Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ա. Մանուչարյան. «Օսկանյանի՝ ճաղերի հետում հայտնվելը բարոյապես անթույլատրելի է»

Հունիս 28,2012 14:36

«Սերժ Սարգսյանը թող լսի Կոմիտաս, կարդա Նարեկացի, Սաշա Մելքոնյան»,- «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը այսպիսի խորհուրդ է տալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Պարոն Մանուչարյանը, վերլուծելով այն արտաքին քաղաքական իրավիճակը, որում հայտնվել է ՀՀ-ն՝ նշեց. «Ռուսաստանի ազդեցությունը սրընթաց մոտենում է զրոյի: Անգամ այն ուժերը, որոնք ներկայանում են՝ որպես պրոռուսական ուժեր,  եթե մի քիչ փորփրեք, կտեսնեք, թե որտեղից են նրանց փողերը գալիս»:

Ներքաղաքական խնդիրներին պարոն Մանուչարյանը գերադասեց քիչ անդրադառնալ, քանի որ, իր կարծիքով,  այն, ինչ Հայաստանում համարում ենք քաղաքականություն՝ հեռու է դասական քաղաքականությունից: Միայն ասաց, որ իր կարծիքով՝ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում հանդես կգա սեփական թեկնածուով, սակայն անուններ չնշեց:

Վերլուծելով կառավարության ծրագիրը, պարոն Մանուչարյանը փոշեծծիչը հիշեց. «Մենք մի մեծ փոշեծծիչ ենք դրել Հայաստանի կենտրոնում, որը կազմված է նախարարներից և օլիգարխներից, որոնք հավաքում են  ողջ բնակչության փողերը: Փողը կենտրոնանում է օլիգարխների ձեռքում, ինչպես նաև կառավարությունում և իշխանության մեջ քողարկված օլիգարխների ձեռքում: Այդ փողը գնում է արտասահմանյան հաշիվներին, ունեցվածք ձեռք բերելու համար: Փաստորեն, մենք այդ փողով ֆինանսավորում ենք Արևմուտքի տնտեսությունը»:  Ուստի Ա. Մանուչարյանը այս համակարգում կառավարության ծրագրից ակնկալիքներ չունի:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամը կարծում է, որ մեր բոլոր նախագահներն էլ գտնվել են Արևմուտքի ձեռքի տակ և համարում է, որ ընդունելով ուրիշի աստվածներին, ընդունում ենք նաև նրա փիլիսոփայությունը և ամբողջովին դառնում կառավարվող: Վերլուծելով ՌԴ-ում տեղի ունեցող իրավիճակը՝ պարոն Մանուչարյանը նշեց. « ՌԴ-ն տառապում է  նույն հիվանդությամբ, ինչ Հայաստանը, նա էլ է գտնվում   արտաքին տիրապետման տիրույթում»:

Երբ պարոն Մանուչարյանը խոսեց Օսկանյանի շուրջ կատարվող իրադարձությունների մասին, Aravot.am-ը հետաքրքրվեց՝ հնարավո°ր է Օսկանյանը հայտնվի ճաղերի ետևում: Ա. Մանուչարյանը պատասխանեց. « Օսկանյանի՝ ճաղերի ետում հայտնվելը բարոյապես անթույլատրելի է: Քաղաքական, անգամ թվացյալ քաղաքական դաշտում,  որևէ մեկի ճաղերի ետևում հայտնվելը հարված է քաղաքական մշակույթին, և այդ իմաստով անթույլատրելի է, դա կլինի բարոյական հարված: Այստեղ մեկ  այլ՝ քաղաքական հարց էլ կա: ՌԴ-ի հետ հարաբերությունների ողնաշարը կազմում էր ԲՀԿ-ն, որը, համենայնդեպս, ներկայացված է այդպիսին, ուստի ՌԴ-ն պիտի շարունակի տեսնել դա, ուստի դրա համար բախում էր պետք անգլոամերիկյան համակարգի հետ: Փաստորեն, այս անգամ Օսկանյանի բախտը չբերեց, վաղը ձեր կամ իմը: Օսկանյանի շուրջ կատարվողի պատճառը նաև Ռուսաստանի գոյությունն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930