Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եվրոպական դատարանի մեսիջը. «Անթույլատրելի է այս գործելաոճը, որ կա Հայաստանի հանրապետությունում»

Հունիս 28,2012 15:34

Փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն այսօր «Վարկած» ակումբում դժգոհում էին Հայաստանի արդարադատությունից: «Հայաստանում դատարանները իրականում արդարադատություն չեն իրականացնում ու բազմաթիվ խախտումներ են թույլ տալիս, որի պատճառով պետությունն է տուժում»,- ասաց Լ. Սահակյանը՝ բողոքելով, որ մեր երկրում անձի ազատության իրավունքի խախտման դեպքերը լուրջ խնդիրներ են առաջացնում: Ըստ նրա, փաստաբանների առաջարկություններին՝ կալանավորումը լինի բացառիկ խափանման միջոց, ոչ թե յուրաքանչյուր գործով բնականոն ընթացք, անուշադրության է մատնվում.«Դատարանները դատողի գործառույթ են իրականացնում, եւ շատ են դեպքերը, երբ դատարանները արտատպում են մեկ այլ գործի որոշում, երբ նախկին գործի անուններն են մնում այդ որոշման մեջ»:

Փաստաբանը հիշեցրեց Կամո Փիրուզյանի գործով եվրոպական դատարանի՝ Հայաստանի դեմ ընդունած որոշումը, որով Հայաստանի դատական ատյանների ընդունած վճիռները ճանաչվել են իբրեւ մի շարք խախտումներով կայացված: Կամո Փիրուզյանը մեղադրվում էր ավազակային հարձակման ու սպանություն կատարելու փորձի մեջ եւ 8000 եվրո փոխհատուցում կստանա պետբյուջեից. «Կա Փիրուզյան, բազմաթիվ այլ գործեր, որոնցով եվրոպական դատարանը հստակ սահմանեց, որ այլեւս անթույլատրելի է այս գործելաոճը, որ կա Հայաստանի Հանրապետությունում, եւ որ անձինք համատարած կալանավորվում են, ու այսօր էլ շարունակվում են ապօրինի կալանքները»: Փաստաբան Վարոսյանն էլ վստահ է, որ մեր դատական սխալներն օրենքի բացթողնման արդյունք չեն. «Օրենքները միշտ էլ փոփոխման կարիք ունեն , բայց եթե այսօրվա ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը գործի այն տեսքով, ինչ տեսքով, որ գործում է՝ այս խնդիրների առաջ չենք կանգնի» :

Լ. Սահակյանն էլ հավելեց. «Մեզ մոտ սայլը տեղից չի շարժվում, անընդհատ ինչ-որ բարեփոխումների մեջ ենք, բարեփոխենք, բարեփոխենք… ինչ լինում է՝ ասում ենք օրենսդրական բաց»:

Փաստաբանները չունեն վիճակագրություն, թե տարեկան Հայաստանի Հանրապետությունն ինչքան է պետբյուջեից փոխհատուցում տրամադրում Հայաստանի դատական սխալների համար, բայց պարոն Վարոսյանը վստահեցրեց, որ շատ, ավելի շատ՝ քան մեր երկրի պետբյուջեն է:

Լ. Սահակյանն էլ ասաց, որ այս պահի դրությամբ մոտ 30 գործ են ներկայացրել եվրոպական դատարան, բայց 40-ից ավելի որոշում է արվել Հայաստանի հետ կապված, իսկ երեք գործի համար էլ արդեն 3 տարի է որոշման են սպասում. «Ես սա համարում եմ մեծ քանակություն՝ Հայաստանի համար: Եթե 10 գործով պատասխանատվության ենթարկվեին դատավորները, այլեւս նման խախտումներ չէին լինելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930