Այսօր ԵԽԽՎ նիստում հայտարարվել է, որ Վեհաժողովի 28 պատվիրակներ ստորագրել են «Հոմոֆոբիկ բռնությունը բացահայտորեն քաջալերվում է Հայաստանի խորհրդարանի որոշ պատգամավորների կողմից» գրավոր հռչակագիրը:
Շվեդիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Սլովենիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի եւ Սերբիայի պատվիրակների ստորագրած այս փաստաթղթում հիշատակվում է, որ մայիսի 8-ն Երեւանում հրկիզվել է «LGBT friendly» բար, եւ հայ որոշ պատգամավորներ բացահայտորեն խրախուսել են այս հարձակումը: Եվ մասնավորապես՝ մեկը հայտարարել է, թե հարձակումն ամբողջովին ճիշտ էր եւ հիմնավորված, քանի որ LGBT անձանց իրավունքներին աջակցողները վարկաբեկում են հայկական ինքնությունը, իսկ երկու այլ պատգամավորներ վճարել են գրավը՝ կալանքից ազատելու համար, եւս մի պատգամավոր էլ հայտարարել է, թե հրկիզողները գործել են մեր հասարակության արժեքներին եւ ազգային գաղափարախոսությանը համաձայն:
ԵԽԽՎ 28 պատգամավորները կոչ են անում Հայաստանի իշխանություններին հրապարակավ ձերբազատվել նման հայտարարություններից, երաշխավորելով, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության եւ նաեւ ձեռք առնել միջոցներ՝ պաշտպանելու LGBT անձանց բռնություններից եւ խտրականությունից:
Հիշատակվել է նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականը՝ հասարակության մեջ հոմոֆոբիկ դիրքորոշումներին հակազդելու եւ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիման վրա խտրականության դեմ պայքարելու վերաբերյալ:
Կարդացեք նաև