Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ է օպերային արվեստը մասսայականանալու TV-ներով

Հունիս 28,2012 14:02

Կամ համերգային ծրագիր, որը դիտարժան էր

Օպերայի արվեստի նոր «հերթափոխը»:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի եւ մեներգիչների օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած գալա համերգը իսկապես համապատասխանում էր ֆրանսիական բառի թարգմանությանը՝ հանդիսավոր տոնահանդես: Հաճելի էր դասական արվեստի մատուցման վարպետությունը, ինչն արտահայտվում էր արտիստների ոչ միայն վոկալ, այլեւ բեմական պահվածքի, կեցվածքի ու մանրապատումային բեմականացումների տեսքով, նույնիսկ մասնակից դարձնելով դիրիժորին: Համերգի դինամիկան պահպանվեց ողջ երեկոյի ընթացքում:

Նախքան երեկոն, առանց փակագծեր բացելու, թատրոնի երաժշտական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն «Առավոտին» հայտնել էր, որ համերգին ներկա հանդիսատեսը կտեսնի, թե ինչպես են «կատակում» երգիչները: Վերջին շրջանում չէինք հանդիպել մեներգերի ու դուետների, ինչպես, օրինակ՝ Ժ. Օֆֆենբախի Տիկնիկի երգը «Հոֆմանի հեքիաթները» օպերայից (մենակատար՝ Արծվիկ Դեմուրչյան), «Բարկարոլլա» (Սյուզաննա Մելքոնյան եւ Թամարա Դադոյան), Ջ. Ռոսսինիի «Կատուներից» զուգերգը (Աննա Մնացականյան, Քրիստինե Սահակյան), «Մանկական երգը» (Ալինա Փահլեւանյան), Ֆիգարոյի մեներգը «Սեւիլյան սափրիչը» օպերայից (Արնոլդ Քոչարյան), Դոն Ժուանի մեներգը Մոցարտի համանուն օպերայից (Գուրգեն Բավեյան), Մեֆիստոֆելի քառյակները Գունոյի «Ֆաուստ» օպերայից (Հայկ Տիգրանյան), Տոնիոյի մեներգը Դոնիցետիի «Գնդի դուստրը» (Պերճ Քարազյան), Լառայի «Գրանադան» (Գեւորգ Հակոբյան): Համերգին մասնակից էր նաեւ ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցի մանկական երգչախումբը (խմբավար՝ Է. Առաքելյան), որը նվագախմբի հետ փայլեց Շտրաուսի վալսով եւ այլն:

Երեկոյի ավարտից հետո համերգային ծրագրի ընտրության եւ աննկարագրելի անմիջական կատարումներից գոհ հանդիսատեսը ցանկություն էր հայտնում, թե լավ կլինի, որ նմանատիպ գալաները շարժեն նաեւ հայաստանյան TV-ների ուշադրությունը, որոնք հագեցած են երիտասարդական, երաժշտական, ժամանցային տարաբնույթ, հաճախ ոչ բարձրարվեստ ծրագրերով: Մինչդեռ TV-ներով սփռվող նման համերգներում դասականը, հանրամատչելին եւ հրաշալի ժամանցը կարելի է մեկտեղել:

Ոչ մի խոսք չհնչեցրինք թատրոնի նվագախմբի (կոնցերտմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյան) հասցեին, քանի որ «Առավոտի» հետ զրույցում վոկալ արվեստի «դաժան» քննադատներ, պրոֆեսորներ՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ -1 ամբիոնի վարիչ Սուսաննա Մարտիրոսյանը եւ Ռաֆայել Հակոբյանցը իրենց խոսքը սկսեցին նվագախմբի եւ դիրիժոր Դուրգարյանի հասցեին հնչեցրած գովերգով: «Ես ոչ թե քննադատ, այլ պարզապես ունկնդիր էի այս համերգում, որն ինձ դրական լիցքեր հաղորդեց: Լավ իմաստով մրցակցություն էր ծավալվել մեր երգիչների միջեւ: Հավանաբար դուք ուզում եք լսել, թե ով էր ամենա-ամենան կամ նրանից փոքր-ինչ ցածր, սակայն ես անուններ չեմ տա՝ հասկանալի պատճառով: Երգիչ կար, որ ավելի փորձառություն ուներ իր մյուս կոլեգայի համեմատ, ինչը, բնականաբար, անդրադառնում էր նրա ելույթի վրա,- ասաց տիկին Մարտիրոսյանը, շարունակելով,- այսօր էլ կոնսերվատորիայում ուսանում են հիանալի ձայնային տվյալներով օժտված երիտասարդներ: Կուզեի, որ օպերային թատրոնի ղեկավարությունը նրանց հետ կազմակերպեր հանդիպում՝ համերգի տեսքով: Այդ ձեւով նրանք կարող են լսել ու հետեւաբար պատկերացում կազմել թատրոնի վաղվա օրվա մասին»:

Ռաֆայել Հակոբյանցն էլ նշեց, որ լսելով երիտասարդ մեներգիչներին, վերջնականապես համոզվեց, որ թատրոնն ունի լավ պոտենցիալ, ցանկություն հայտնելով, որ կուզեր լսել ոչ թե մեկական բաս ու տենոր ձայներ, այլեւ մի քանիսին, ինչը միջոց է՝ իմանալու մեր «շուկայի» հնարավորությունները:

Մեր զրուցակիցները փաստելով, որ հաջորդ տարի Գյումրիում բեմադրված առաջին օպերային ներկայացման՝ Տիգրանյանի «Անուշի» 100-ամյակն է, երազեցին Գյումրիում եւս ունենալ օպերային թատրոն, միաժամանակ իրենց խոսքը հղեցին իշխանություններին՝ օպերային ներկայացումների համար էլ գումարներ գտնել, միայն այս ճանապարհով կհարստանա օպերային թատրոնի խաղացանկը, իսկ մեներգիչներն էլ ամիսներով հերթ չեն կանգնի բեմ բարձրանալու համար:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930