Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան. «ԲՀԿ-ի 37 պատգամավորները ավելի քիչ են խոսել ԲՀԿ ծրագրերից, քան Տեր-Պետրոսյանը»

Հունիս 28,2012 20:27

«Երկրորդ նման իրավիճակ որեւէ երկրում չէր գտնվի, երբ իրեն դոմինանտ ներկայացնող ընդդիմադիր ուժի առաջնորդը իր հանրահավաքային ելույթը նվիրում է մեկ այլ ուժի մարտավարության, ռազմավարության, մոտեցումների մեկնաբանություններին»,- Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀԱԿ առաջնորդի վերջին հանրահավաքի ելույթը:

Նրա խոսքերով՝ «Դա ապշեցուցիչ էր ինձ համար, որովհետեւ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ծրագիրը, իր մոտեցումները, եւ անհասկանալի էր, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթը նվիրում է ոչ թե ՀԱԿ-ի 4-ամյա գործունեությանը գնահատական տալու հարցին, ոչ թե առաջիկայում Կոնգրեսի անելիքներին, մասնավորապես, բոլորին այսօր հետաքրքրում է այն հարցը, թե ինքը կառաջադրվի՞ նախագահի թեկնածու, թե չի առաջադրվի, ոչ թե մեկնաբանում է այն, որ ՀԱԿ-ը վերցրեց 7 մանդատ եւ հնարավոր գտավ 7 մանդատով մուտք գործել ԱԺ, այլ՝ ԲՀԿ-ի ծրագրերը: ԲՀԿ-ի 37 պատգամավորները, որոնք արդեն 1 ամիս է՝ աշխատում են որպես այդ ֆրակցիայի պատգամավորներ, նրանք բոլորով միասին ավելի քիչ են այս 1 ամսվա ընթացքում խոսել ԲՀԿ-ի նպատակների, ծրագրերի, մոտեցումների մասին, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իր ելույթում:

ՀԱԿ առաջնորդը չի բացատրում, թե ինչու ՀԱԿ-ը, որպես  ընդդիմադիր դոմինանտ, ինչպես իրենք են հորջորջել, չկարողացավ կազմակերպել հետընտրական զարգացումներ: Դա հնարավորություն տվեց ՀՀԿ-ի պարագլուխներին հայտարարելու, որ քանի որ չեղան  հետընտրական զարգացումներ, քանի որ ժողովուրդը չբողոքարկեց հանրահավաքներով, զանգվածային երթերով, ինչպես դա եղավ ՌԴ-ում, ուրեմն նշանակում է՝ այն գնահատականը, որ ընտրությունները  չեն արտացոլում քաղաքական ուժերի իրական դասավորությունը՝ հիմնավոր չէ: Հետընտրական միակ զարգացումն այն էր, որ Սերժ Սարգսյանի հրամանով Գագիկ Ծառուկյանը փակել տվեց միասնական շտաբը»:

Ըստ պարոն Հովհաննիսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտավոր էր բացատրել, թե ինչու ընդդիմությունը գնաց խորհրդարան՝ իր այդ որոշմամբ  հնարավորություն տալով Հովիկ Աբրահամյանին բացատրելու, որ խորհրդարանական ամբիոնը գերադասելի է արտախորհրդարանական զարգացումներից:

Քաղաքագետի գնահատմամբ՝ այն, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընտրությունների մասին ամփոփ գնահատականը տալիս է ընտրություններից 1.5 ամիս հետո, նրա համար է, որ հետեւի, թե տվյալ երկրում ինչ հետընտրական զարգացումներ են եղել. «Եթե ընդդիմությունը չի կարողանում կամ ավելի շուտ չի ցանկանում կազմակերպել զանգվածային բողոքի հավաքներ, հանրահավաքային հետընտրական ալիք բարձրացնել, դա հիմք է ծառայում միջազգային կառույցներին ասելու, որ ընտրությունների արդյունքները միանգամայն ընդունելի են, եւ չպետք է վիճարկվեն»:

Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, առաջին նախագահի գնահատականը, որ Հայաստանում այս ընտրություննների արդյունքում իրավիճակ է փոխվել՝ մերկապարանոց եւ անհիմն գնահատական է, որը որեւէ քաղաքագիտական հիմնավորում չունի. «Ամբողջ ցավն այն է, որ Հայաստանում ընտրությունների արդյունքում ոչինչ չի փոխվել, ՀՀԿ-ն չի բեռնաթափվել եւ պահպանում է 50+1% ներկայությունը խորհրդարանում, պահպանում է իր քաղաքական մենաշնորհները»: Մեր դիտարկմանը, որ ՀԱԿ-ը նկատի ունի վերջին օրերին ԱԺ-ի ակտիվ քննարկումները՝ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Լսեք, ջուր ծեծոցին  իրավիճակի փոփոխությո՞ւն է, այդ քննարկումներն ի՞նչ են՝ գոլորշու բացթողում են, դա ցիրկ է՝ անվճար կրկես: Ժողովուրդը ցանկություն ունի կոնկրետ արդյունքի, ոչ թե այդ անվճար կրկեսին հետեւելու, մենք արդյունքի չենք հասել»:

Պարզվում է՝ Կոնգրեսը հիասթափեցրել է անձամբ իրեն՝ Հմայակ Հովհաննիսյանին եւ հենց Կոնգրեսն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն են պատճառ դարձել, որ Հմայակ Հովհաննիսյանը մտել է ԲՀԿ ցուցակ. «Ես ձեզ մի գաղտնիք բացեմ: Ես, լինելով մի մարդ, ով Մարտի 1-ին կանգնած էր ժողովրդի կողքին, Մարտի 1-ի գիշերը գտնվել է նույն հարթակում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, չլինելով Կոնգրեսի անդամ՝ իրեն համարում է համաժողովրդական շարժման ամենաակտիվ առաջամարտիկ անդամ: Կոնգրեսը համաժողովրդական  շարժումը դրեց մի կաղապարի մեջ, որն ամենեւին էլ չնպաստեց այդ շարժման հզորացմանը: Դրա համար ես ինքս Կոնգրեսի անդամ չեմ դարձել: Եթե չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի աշնանային հայտնի վերլուծությունը, ես երբեք չէի համաձայնվի, եւ իմ մոտեցումներով, լինելով ընդդիմադիր քաղաքական մտածող, չէի ընդունի ԲՀԿ-ի  հրավերը, չէի համաձայնի մասնակցել ընտրություններին՝ ԲՀԿ-ի հետ: Եվ իմ նման  շատ շատերը՝ համաժողովրդական շարժման մասնակիցները այդ ելույթի շեշտադրումները հաշվի առնելով՝ իրենց համար ընդունելի համարեցին աջակցել ԲՀԿ-ին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930