«aravot.am» կայքի հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում Գյումրի քաղաքի բնակիչ Ռ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` սպանության փորձ կատարելու եւ ապօրինի կերպով զենք կրելու համար:
Քրեական գործով մասնավորապես պարզվել է, որ 2012թ. հունիսի 10-ին Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին Գյումրի քաղաքի բնակիչներ Է. Գրիգորյանը եւ վերջինիս հորեղբոր որդի Գ. Գրիգորյանը վիճաբանել են Ռ. Սարգսյանի քրոջ ամուսնու` Ա. Խաչատրյանի հետ եւ Ա. Գոմցյանին պատկանող «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել Ա. Խաչատրյանի ուղղությամբ:
Այնուհետեւ Ռ. Սարգսյանը, Գյումրի քաղաքում հայտնաբերելով հիշյալ ավտոմեքենան, հետապնդել է եւ վրեժխնդիր լինելու նպատակով, «Լակի» ակումբի մոտ, Ա. Գոմցյանին կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ատրճանակից երեք կրակոց է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, վնասել ավտոմեքենան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել եւ դեպքի վայրից հեռացել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ռ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Ռ. Սարգսյանը կալանավորվել է:
Միջոցներ են ձեռնարկվում` հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Գլխավոր դատախազություն