Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն անդրադառնալով Խորհրդարանական Վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովին՝ ասաց, թե Ադրբեջանը պաշտպանում է այդ հանձնաժողովի ստեղծման գաղափարը. «Առանց նման, այսպես կոչված, հանրային շփումների՝ մեր դիրքորոշումները մոտեցնելն անհնարին կլինի, իսկ ԵԽԽՎ-ն դրա համար հիանալի հարթակ է, որովհետեւ այստեղ աշխատում են ժողովրդի ներկայացուցիչներ: Սա խորհրդարանական ձեւաչափ է, որը որեւէ առնչություն չունի բանակցային գործընթացի հետ: Մինսկի խումբը զբաղված է իր աշխատանքով, եւ մենք որեւէ կերպ չպետք է փոխարինենք դրան: ՄԽ-ն ունի իր մանդատը, որը մենք պաշտպանում ենք: Ե’վ մենք ենք քննադատում ՄԽ-ին, ե’ւ դուք, բայց դա արդեն այլ խնդիր է: Իսկ սա խորհրդարանական ձեւաչափ է, որտեղ մենք պետք է աշխատենք ավելի ակտիվ, որպեսզի ավելի շատ շփումներ հաստատենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:
Մեր դիտարկմանը, թե իրականությունն այն է, որ մինչեւ հիմա հայկական եւ ադրբեջանական պատվիրակություններն այս հարթակն օգտագործում են ավելի շատ միմյանց քննադատելու եւ մեղադրանքներ ներկայացնելու համար, ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հակադարձեց. «Որպեսզի փոխադարձ մեղադրանքներ չլինեն` պետք է ավելի շատ շփվել միմյանց հետ: Ի դեպ, դա ԵԽԽՎ նախագահի հետ մեր քննարկած գլխավոր հարցն էր»:
Արձագանքելով մեր հարցին` բայց կա՞ն արդյոք խնդիրներ, որոնց առնչությամբ հայաստանյան եւ ադրբեջանական պատվիրակությունները կարող են իրենց դիրքորոշումներում ընդհանուր մոտեցումներ ունենալ, Սամիդ Սեիդովը ոչ միայն դրական պատասխան տվեց, այլեւ մանրամասնեց. «Այո, այդպիսի շատ հարցեր կան, որոնցից գլխավորը Լեռնային Ղարաբաղի հարցն է: Դա ամենակարեւոր հարցն է, որն առավել շատ է հետաքրքրում երկու երկրներին եւ տրամաբանական չէր լինի այդ` Հայաստանի եւ Ադրբեջանի համար ամենակարեւոր այդ հարցը, մի կողմ թողնել եւ զբաղվել որեւէ այլ բանով: Դրա համար է, որ մենք առաջարկում ենք մեր երկուսի համար կենսական կարեւորության այդ հարցը քննարկել»:
Երբ մենք ադրբեջանական պատվիրակության ղեկավարին հիշեցրինք, որ ԼՂ հիմնախնդիրն էլ հենց այն հարցն է, որի առնչությամբ կողմերի մոտեցումները տրամագծորեն տարբեր են` վերջինս նկատեց. «Իսկ դուք գիտե՞ք աշխարհում որեւէ այլ ձեւ, քան երկխոսությունն է, ընդհանուր լեզու գտնելն այն հարցերում, որտեղ տարաձայնություններ կան: Կա մի եղանակ եւս` չշփվել, բայց դա նշանակում է` հարցին լուծում չորոնել: Եթե դուք խնդիր ունեք` պետք է այն քննարկել: Հարցի լուծման այլ մեխանիզմ աշխարհում գոյություն չունի»:
Սեիդովն ասաց, թե ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը երբեք դեմ չի եղել հայկական պատվիրակության հետ շփումներին կամ դրանց հաստատմանը: Նա մատնանշեց, թե նախկինում հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունները հոյակապ շփումներ են ունեցել ամենատարբեր հարցերի առնչությամբ, այդ թվում` պատանդների փոխանակման, անհետ կորածների եւ այլն: «Այդպիսի հարցերը միշտ քննարկվել են երկու պատվիրակությունների միջեւ: Մեկը ճիշտ չէր լինում, մյուսը… Բայց այլ կերպ ինչպե՞ս կարելի է երկխոսել. առաջարկեք ինձ այլ ճանապարհ: Այն գոյություն չունի, իմ սիրելիներ»,- ասաց Սեիդովը` հավելելով, որ մասնավորապես ԼՂ հարցի շուրջ երկխոսության մյուս հարթակը` ԵԱՀԿ Մինսկի խումբը փակ բանակցություններ է վարում: «Մենք նույնիսկ չգիտենք այն մանրամասները, որոնք բանակցությունների ժամանակ քննարկում են երկու երկրների նախագահները, եւ դա ճիշտ է, որովհետեւ դա այնքան նրբին եւ ցավոտ հարց է, որ հիմա այդ բանակցությունները գաղտնազերծելուց հետո խոսակցություններ կլինեն ձեր հասարակության ներսում, մեր հասարակության ներսում: Դրա համար եմ ասում` ՄԽ-ն երկխոսության դիվանագիտական ձեւաչափ է եւ չպետք է այդ ձեւաչափը շփոթել կամ նույնացնել խորհրդարանականի հետ: Այդ դեպքում, եկեք լուծարենք բոլոր խորհրդարաններն ու ասենք` կա նախագահական կառավարում, թող բոլոր հարցերը լուծեն: Բայց մենք այդպես չենք անում չէ՞, մենք մեր երկրներում ավելի շատ լիազորություններ ենք տալիս խորհրդարաններին: Ինչո՞ւ ենք մենք այդպես վարվում մեր երկրներում, իսկ այստեղ հրաժարվում ենք խորհրդարանական ձեւաչափով քննարկումներից»:
Մենք ադրբեջանական պատվիրակության ղեկավարից հետաքրքրվեցինք նաեւ, թե իր դիտարկմամբ` ինչպե՞ս կզարգանան ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեության հետ կապված զարգացումները, եւ արդյոք ԵԽԽՎ նախագահի անձնական դիրքորոշումն այս համատեքստում կարող է որոշակի ազդեցություն ունենալ կամ անգամ վճռորոշ լինել: Հիշեցնենք, որ ԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողով ստեղծելու գաղափարի ջատագովը Թուրքիայի ներկայացուցիչ, ԽՎ նախկին նախագահ Մեւլութ Չավուշօղլուն էր, մինչդեռ նորընտիր ֆրանսիացի նախագահ Ժան Կլոդ Մինյոնը ԵԽԽՎ-ում հրավիրված իր ասուլիսում հայտարարեց, թե անձամբ ինքը դեմ է այդօրինակ հանձնաժողով ստեղծելուն:
«Ես կարող եմ ասել իր դիրքորոշումը. իմ, Ադրբեջանի դիրքորոշումն է` աշխատել, աշխատել եւ էլի աշխատել: Դա միանշանակ է: Ցավոք, այս երեք բառը ես կարող եմ հակառակն ասել հայկական պատվիրակության դեպքում` չաշխատել, չաշխատել եւ էլի չաշխատել: Դե, երեւի, պետք է էլի մի որոշ ժամանակ, որպեսզի Սամիդ Սեիդովն ու Դավիթ Հարությունյանը հանգեն ավելի մեծ փոխըմբռնման, բայց, կարծում եմ` այլ ճանապարհ, միեւնույնն է, չկա,- ասաց պրն Սեիդովը:- Այդ հարցն անձնավորել չի կարելի: Ես ունեմ իմ կարծիքը, դուք` ձեր, Դեյվիդը (նկատի ունի հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին-խմբ.)` իր, դե, հիմա ի՞նչ անել: Կա նաեւ օբյեկտիվ իրականություն, որը հաշվի է առնվում»:
Կարդացեք նաև
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ