Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հունիսի 24-ից սկսել է հանրակրթական, նախնական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա եւ նախորդ տարիների շրջանավարտների հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն, ընդհանուր պատմություն, մաթեմատիկա, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն, ռուսաց լեզու, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն ու աշխարհագրություն առարկաների պետական ավարտական եւ միասնական լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը:Այս մասին Aravot.am-ին հայտնում է ԳԹԿ Մշակումների եւ կազմակերպչական բաժնի առաջատար մասնագետ Կարինե Հայրապետյանը:
Միասնական լրացուցիչ քննությանը կարող են մասնակցել` պարտադիր զինվորական ծառայությունից 2012 թվականին զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության 2012 թ. շրջանավարտները, 2011-2012 ուստարվա այն շրջանավարտները, ովքեր միասնական քննությանը հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցելու, առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել եւ բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները:
Միասնական քննությունների վճարից ազատվում են պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրվածները, առաջին ու երկրորդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաներն ու առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան անձինք:
«Առավոտի» խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ «ՎՏԲ» բանկը չի կատարում փոխանցումը: Կարինե Հայրապետյանի համոզմունքով, այդ խնդիրը արդեն լուծված է. «ԳԹԿ-ի հաշվեհամարը, որը տեղադրված է մեր կայքում, յուրաքանչյուր բանկից կարող են փոխանցում կատարել: Այո, մենք նույնպես այդ ահազանգը ստացել ենք»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ