Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանը մատնոցների նման 3 նախագահներին խաղացնում է, նրանցից երկուսին «քցելու» է»

Հունիս 28,2012 21:05

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մի քանի ուշագրավ հայտարարություն արեց: « Պարզ ձեզ ասեմ՝ միասնական շտաբը զոհաբերվեց իշխանությունների հետ ինչ-ինչ սակարկությունների միջոցով ինչ-ինչ արդյունքների հասնելու նպատակին: Այսինքն՝ 7 մանդատ ստանալու, վարչապետի պաշտոն, որն ակնկալում էր ստանալ ԲՀԿ-ն, ինչը տեղի  չունեցավ, եւ տեղի չունեցավ ոչ թե ՀԱԿ-ի հնարամտության շնորհիվ, որ Կոնգրեսը կարողացավ սեպ խրել, այլ պարզապես Սերժ Սարգսյանը չտվեց  ԲՀԿ-ին վարչապետի պաշտոնը: Հիմա ԲՀԿ-ն նույն ձեւով  կարող է վազել նախագահական ընտրությունների նախօրյակին, էլի ակնկալելով, որ նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը կարող է ստանալ: Դրա մասին Լեւոն Տեր-Պետրոսյան իմաստունը չի՞ մտածում»,- ասաց պարոն Հովհաննիսյանը: Նա չի համարում, որ ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի ներկայիս հարաբերությունների, կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու մեջ Լեւոն Տեր- Պետորսյանի ներդրումը կա. «Ես ձեզ մի պարզ ճշմարտություն ասեմ: Լեւոն Տեր-Պետրոսյանին չէ, որ հաջողվել է սեպ խրել ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջեւ: Նախ, որեւէ սեպ այնտեղ չկա, գոյություն չունի, որովհետեւ պետք է հաշվի առնել այն, որ մեզանում եղել են նախադեպեր, երբ քաղաքական կուսակցությունը դուրս է եկել կոալիցիայից եւ ժամանակավոր դարձել է ընդդիմություն, հետո վերադարձել է կոալիցիա եւ իշխանություն: Օրինակ՝ ՀՅԴ-ն, որը Մարտի 1-ից հետո ըստ էության համագործակցեց իշխանության հետ՝ պատճառաբանելով, որ պետք է նպաստի Մարտի 1-ի հետեւանքների հաղթահարմանը, երկար ժամանակ պահպանեց որոշակի լծակներ թե՛ իշխանության մեջ եւ թե՛ իշխանության հետ փոխհարաբերություններում: Այդպես կանի նաեւ ԲՀԿ-ն»:

Հաջորդ հայտարարությունը, որ արեց Հմայակ Հովհաննիսյանը, հետեւյալն էր. «Ես ձեզ մի գաղտնիք բացեմ: 3 նախագահներն էլ դիտվում են որպես 2013-ի նախագահական ընտրությունների հնարավոր մասնակիցներ: Այդ 3-ն էլ այս կամ այն չափով հավակնությունններ ունեն: Սերժ Սարգսյանը կոնկրետ ավարտվում է իր ժամկետը եւ հնարավորոությու ունի 2-րդ անգամ վերընտրվել, Տեր-Պետրոսյանը՝ որովհետեւ նա անշուշտ չի ցանկանա, որ իր Կարապի երգը լինի այդ 7 տխրահռչակ մանդատները եւ Ռոբերտ Քոչարյանը, որովհետեւ գիտակցում է, որ սա իր վերջին շանսն է՝ վերադառնալու հրապարակային ակտիվ քաղաքականություն, հակառակ դեպքում 2018-ին կլինի լրիվ այլ իրավիճակ ու հանգամանքներ: Բայց Գագիկ Ծառուկյանը ասես մատնոցների նման այս երեքին խաղացնում է եւ չի ասում՝ շարիկը ում տակն է: Այնուամենայնիվ, բոլորին պարզ պետք է լինի, որ այդ 3-ից 2-ը քցված են լինելու, այդ 3-ից 2-ին Գագիկ Ծառուկյանը քցելու է: Որ այդ 2-ից մեկը լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ես դա հաստատ ձեզ ասում եմ, իսկ երկրորդը թե ով կլինի՝  Սերժ Սարգսյանը թե Ռոբերտ Քոչարյանը՝ ես դա չգիտեմ: Բայց որ մեկը լինելու է Տեր-Պետրոսյանը, որ նա ունի 2 քցվողների մեջ բրոնյա՝ դա ես ձեզ ասում եմ՝ հաստատ: Ես  դա կարող եմ կանխատեսել եւ պատասխանատու եմ իմ այդ քաղաքագիտական կանխատեսման համար: Այ 2-րդ քցվողի համար ես միանշանակ չեմ կարող ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930