Բանաստեղծ Վահե Արսենը ի թիվս 20 երկրների ներկայացուցիչների, մասնակցել է Ռոտերդամի պոեզիայի միջազգային փառատոնին եւ տպավորված վերադարձել Հայաստան: Ի դեպ, նա առաջին հայ հեղինակն է, ում գիրքը («Կանաչ աստվածների վերադարձը») հոլանդերեն է թարգմանվել: Արտերկրում հաջողություններ գրանցած երիտասարդ բանաստեղծը նեղսրտում է, որ Հայաստանում միշտ պատի է հանդիպում:
«Հիշում եք, թե մեր երկրի մշակութային գերատեսչությունն ինչպես ինձ կրճատեց-հանեց «Գրական տապանի» ցանկից: Հայաստանում ինձ միայն խանգարում են, ասես գոյություն չունենամ: Այստեղ կան «յուրային» խմբավորում-ոհմակներ, որտեղ մի պատառը բերում՝ մի քանի հոգով հոշոտում են կամ էլ իրենց մեջ որոշում են, թե ոհմակից որ մեկին այդ տարի մեծ պատառ բաժին հանեն: Դրա համար Հայաստանում չկա գրական մթնոլորտ, ընդամենը ձեւական շքերթ է, շչակներ, որոնք ազդարարում են Երեւանի՝ գրքի մայրաքաղաք լինելը: Իրականում դա մեծագույն սուտ է. գրքի մայրաքաղաքում գոնե տրանսպորտում կամ մետրոյում մեկի ձեռքին գիրք պետք է տեսնես: Գրքի մայրաքաղաքի կազմակերպիչները պետք է գրողներին ներգրաված լինեն, իսկ ես ոչ մի իրական գրողի չտեսա էդ գործում: Իհարկե մի քանի պալատական գրողներ գովեցին տոնը, չէ՞ որ պալատականներն էդպես են՝ խլրտում են ժամանակավոր թագավոր-թագուհիների ոտքերի մոտ: Ռոտերդամում ես շփվեցի փառատոնի փորձագետների ու տնօրենի հետ՝ բոլորը բարձրագույն էրուդիցիայով ու իրենց գործից տեղյակ մարդիկ էին: Բոլորը գիտեին 3-ից ավելի լեզուներ, հոյակապ տիրապետում էին գրական պրոցեսներին եւ գրականությանն առհասարակ: Ռոտերդամում պոեզիան իրական արժեք էր, ոչ թե նոստալգիկ ինչ-որ բան»,-հայտարարում է Վահե Արսենը:
Բանաստեղծի հետ հարցազրույցը՝ տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ