Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկերն ինչպես հավաքել

Հունիս 28,2012 13:41

Նախորդ տարվա համեմատությամբ՝ Լոռու մարզի ոչ մի տարածաշրջան հողի հարկի հավաքագրման ցուցանիշները չի բարելավել:

Թեեւ այս տարվա մարտի 21-ին ընդունվեց «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» օրենքը, համաձայն որի՝ հողի հարկ եւ գույքահարկ վճարող անձինք ազատվում են իրենց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի 2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չվճարված գույքահարկից եւ հողի հարկից, ինչպես նաեւ այդ պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերից եւ տուգանքներից, այնուամենայնիվ, այն միանշանակ չի ընդունվել լոռեցիների շրջանում: Եթե լոռեցիները գույքահարկի հավաքագրման ցուցանիշներով այս տարվա հինգ ամիսների ընթացքում 124,5 տոկոս աճ են արձանագրել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ապա նույնը չենք կարող ասել սեփական եկամուտների, մասնավորապես, հողի հարկի հավաքագրման վերաբերյալ:

Լոռու մարզպետարանի տվյալներով՝ այս տարվա անցած 5 ամիսների ընթացքում մարզի 113 համայնքներից 54-ում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, արձանագրվել է սեփական եկամուտների նվազում:

Մարզի համայնքները սեփական եկամուտները հավաքագրել են 74 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով 4 միլիոն դրամ պակաս գումար: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սեւակ Հովհաննիսյանն ասում է, որ մարզում վիճակը վատ է հատկապես հողի հարկի հավաքագրման առումով:

Նախորդ տարվա համեմատությամբ՝ Լոռու մարզի ոչ մի տարածաշրջան հողի հարկի հավաքագրման ցուցանիշները չի բարելավել:

«Հողի հարկի հավաքագրումը պակաս է 30,7 միլիոն դրամով: Ընդհանուր առմամբ, համայնքների գրեթե 2/3 -ը նախորդ տարվա նկատմամբ նվազեցրել է հողի հարկի հավաքագրման ծավալները»,- «Առավոտի» հետ հարցազրույցում տեղեկացնում է Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը:

Նա ասում է, որ թեեւ օրենքը միտված էր լուծելու որոշակիորեն այն ապառքների հարցը, որ համայնքները տարիների ընթացքում ունեին, սակայն վերջիններս մանավանդ հողի հարկը չվճարելը պայմանավորում են հենց այդ օրենքով:

«Մեր պարտաճանաչ հարկատուները ուղղակի մտածեցին, թե կարելի է հարկերը չվճարել, հնարավոր է՝ հետագայում իրենցն էլ զրոյացվի»,- բացատրում է բաժնի պետը:

Սեւակ Հովհաննիսյանը նշում է, որ այս խնդիրները լուծելու համար համայնքապետերը եւ ավագանիները լուրջ բացատրական աշխատանքներ տանելու խնդիր ունեն:

«Բացատրական աշխատանք տանելու շնորհիվ դրական տեղաշարժեր կլինեն: Կառավարությունը ընդառաջ գնաց երկրի քաղաքացուն, նաեւ բազաները ճշտելու համար ընդունեց այս որոշումը: Համայնքապետերի խնդիրն է բացատրել մարդկանց, որ սա արված է ոչ թե, ասենք, որպեսզի տուժի հարկ վճարողը կամ հավաքագրողը, այլ ընդհակառակը, որ համայնքն ունենա հստակ բազա, իմանա՝ իր հողի հարկը եւ գույքահարկը ինչքան է լինելու: Բացատրական աշխատանքներ տանելու անհրաժեշտություն կա, որպեսզի մարդիկ իմանան օրենքի ընձեռած առավելությունների մասին, օրինակ, այն հարկատուները, ովքեր 2008թ. հունվարի մեկից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի վերջը ունեցած իրեց ապառքները, պարտքերը վճարեն, կազատվեն տույժ-տուգանքներից»,- ասում է նա:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930