Մեղրու տարածաշրջանի Լիճք գյուղի բնակիչները տասնյակ տարիներ շարունակ օգտվում են ազբեստե խողովակներով հոսող ջրից: Գյուղացիները դժգոհում են, որ ամբողջ աշխարհը վաղուց հրաժարվել է ազբեստից, մինչդեռ իրենք այլընտրանք չունենալով՝ խմում են ազբեստե խողովակաշարով գյուղ եկող ջրից:
Գյուղում վերջին տարիներին 26 մարդ է մահացել քաղցկեղից, ինչը տեղաբնակներին հիմք է տալիս կասկածելու, որ պատճառը գյուղի խմելու ջրի ազբեստե ջրագիծն է:
Տիկին Վարդուշը 30 տարի է՝ գյուղում է բնակվում: Ասում է, որ միշտ էլ այդ ջրից են օգտվել, գյուղացիներից շատերը դժգոհում են առողջությունից: «Ջուրը խիստ անորակ է: Բացի այն, որ ազբեստե խողովակի ջրից ենք օգտվում, այն նաեւ գետի ջուր է, որն օգտագործում ենք ե’ւ ճաշ եփելու, ե’ւ լողանալու, ե՛ւ լվացք անելու համար, ուրիշ ջուր չունենք: Նույնիսկ լվացքի մեքենաներն են շարքից դուրս եկել, մարդկանց հիվանդություններն էլ ու գրանցված մահվան դեպքերն էլ լուրջ մտածելու տեղիք են տալիս, որ ազբեստն է եղել մահացության պատճառ», – ասում է գյուղի բնակչուհին:
Խմելու ջրագիծը փոխելու հարցը Լիճքի գյուղապետ Հովհաննես Միրզոյանը միշտ կարեւորագույն է համարել գյուղում եւ ամեն առիթի բարձրացրել խնդիրը: «2.5 կմ ազբեստի խողովակաշարով է ջուրը հասնում գյուղ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 10 մլն դրամ է հատկացրել նոր ջրագծի կառուցման համար մետաղապլաստե խողովակներ ձեռք բերելու համար: Մի մասն արդեն գնել ենք, գումարը չի բավականացնում մնացյալ խողովակները ձեռք բերելու համար: Այդ ուղղությամբ աշխատում ենք, անհրաժեշտ 5 մլն դրամ գումարը հենց հաջողվի գտնել, գյուղացիների ուժերով կփոխենք ջրագիծը: Գյուղն այլ խնդիրներ էլ ունի, բայց առաջնահերթը սա էր, 26 մահացու դեպք է եղել գյուղում, ինչը շատ մտահոգիչ է, եւ մենք կապում ենք ազբեստի ջրագծի հետ: Գետի ջրից ենք օգտվում, քանի որ աղբյուրները գյուղից բավականին հեռու են եւ այդ աղբյուրների ջրերը չեն բավականացնի գյուղին ու զորամասին, բացի այդ՝ ամռանն էլ գյուղ եկողները շատանում են», – նշում է Լիճքի գյուղապետը:
Կարդացեք նաև
Լիճքում այս խնդիրը լուծելուց հետո հաջորդ հրատապ խնդիրը բարձրադիր այս գյուղում համարում են ճանապարհների նորոգման հարցը, որն օրակարգում ջրագծի փոխելուց հետո երկրոդ տեղում է:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ