Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հունիսի 27-ի նիստում մեղադրող Հարություն Հարությունյանը շարունակեց հրապարակել ամբաստանյալ զինվոր Ադիբեկ Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքները, գործով վկա զինվորների հետ նրա առերեսման արձանագրությունները: Մեղադրողը վարժ չէր ընթերցում, ինչի պատճառով Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, մի քանի անգամ դահլիճում ռեպլիկ հնչեցրեց՝ «լիկկայան է»:
Նախաքննական փուլում վկաները ցուցմունք են տվել, որ Ադիբեկ Հովհաննիսյանը դիտողություններ է արել լեյտենանտ Արտակ Նազարյանին, որ վերջինս չի հետեւում իր անձնական հիգիենային, այդ պատճառով Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Արտակ Նազարյանի միջեւ մի քանի անգամ վեճ է եղել, նրանք հարվածել են միմյանց:
Ադիբեկ Հովհաննիսյանը դատարանում հայտարարեց, որ նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները ճիշտ չեն, քանի որ ինքը դրանք տվել է ծեծի եւ ճնշման տակ: Նա դեռեւս նախաքննության փուլում է հրաժարվել իր նախաքննական ցուցմունքներից:
Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւոգյանը մեջբերեց Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի պահանջը, որը պաշտպանի խոսքերով՝«իրավաբանության քերականությունն է, դրան տիրապետելը ցանկացած իրավաբանի խնդիրն է, եթե նա այդ կոչումն ստացել է եւ թուղթ ունի ձեռքին, առավել եւս՝ երբ դատախազ է, քննիչ, փաստաբան եւ այլն»: Այդ հոդվածի 6-րդ կետը պարտադրում է պաշտպանի պարտադիր մասնակցությունը, երբ քրեական գործով կասկածյալը կամ մեղադրյալը ժամկետային զինծառայող է»: Պաշտպանի այս մեջբերումը վերաբերում էր մեղադրող Հարություն Հարությունյանի կողմից դատարանում արած այն պնդումներին, որ Ադիբեկ Հովհաննիսյանին նախաքննության ընթացքում բացատրել են պաշտպան ունենալու նրա իրավունքը, սակայն վերջինս հրաժարվելէ պաշտպան ունենալուց:
Կարդացեք նաև
Պաշտպան Հրանտ Գեւորգյանը խիստ դժգոհեց, երբ մեղադրողը սկսեց հրապարակել ամբաստանյալ Ադիբեկ Հովհաննիսյանի եւ վկա Արթուր Մկրտչյանի առերեսման արձանագրությունը, Գեւորգյանը դատարանից պահանջեց արձանագրել, որ կրկին տեղի է ունենում քրեական դատավարության պահանջների խախտում, այսինքն՝ անթույլատրելի է առերեսման արձանագրության հրապարակումը, քանի որ Արթուր Մկրտչյանի այդ ցուցմունքը դատարանում դեռ չի հրապարակվել:
Ադիբեկ Հովհաննիսյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը հայտարարեց, որ գործով վկա զինվորները իրենց նախաքննական ցուցմունքներում հայտնելով Ադիբեկ Հովհաննիսյանի կողմից Արտակ Նազարյանին վիրավորանք հասցնելու եւ նրանց միջեւ ընդհարման դեպքերին իբր ներկա զինվորների անունները, կեղծ ցուցմունքներ են տվել՝ խառնելով «ականատեսների» անունները: Պաշտպան Մնացականյանը նկատի ունենալով նաեւ այն, որ նախաքննության ընթացքում Ադիբեկ Հովհաննիսյանը ծեծի եւ բռնության է ենթարկվել, դատարանին միջնորդեց Ա. Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքները համարել անթույլատրելի ապացույց եւ այն չդնել դատավճռի հիմքում:
Քանի որ դատական նիստին ներկա չէր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, եւ բնականաբար չէր կարող իրավական աջակցություն ցուցաբերել տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանին, հարցեր տալ ամբաստանյալ Ա. Հովհաննիսյանին, նիստը հետաձգվեց:
Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 3-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ