Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Միայն երկխոսության եւ շփումների ճանապարհն է, որ կարող է հանգեցնել ԼՂ հիմնախնդրի լուծմանը, եւ մենք կողմնակից ենք դրան: Ես բազմիցս եմ ասել. կան Լեռնային Ղարաբաղի հայեր` արժանավոր մարդիկ, կան Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներ` արժանավոր մարդիկ: Լավ, մենք` ԵԽԽՎ-ում չենք ուզում հանդիպել: Եկեք բերենք նրանց այստեղ` ԼՂ-ի հայերին եւ ադրբեջանցիներին, որոնք ապրել են Ղարաբաղում ու եւս քաղաքացիներ են, թող նրանք իրար հետ զրուցեն: Լավ, այդ մենք չենք կարողանում ընդհանուր շփման եզր գտնել, բայց այդ մարդիկ տասնամյակներով, հարյուրամյակներով ապրել են միասին, միգուցե, նրանք իրար հետ լեզու գտնեն, ինչո՞ւ ենք մենք` քաղաքական գործիչներս խառնվում նրանց գործերին: Դրանք երկու համայնքներ են, որոնք ապրել են այնտեղ` Լեռնային Ղարաբաղում. նրանցից մեկն ապրում է, մյուսը տեղահանվել է: Դե, եկեք այստեղ նրանց դիմավորենք, թող հանդիպեն, ինչո՞ւ ոչ: Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայը չի կարող հանդիպել ադրբեջանցուն Լեռնային Ղարաբաղից»:
Այսպես ստացվում է, որ դուք այս կամ այն կերպ ճանաչում կամ ընդունում եք ԼՂ-ի ինքնուրույն գոյությունը, մինչդեռ մինչ այս Ադրբեջանի տեսակետն այն է եղել, որ հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է: Մեր այս հարցադրմանը պրն Սեիդովը պատասխանեց. «Ոչ, այդպես չի ստացվում: Դուք էլի անում եք այն սխալը, որն անում են ձեր լրագրողները: Դրանք մարդիկ են: Մենք չենք միջամտում բանակցային գործընթացին: Դուք հիմա ձեր հարցով մտաք Մինսկի խումբ: Իսկ ես կես ժամ է ասում եմ` եկեք չխառնվենք ՄԽ-ին, եկեք խոսենք կոնկրետ մարդկանց մասին, նրանք իրենց խնդիրներն ունեն: Եկեք խոսենք մարդասիրական խնդիրների մասին: Դրանք մարդիկ են, ովքեր այսօր ապրում են Լեռնային Ղարաբաղում, որոնք քշվել են Լեռնային Ղարաբաղից, ինչո՞ւ այդ մարդիկ չհանդիպեն միմյանց հետ եւ չքննարկեն: Ես խորհրդարանական եմ, ես ԼՂ հայկական եւ ադրբեջանական համայնքների միջեւ շփումների կողմնակից եմ»:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Ստրասբուրգ