Aravot.am-ը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ համամի՞տ է ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի այն կարծիքին, որ ՀԱԿ-ը սիրաշահում է ԲՀԿ-ին՝ նրա կապիտալը՝ ընտրազանգվածը օգտագործելու համար: Պարոն Մանուչարյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ գոյություն ունեն ինչ-ինչ հաշվարկներ, որով առաջնորդվում են տարբեր ուժեր, թե ԲՀԿ, թե ՀԱԿ, թե ՀՀԿ և թե այլք: Դա այսօրվա քաղաքական ցավալի վիճակից է, որտեղ քաղաքական ուժերը զբաղված են քաշքշուկով, որ առավելագույնս ստանան տնտեսական լծակներ, պետական պաշտոններ, ձեռք բերեն հարստություն և դիրք»: Պարոն Մանուչարյանի կարծիքով՝ սա մի մոդել է, որը Հայաստանը կրկնում է՝ նմանակելով Գերմանիայից, Անգլիայից և այլ երկրներից:
Խ. Հարությունյանի մյուս դիտարկման առումով, թե Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքը մասնակիցների թվով համեստ էր ներկայացված, պարոն Մանուչարյանը հիշեց իր փորձից մի դրվագ. « Երբ Հայաստանում բավականին կոշտ և տոտալիտար համակարգ էր հաստատվել Արկադի Վարդանյանի ձերբակալությունից հետո, ես հիսուն հոգանոց հանրահավաք եմ անցկացրել, քանի որ մարդիկ վախենում էին դուրս գալ: Բայց այն մեծ նշանակություն ունեցավ, քանի որ բոլորը ոտքի կանգնեցին և հաղթանակեցին վախը: Այնպես որ, մարդիկ համեստ են իրավիճակի կոնտեքստում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև