Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, ընթանում է կնոջը սպանելու մեջ մեղադրվող Ա. Դ.-ի դատաքննությունը:
Մեղադրական եզրակացության համաձայն` նախորդ տարվա աշնանը Ա.Դ.-ն Ստեփանավան քաղաքի հանգստյան տներից մեկի պահակակետում ալկոհոլային հարբածության վիճակում խանդի հողի վրա վիճաբանել է իր կնոջ` 29-ամյա Ի. Շիշլոյի հետ եւ, նրա գլխի շրջանում մարմնական վնասվածքներ հասցնելով, կնոջը զրկել կյանքից:
Դատարանում 58-ամյա ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը միշտ էլ համատեղ կյանքի ընթացքում ծեծել է կնոջը, բայց սպանել չի ցանկացել:
«Ծեծել եմ, որ սխալ բաներ եմ տեսել, ծեծել եմ»,-ասում է նա:
Կարդացեք նաև
Վկաներից Լ.Բ.-ի դատաքննական ցուցմունքով պարզվեց, որ երբ ինքը մտել է պահակակետ, հատակին արյան հետքեր է նկատել, վարագույրի հետեւում էլ նկատել է տուժողին` արյունոտված:
«Շիշլոն հազիվ էր արձագանքում, վրան ուշք չկար, Ա. Դ-ն էլ վախեցած էր, գույնը գցած, լարված, զրուցելիս, ասում էր` էս ինչ արեցի, ու լացում էր հոնգուր-հոնգուր»,-դատարանում պատմում էր վկան` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ամբաստանյալը ալկոհոլային խմիչք ընդունած ժամանակ միշտ էլ աչքի է ընկել ոչ համարժեք վարքագծով:
«Որ խմում է, վիճակը կտրուկ փոխվում է, այլ ռեակցիաներ է սկսում մոտը»,-բացատրում է նա:
Տուժողի հայրն էլ, թեեւ նախաքննության ընթացքում պահանջել էր աղջկա ամուսնուն պատժել օրենքի ողջ խստությամբ, այժմ դատարանում հայտարարեց, որ ամբաստանյալի դեմ բողոք չունի, դրա կարիքը ուղղակի չկա. «Ինչ կարիք կա հիմա բողոքելու, պահանջ չունեմ»:
Բոլոր վկաները միաբերան պնդեցին, որ հաճախակի են տեսել Շիշլոյին կապտուկներով ու վնասվածքներով:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ