Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև հարաբերությունների օրակարգը:
Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կարևորվել է Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումը: Անդրադարձ է եղել Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման Հայաստան-Եվրամիություն բանակցություններին, մարդկանց տեղաշարժի դյուրացման, ինչպես նաև մեր երկրի բարեփոխումներին աջակցելու ձևաչափի շուրջ ԵՄ-ի հետ ծավալված երկխոսությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը, վերահաստատելով Եվրոպական միության հետ Հայաստանի սերտ համագործակցության պատրաստակամությունը, ընդգծել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր ԵՄ-ի հետ մերձեցումը և եվրաինտեգրման քաղաքականությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել այս տարվա մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին:
Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը նշել է, որ կարևոր է շարունակել Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխումները, թեև կայացած խորհրդարանական ընտրությունները, Քեթրին Էշթոնի խոսքով, լավագույնն էին Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»