ԵԽԽՎ-ում դեռեւս մեծ հարցականի տակ է ԵԽԽՎ 1416 բանաձեւի կատարման` Խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեության հետագա ճակատագիրը: Հիշեցնենք, որ ժամանակին այդ ենթահանձնաժողովի ստեղծման գաղափարախոսն ու ամենամեծ ջատագովը ԵԽԽՎ նախկին նախագահ, Թուրքիայի ներկայացուցիչ Մեւլութ Չավուշօղլուն էր: Ադրբեջանական կողմն այս նախաձեռնության ամենամեծ պաշտպանն է, իսկ հայկական պատվիրակությունը տրամագծորեն հակառակ մոտեցման կրողն է: Հայկական պատվիրակությունն այսպիսի` ԼՂ հիմնախնդրով զբաղվող որեւէ նոր ձեւաչափով մարմնի ձեւավորումը աննպատակահարմար է համարում` հայտարարելով, թե այն կարող է խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունենրին:
Aravot.am-ը փորձեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից ճշտել այդ ենթահանձնաժողովի ճակատագրի վերաբերյալ նրա տեսակետը: Վերջինս իր բացասական վերաբերմունքն , ըստ էության, ի ցույց դրեց հարցադրմամբ` «ի՞նչ ենթահանձնաժողով»: Այդուամենայնիվ, անդրադառնալով մեր հարցադրմանը, Դավիթ Հարությունյանն ասաց. «Ես չեմ կարող շատ լավատես լինել այդ աշխատանքի հաջողության վերաբերյալ, այն իմաստով, որ Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարություններ է արել, թե` մինչեւ հարցերը եւ վեճերը տարածքների վերաբերյալ չլուծվեն, նա Հայաստանի իշխանությունների հետ որեւէ համագործակցության եզր ունենալը չի պատկերացնում կամ չի պատրաստվում որեւէ ձեւով համագործակցել նրանց հետ: Դրանից էապես տարբերվում է ադրբեջանական պատվիրակության ղեկավարի, առնվազն, բանավոր խոսքը, եւ մեր հարցադրումը հետեւյալն է. եթե դուք նշում եք մի բան, որին, կարծես թե, հակառակ հայտարարություն հնչել է Բաքվից, միգուցե դուք գրավոր ներկայացնեք ձեր դիրքորոշումը եւ ոչ թե բանավոր, որ պատրաստ եք որեւէ նախապայման չդնելով համագործակցելու մեզ հետ։ Համենայնդեպս, նման հարցադրում մենք հնչեցրել ենք շատ վաղուց` դեռ կես տարի առաջ, եւ մինչ այս պահը որեւէ գրավոր փաստաթուղթ չենք ստանում, փոխարենը միշտ ստանում ենք նման բանավոր հայտարարություններ»:
ՀՀ պատվիրակության ղեկավարին հարցրինք` արդյոք այն, որ, ի տարբերություն Մեւլութ Չավուշօղլուի, ԵԽԽՎ գործող նախագահ Ժան Կլոդ Մինյոնը եւս հակված չէ կամ գոնե ոգեւորված չէ այդ ենթահանձնաժողովի վերակենդանացման հեռանկարով, կարո՞ղ է նպաստավոր լինել այդ ենթահանձնաժողովի հնարավոր վերակենդանացման հարցը վերջնականապես փակելու համար, պարոն Հարությունյանն ասաց. «Ես ձեռնպահ կմնամ նման կանխատեսումներ անելուց, որովհետեւ նա (Մինյոնը) մի կողմից` մամուլի ասուլիսում, մյուս կողմից` դահլիճում փոքր-ինչ այլ բան ասաց: Նրա արտահայտած երկու մտքերում, կարծես, որոշակի հակասական հատվածներ կային: Այնուամենայնիվ, դարձյալ կանխատեսումներ չանելով, կարող եմ ասել՝ մենք գիտենք, թե որն է մեր հիմնական մոտեցումը եւ դրանից չենք շեղվելու: Եթե հիշում եք, չնայած Չավուշօղլուի համառ ջանքերին եւ Վեհաժողովում նրա բացարձակ ազդեցությանը, այնուամենայնիվ, առաջին իսկ օրվանից մենք հայտարարել էինք, որ այս ձեւով չեն աշխատում, եւ որ մենք էլ այն պատվիրակությունը չենք, ում թեւերը ոլորելով հնարավոր է արդյունքի հասնել: Կարծում եմ, դա ճիշտ էր: Եթե մենք իսկապես պատրաստվում ենք լուրջ արդյունքի հասնել` երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ դա նշանակում է փոխադարձաբար ընդունելի մոտեցումներ: Եթե երկու կողմերն էլ անկեղծ են` մենք արդյունքի կհասնենք: Սա, իհարկե, ամենեւին չի կարող հանգել վեճի լուծման, բայց մթնոլորտի փոփոխության, ինչ-որ իմաստով կարող է հանգեցնել, եթե երկու պատվիրակությունները գիտակցում են դրա անհրաժեշտությունը»:
Ա1+-ի թղթակցի հարցին, թե` ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը ժամանակին ադրբեջանական պատվիրակությանը «հրադադարի» կոչ էր արել` առաջարկելով փոխադարձաբար ձեռնպահ մնալ իրար դեմ հարձակումներից եւ քննադատությունից, ԼՂ հարցի շահարկումից, ինչին ադրբեջանցիներն ընդառաջ չեկան, ուստի՝ արդյոք հայկական պատվիրակությունը պատրաստվո՞ւմ է միակողմանիորեն ձեռնպահ մնալ Ադրբեջանի հասցեին քննադատությունից, Դավիթ Հարությունյանն ասաց. «Մենք այս անգամ մորատորիում չենք հայտարարել, այնպես որ այս նստաշրջանի ընթացքում որեւէ, առավել եւս, միակողմանի մորատորիում չկա»:
Կարդացեք նաև
Ի տարբերություն ԵԽԽՎ դիտորդական առաքելության հրապարակած զեկույցի, որը Դավիթ Հարությունյանը կոշտ քննադատության էր ենթարկել նաեւ օրերս ու հենց ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ զեկույցը նրա դիտարկմամբ, առավել փաստարկված համարեց. «Զեկույցը, իհարկե, առավել փաստարկված էր, թեեւ շատ փաստարկների կամ եզրակացությունների հետ ես համաձայնել չեմ կարող: Կան վիճելի կետեր, որոնց վերաբերյալ կարելի է, գոնե, բանավիճել: ԵԽ զեկույցը, ցավոք, մեծամասամբ չի պարունակում դրույթներ, որոնց վերաբերյալ կարելի է փաստարկված բանավիճել, որովետեւ հակառակ կողմն ասում է` ես փաստարկներին չեմ տիրապետում, ես այլոց կարծիքների հիման վրա եմ գրել, իմ հետ ինչո՞ւ եք բանվիճում: Դրանով նա քեզ դնում է բավականին տարօրինակ իրավիճակի մեջ: Դու համաձայն չես նրա հետ, բայց հակառակ կողմը չի կարող բանավիճել քեզ հետ , նա ընդամենը պնդում է ու վերջ: Սա, իհարկե, բավականին անհեթեթ մոտեցում է»:
ՀՀ պատվիրակուէթյան ղեկավարի կարծիքով, ԵԱՀԿ դիտորդների անգամ դրական արձագանքները ԵԽԽՎ զեկույցում ներկայացվել են բավականին բացասական համատեքստում, եւ Դավիթ Հարությունյանի ձեւակերպմամբ` «դա արված է շատ հմուտ ձեւով»: Արդյոք ԵԽԽՎ-ի` հայաստանյան ընտրությունների վերաբերյալ քննադատական զեկույցը որոշակի միտումների մասին է վկայում: Դ. Հարությունյանն ասաց, որ նման պնդում անելու համար փաստեր չունի, բայց ընդհանուր քաղաքական գնահատական կարող է տալ. «Այո, այստեղ տեսնում եմ արհեստական, բավականին հմուտ կատարաված աշխատանք, որն ունի մեկ նպատակ` թողնել բացասական տպավորություն»;