Արտակ Նազարյանի մահվան գործով հունիսի 27-ի դատական նիստում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանն ամբաստանյալ զինվոր Ադիբեկ Հովհաննիսյանին հարցրեց, թե վերջինս գիտի՞ նախաքննության մարմնի կողմից իրեն առաջարկված այն փաստաբանի անունը, ում չվստահելով՝ Ադիբեկը հրաժարվել է նրա ծառայություններից: Ամբաստանյալն ասաց, որ չգիտի: Ծովինար Նազարյանը հայտարարեց, որ դա եղել է փաստաբան Ռադիկ Պապյանը, ում ներկայումս նույն դատարանում դատում են խարդախության մեղադրանքով (այս մասին Aravot.am-ը նախկինում տեղեկացրել է): Դահլիճը ծիծաղեց: Դատավոր Սամվել Մարդանյանն ասաց, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, հնարավոր է դատավարության արդյունքում Պապյանն արդարացվի:
Ադիբեկ Հովհաննիսյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանն ասաց, որ իր պաշտպանյալը, չունենալով իրավական գիտելիքներ, ինտուիտիվ ձեւով ճիշտ է վարվել, երբ հրաժարվել է նախաքննական մարմնի առաջարկած փաստաբանից: Ալվարդ Մնացականյանը հայտարարեց,որ քրեական գործում կա Աննա անունով փաստաբանի անունը, երբ մեղադրյալների ցուցմունքների եւ շահերի միջեւ հակասություն է առաջացել, նախաքննական մարմինը հերթով, բոլոր մեղադրյալներին առաջարկել է օգտվել այդ փաստաբանի ծառայությունից: Ալվարդ Մնացականյանի խոսքերով՝ ցավալի է, որ իրենց գործընկերների մեջ կան նախաքննական մարմնի համար գրպանային փաստաբաններ: Դատավոր Մարդանյանն ասաց. «Կոռեկտ չէ կոլեգաների մասին այդպես արտահայտվելը, եթե ունեք գրպանի փաստաբաններ, ասեք իմանանք, թե ո՞վ է գրպանի, ով՝ ծոցագրպանի, կոռեկտ չէ… Պատկերացրեք՝ մեկ ուրիշ դատական նիստում ձեր մասին նույն ձեւով արտահայտվեն: Չի կարելի…»
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ