Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել են վաղօրոք հայտարարված մրցույթի արդյունքում ընտրված աշխատանքներից մեկի՝ քանդակագործ Դավիթ Մինասյանի «Երեք դուդուկահարներ « քանդակի նախագծի և արծաթագործ-դիզայներ Արման Դավթյանի հեղինակած՝ «Հուշարձան ընթերցողին» քանդակի էսքիզային առաջարկները: Նիստին հրավիրվել և մասնակցել են Երևանի գլխավոր ճարատարապետ Նարեկ Սարգսյանն ու անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը։
Քննարկման ընթացքում անդրադառնալով «Երեք դուդուկահարներ» խմբակային քանդակին, ուր մեկտեղված են դուդուկի վարպետներ Ջիվան Գասպարյանը, Վաչե Հովսեփյանն ու Լևոն Մադոյանը, հանձնաժողովի անդամները, ի թիվս դրական այլ կարծիքների, նշել են, որ նման մոտեցումով առանձնակի շեշտվում է սերունդների միջև կապն ու համերաշխությունը: Մասնագիտական քննարկման արդյունքում Էսքիզային առաջարկը հավանության է արժանացել հանձնաժողովի անդամների կողմից: Հեղինակին հանձնարարվել է շարունակել աշխատանքն ու այն հասցնել ավարտին:
Նշենք, որ «Երեք դուդուկահարներ» քանդակը կկառուցվի հովանավորչական միջոցներով և նախատեսվում է տեղադրել Աբովյան 32 շենքի հարևանությամբ:
Կարդացեք նաև
Արման Դավթյանի հեղինակած «Հուշարձան ընթերցողին» քանդակի գաղափարը հայ գրատպության 500-ամյակն ու Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելն է, նպատակը՝ գրքի և ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելը։
Ներկայացված էսքիզային առաջարկը նախորդ նիստի ընթացքում հանձնաժողովի անդամների դիտողությունների արդյունքում հեղինակի կողմից լրամշակված տարբերակն է:
Հանձնաժողովի անդամների մեծամասնության կարծիքով ներկայացված տարբերակում դրական փոփոխություններն ակնհայտ են: ՈՒստի հեղինակին հանձնարարվել է շարունակել աշխատանքը, իսկ հանձնաժողովի անդամներին՝ առաջարկություններ ներկայացնել տեղադրման վայրի վերաբերյալ :
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն