Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հրանուշ Հակոբյանի եւ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին դուդուկի համահայկական փառատոնի նպատակներն ու միջոցառումները:
Հրանուշ Հակոբյանն ասաց, որ փառատոնը կնպաստի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը. «Խորագիրը պատահական չէ ընտրված, այն մեծ ոգեւորություն է առաջացնում մեր հայրենակիցների շրջանում: 2000-ից ավելի մասնակցության հայտ ենք ստացել, սակայն միջոցառումների համար ընտրվել են առավել պրոֆեսիոնալ խմբերը: Բացի ելույթներից, մասնակիցները նաեւ երգի ու պարի վարպետության դասընթացներ կանցնեն»:
[/video]
Կարդացեք նաև
Հունիսի 29-ից «Կասկադ» համալիրում մեկնարկելիք փառատոնն ընթանալու է առանձնացված միջոցառումերով՝ «Պարարվեստի օրեր», «Երգչախմբային արվեստի օրեր», «Անհատ կատարողների ելույթներ» եւ «Դուդուկի համահայկական փառատոն»: Սամվել Հարոյանը տեղեկացրեց, որ բացմանը շքերթով հանդես կգան պարախմբեր եւ ելույթներով՝ անհատ կատարողներ. «Այնուհետեւ կլինի հրավառություն, իսկ հուլիսի 1-ից սկսած՝ խմբերը ելույթներ կունենան մարզերում եւ Արցախում: Փառատոնը կփակվի սեպտեմբերին, եւ կամփոփվեն արդյունքները»:
Նշենք, որ առաջին անգամ անցկացվող «Դուդուկի համահայկական փառատոնին» մասնակցում են դուդուկահարներ Հայաստանից եւ սփյուռքից: «Դուդուկի փառատոնի» գեղարվեստական ղեկավար Գեւորգ Դաբաղյանը նշեց, որ հրավիրվածներ կան Ֆրանսիայից, Արգենտինայից, Ռուսաստանից եւ Կանադայից. «Մասնակիցները խանդավառված են: Փառատոնը կնպաստի հայ դուդուկի ճանաչմանը: Դուդուկը կհնչի ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում եւ Գավառում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ