Հունիսի 27-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդ քաղաքում տնից անհետացել է 21-ամյա Ա. Մ.-ն: Ամուսինը կարծել է, որ կինը՝ երեքուկես ամսական աղջկա մայրը, գնացել է իրենց փոքրիկի համար կաթ բերելու: Երկու ժամ անց անհանգստանալով՝ նա դիմել է ոստիկանություն: Գիշերը ոստիկանները եւ հարազատները որոնել են կորած կնոջը: Հունիսի 28-ին,առավոտյան ժամը 6-ի սահմաններում Բերդի ծայրամասում գտնվող ամուսնու այգում, ծառից կախված վիճակում գտել են Ա. Մ.-ին:
Ա.Մ.-ն ամուսնու երկրորդ կինն էր: Ընտանիքը համերաշխ է եղել, թեեւ գտնվել է սոցիալական վատ վիճակում`բազմաբնակարան շենքում գտնվող նրանց բնակարանի պատերին մեծ ճեղքեր կան:
Բերդի բնակիչներից տեղեկացանք, որ Ա. Մ.-ն տետրերի մեջ հոգեւոր բնույթի գրառումներ էր անում, Աստծուն բողոքում իրենց նյութական վատ վիճակից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ