Լրահոս
Օրվա լրահոսը

Գինի խմելը պատվիրան կատարելու պես է

Հունիս 28,2012 13:47

Մինչդեռ հայերը վերածվել են օղի խմող ժողովրդի

«Գինու մեջ խտացված են այն կոդն ու բաղադրիչները՝ օդ, ջուր, հող, մարդ, հեքիաթ, իրականություն, որոնք միասին ծնում են գինին, ուստի գինու մեջ ամբողջացած է երկրի համուհոտը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Հայաստանի գինեգործների միության եւ «Մարան» ընկերության նախագահ Ավագ Հարությունյանը: Նրա փաստում է, որ դա շատ երկրների տուրիզմի հիմքում է ընկած, սակայն հայոց մեջ գինին առանձնակի նշանակություն է ստանում, որովհետեւ այն ոչ թե զուտ հայոց աշխարհի, այլեւ որպես մարդկության համուհոտ է ընկալվում. «Վերջիվերջո մարդկությունն ու քաղաքակրթությունը սկիզբ են առել այստեղից: Առաջին անգամ էստեղ հայը վայրի խաղող է աճեցրել ու գինի պատրաստել: Այսինքն՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկը ոչ թե ակնկալում է, որ պետք է ուղղակի փորձի հայկական գինի, այլ ավելի խորը շերտերով է մոտենում գինու մշակույթին ու փիլիսոփայությանը: Ի դեմս հայկական գինու, ինքը դիտարկում է մարդկության վերադարձը դեպի նախնյաց արմատները: Եթե կարողանանք հետեւել եւ զարգացնել այս գաղափարը, ապա կունենանք հայակենտրոն գինու աշխարհ»:

Մեր զրուցակիցը նշում է, որ օտարերկրացի զբոսաշրջիկին պետք է մատուցվի միայն ճշմարտությունը. «Եթե մի սուտ շերտ ես դնում, այն վաղ թե ուշ ի հայտ է գալիս, եւ եթե ի հայտ էլ չգա, միեւնույն է՝ փչացնում է մյուս շերտերը: Ճշմարտությունն ասելը վերաբերում է թե բուն գինու որակին, տեխնոլոգիաներին ու մոտեցումներին, թե լեգենդներին եւ պատմություններին: Թե չէ երբեմն շատ ծիծաղելի է այն գիտակցությունը. «Երբ մենք կայինք, դուք ծառերի վրա էիք»… Գուցե դա այդպես է, բայց երբ նրանք եկան, մենք արդեն բարձրացանք ծառերի վրա: Ու այսպես 400-500 տարի հեռացանք քաղաքակրթությունից, նախ իսլամն է լուրջ ազդեցություն թողել մեր մշակույթի վրա, վերցրել մեզանից լավագույնը, բայց չթողել, որ հարստանանք, ապա ցարական Ռուսաստանը, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջացած վակուումը եւ այլն»:

Մասնագետը համոզված է, որ հիմա իսկական ժամանակն է՝ դարավոր շերտերից պեղենք-հանենք մեր մշակութային գոհարները ու ցույց տանք աշխարհին. «Որպեսզի կարողանանք հայկական գինին աշխարհին մատուցել, պետք է երկու բան փաստենք՝ առաջինը՝ որ տեխնոլոգիական առումով մեր գինին շատ լավն է եւ երկրորդ՝ ցույց տանք աշխարհին այն մշակութային շերտը, որում այդ տեխնոլոգիան ծնվել ու գտնվում է: Տեխնոլոգիական առումով Աստված մեզ չնաշխարհիկ հնարավություններ է տվել. այս լեռնաշխարհում ծնված եւ 10000 տարի մեր նախնիների ձեռքում կատարելագործված խողող: Հող, ջուր, արեւ, մարդկային բնույթ ու ինքնություն՝ պլյուս աստվածաշնչյան լեգենդը: Մնում է այս ամենը ճիշտ մատուցել՝ մաքրելով արդիական նեգատիվներից»:

Իսկ ինչո՞ւ են գինու պաշտամունք, հարուստ ավանդույթներ եւ ծիսակարգեր ունեցող հայերը այսօր դարձել օղի խմող ժողովուրդ: Հայաստանի գինեգործների միության նախագահը թվարկում է պատճառները ու ասում, որ ի տարբերություն գինու, օղին ոչ թե մշակութային, այլ քաղաքական խմիչք է. ցարական Ռուսաստանում եւ ԽՍՀՄ-ի ժամանակ այն իբրեւ զենք գործի են դրել պատերազմների եւ անկայուն իրավիճակների ժամանակ, նույնիսկ օղի արտադրողներին ազատել են հարկերից: Տրանսպորտի եւ կոմունիկացիաների բացակայության ժամանակ օղի պահելն ու տեղափոխելը ավելի հեշտ է եղել, քան գինունը: Հայերի՝ «օղու ժողովրդի» վերածվելու պատճառներից մեկն էլ այն է, որ առաջին համաշխարհային պատերազմի պատճառով կորցրել ենք մեր գինեգործության հիմնական շրջանները՝ Սուրմալուն, Նախիջեւանը, Իգդիրը… Ըստ Ավագ Հարությունյանի, մյուս ավելի «թարմ» պատճառն այն է, որ 1945 թվականին պատերազմի ավարտից հետո Հայաստան են վերադարձել 500000 հայ զինվորներ, որոնք 5 տարի շարունակ ռուսական 50 գրամի «վրա էին»: Այս եւ այլ պատճառների ու ռուսական մշակույթի ազդեցության հանրագումարում զրկվել ենք մեր մշակութային շերտից ու անմշակույթ վակուումը լցվել է… օղով: Ավագ Հարությունյանի խոսքով, ամենավտանգավորը, սակայն, այն էր, որ հայի ներսն էր խաթարվել. «Ինքը արդեն պատրաստ չէր գինու մշակույթը վերցնել իր վրա, իսկ դա մոտավորապես նույնն է, ինչ լինել բարոյական, չգողանալ, չսպանել: Այսինքն՝ գինու մշակույթը պատվիրան կատարելու նման մի բան է»:

Գինին շատ ժողովուրդների մոտ դիտարկվել է որպես կյանքի շարունակականության հիմնական սիմվոլներից ու ամենակարեւոր ծիսակարգերի, արարողակարգերի կարեւոր ատրիբուտներից մեկը: Մեր զրուցակիցն ասում է, որ այն սկզբում եղել է աստվածների խմիչք, ապա՝ խմիչք դեպի աստվածները, չէ՞ որ ամեն մեկը ի վիճակի չէ արժանապատիվ անցնել գինու միջով:

Ավագ Հարությունյանը հերքում է այն կարծիքը, թե գինին «շառ» է, ընդհակառակը՝ նույնիսկ պարտադիր է ամեն օր խմելը, քանի որ բուժական եւ օգտակար հատկություններ ունի. արյունատար անոթները էլաստիկ է դարձնում, հեռացնում խոլեստերինը, պաշտպանում ռադիոակտիվ ճառագայթումից, չի թողնում, որ օրգանիզմը շուտ ծերանա: Գինին հակասեպտիկ է, նրա մեջ մեռնում են բոլոր վնասակար օրգանիզմները, նաեւ հակասթրեսային միջոց է եւ առանց կողմնակի էֆեկտների՝ քնաբեր: Պատահական չէ, որ համաշխարհային բժշկության մեջ կա գինու թերապիա: Հայաստանի գլխավոր գինեգործը հավաստիացնում է, որ կանայք ամեն օր պետք է խմեն 200-400 գրամ գինի, եթե առողջ են, տղամարդիկ՝ 400-600, ընդ որում 2 անգամ՝ կեսօրին եւ երեկոյան: Ի դեպ, երեկ գինու աստվածության եռատոն էր, իսկ ավելի կոնկրետ՝ Խշմարի աստծո օրը, որը հին Հայաստանում ընկալվել է իբրեւ տղամարդկանց տոն:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930