս թույլ տված հրապարակային արտահայտությունների համար պատասխանատվություն կրելու, ինչը մինչ այս, կարծես, տարածվում է միայն ԶԼՄ-ների վրա: