Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի առաջ, «Դատարանը ավազակապետի խաղալի՞ք», «Ազատություն Տիգրանին», «Սերժի կամակատար դատարան» ցուցապաստառներով, «Պահանջում ենք արդարություն» ֆեյսբուքյան խմբի անդամները ակցիա էին կազմակերպել: Այդ ժամին պետք է լիներ ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը, եւ նախատեսված էր, որ նիստի ժամանակ մեղադրական ճառով հանդես պիտի գար մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, ինչից հետո երիտասարդները ներկայացնելու են իրենց պաշտպանական ճառերը:
Սակայն պաշտպան Ստեփան Ոսկանյանը միջնորդություն էր ներկայացրել, որ վատառողջ լինելու պատճառով իրեն անհրաժեշտ է ամբուլատոր բուժում, ուստի խնդրել էր հետաձգել դատական նիստը: Չնայած Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Արտակ Կարապետյանը խնդրեցին շարունակել դատական նիստը, անկախ պաշտպանի ներկայությունից, բայց դատավորը մի քանի անգամ պնդեց՝ ուրեմն հրաժարվո՞ւմ եք Ձեր պաշտպանից՝ կամ պետք է հրաժարվեք նրանից կամ առարկեք ձեր պաշտպանի միջնորդությունը: Տիգրան Առաքելյանի խոսքերով՝ «այս պահին պաշտպանի կարիք չենք զգում, կարող ենք շարունակել դատական նիստը», սակայն վերջիններս պաշտպանից չհրաժարվեցին, ուստի դատական նիստը հետաձգելու միջնորդությունը բավարարվեց: Դատական նիստին չէր ներկայացել նաեւ մեղադրող կողմը:
Սարգիս Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումից ակնկալիքները մեծ չեն. «Ամենայն համոզվածությամբ կարող եմ ասել, որ սկիզբ առած ապօրինությունները շարունակվելու են, եւ բացառում եմ, որ դատարանը կամ մեղադրող կողմը որոշում կարող են կայացնել օրենքի տառին համապատասխան: Նրանք նորից պետք է փորձեն ապացուցել, որ մենք հանցագործ ենք, իսկ ոստիկաններն իրենց ծառայողական պարտքն են կատարել, այնինչ իրենք իրականում ոստիկանության հանցագործությունը կոծկելու նպատակ են հետապնդում»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ակցիային՝ Սարգիսը վստահեցրեց, որ դրանով չեն ուզում դատարանի վրա հոգեբանական ճնշում գործադրել, ուղղակի դա վերաբերմունք է՝ դատական պրոցեսի ու այս իրավիճակի վերաբերյալ: Սարգիսը նաեւ նշեց, որ իրենց համար անսպասելի էր պաշտպանի չգալը. «Հավանաբար անսպասելի երեւի առողջական խնդիրներ է ունեցել»:
Դավիթ Քիրամիջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատարանի վերաբերմունքն իր համար դեռեւս անորոշ է. «Եթե դատախազի վերաբերմունքը կոնկրետ է, որ շինծու էր եւ բոլոր հիմքերն ուներ մեզ արդարացնելու եւ գործը կարճելու, հաշվի առելով, որ դատական նիստը շարունակվում է, դատախազի վերաբերմունքն արդեն պարզ է, իսկ դատավորինը պարզ չէ»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստները մեղադրվում են անցած տարվա օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու համար: Միջադեպին մասնակցած 6 ակտիվիստները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է: Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ