«Զանգակատուն» բարեգործական հ/կ-ի Երեւանի սոցիալական ծառայությունների կենտրոնը հոգեբանական, սոցիալական, կրթական եւ հոգեւոր ծառայությունների միջոցով օժանդակում է սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին՝ ուղղորդելով նրանց տարբեր խնդիրների լուծման ընթացքում: «Օրինակ, թոշակառուն տեղյակ չէ իրեն հատկացվող սոցիալական նպաստի իրական չափից, կամ ծնողը, օրվա մեծ մասն աշխատելով, չգիտի, որ երեխան դպրոց չի հաճախում: Ամեն օր կենտրոն է գալիս 40-45 երեխա, այդ թվում՝ երկկողմանի եւ միակողմանի ծնողազուրկ, առանց ծնողական խնամքի մնացած, գործազուրկ ծնողների եւ բազմազավակ ընտանիքների երեխաներ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է կենտրոնի համակարգող Նաիրա Քերոբյանը: Նա հայտնում է, որ «Զանգակատան» սաները ներգրավված են դասապատրաստման, բնապահպանական, ուլունքագործության, երգի, պարի եւ թատերական խմբակներում: 20-ամյա Արմեն Սարգսյանն, օրինակ, ավարտում է համար 1 արհեստագործական ուսումնարանի համակարգչային բաժինը եւ ցանկանում է մասնագիտանալ որպես ծրագրավորող: «Արդեն 5 տարի է, ինչ հաճախում եմ կենտրոն, որի սաների հետ հետաքրքիր է շփվել: Սիրում եմ բանավիճել, որովհետեւ զրույցների ընթացքում իմաստուն մտքեր եմ ձեռք բերում եւ զարգացնում խոսքիս կուլտուրան: Առավել շատ շփվում եմ կենտրոնի հոգեբանների հետ՝ ինքնահաստատվելով եւ ամրապնդելով ինքս ինձ»,- ասում է Արմենը: Նաիրա Քերոբյանի խոսքով՝ «Զանգակատանը» երեխաները չեն «կտրվում» ընտանիքներից. «Նրանք այստեղ են հաճախում դպրոցից հետո եւ մնում մինչ ժամը 6.30-ը, ինչը ծնողներին հնարավորություն է տալիս առանց երեխայի մասին մտահոգվելու աշխատել»: Կենտրոնի աշխատաոճում առանձնահատուկ կարեւորություն է տրվում դեռահասների հոգեւոր դաստիարակությանը: Տիկին Մխիթարյանը նշում է, որ բոլոր աշխատակիցները բավարար պատկերացում ունեն Հայ առաքելական եկեղեցու մասին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Վարդան սարկավագ Ասլանյանը կես տարի է, ինչ այցելում է «Զագակատուն» եւ հերթափոխում տարիներ շարունակ կենտրոնում կամավոր կերպով հոգեւոր խնամք իրականացնող մյուս սպասավորներին: Հոգեւորականը սաների եւ աշխատակիցների հետ շփվում է զանազան թեմաների շուրջ քննարկումների, ուխտագնացությունների ընթացքում եւ կենցաղում: «Հանդիպումների նպատակն է՝ հոգեւոր մտերմիկ զրույցների միջոցով կյանքում հանդիպող խնդիրների հաղթահարումը, հույսի եւ լավատեսության պարգեւումը: Հոգեւոր դաստիարակությունն այն ոլորտներից է, որի լիակատար արդյունքը նկատելի է դառնում տարիներ անց»,- նշում է Վարդան սարկավագը: Նա համոզվել է, որ օրեցօր հղկվում են դեռահասների բնավորության գծերը եւ անձնային որակները: Հոգեւորականի ասելով. «Սաները իրեն հիմնականում դիմում են ընտանեկան տարաձայնությունների եւ հասակակիցների հետ ունեցած խնդիրների շուրջ մտահոգություններով: Աշխատում եմ նայել աշխարհին իրենց աչքերով, նրբանկատորեն ուղղորդելով երեխաներին՝ ներշնչելով, որ ուժեղ են եւ միայնակ չեն»:
Մեր զրուցակիցը նաեւ փաստում է, որ սոցիալապես անապահով, ընտանեկան եւ կենցաղային խնդիրներ ունեցող խավը հատկապես խոցելի է աղանդների կողմից. «Զանգակատան» այցելուները ստանում են անհրաժեշտ հոգեւոր գիտելիքներ եւ լիովին բավարարված են իրենց հոգեւոր կյանքում, ուստի աղանդների շարքերում հայտնվելը նրանց չի սպառնում»:
15-ամյա Հռիփսիմե Մարտիրոսյանը սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցում, իսկ «Զանգակատանը» զբաղվում է երգով եւ նկարչությամբ: Ասում է. «Նախկինում էլ եղել եմ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, բայց բավարար գիտելիքներ չեմ ունեցել այդ մասին: Հոգեւորականի հետ զրույցներից հանգստանում եմ, բազմակողմանի տեղեկություն ստանում տարբեր թեմաների վերաբերյալ: Կենտրոն գալուց առաջ կոմպլեքսավորված էի, գիտելիքներ ստանալուն զուգահեռ՝ ինքնավստահությունս բարձրացավ եւ սկսեցի ավելի հեշտ շփվել մարդկանց հետ»: Հռիփսիմեն ընկերների հետ մտադիր է ռոք խումբ հիմնել եւ երգել, սակայն իրեն չի համարում որեւէ ենթամշակույթի անդամ. «Հոգեւորականի հետ խոսել ենք ենթամշակույթներից եւ տեղեկացել դրանց դրական ու բացասական կողմերին»:
Խաչիկ Միքայելյանը եւ Աննա Միսակյանը ստեղծագործում են, բանաստեղծություններ ու պատմվածքներ գրում: Դեռահասները միասին գրել են «Հայրիկ» երգը: Երկուսի հայրերն էլ մահացել են, երեխաները երգը նրանց են նվիրել: Շատ են ցանկանում այն ձայնագրել, սակայն հնարավորություն չունեն:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ