«Խորան» աղանդի ղեկավար Հրաչյա Խաչատրյանը, ըստ Միացյալ Երիտասարդական Լիգայի (ՄԵԼ) ունեցած աղբյուրների, սկսել է «արշավել» Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների վրա: Այդ մասին aravot.am-ին հայտնում է Հայաստանում գործող ՄԵԼ համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը: Նա նշում է, որ Հրաչյա Խաչատրյանը Իսպանիայում բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ տարբեր քրեական գործեր է հարուցում, վնասում կամ գողանում նրանց ունեցվածքը եւ սպառնում ՄԵԼ-ին պարբերաբար ինֆորմացիա տրամադրող անձանց. «Մենք կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը, ՀՀ գլխավոր դատախազությանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին՝ կանխել Հրաչյա Խաչատրյանի գործունեությունը, կասեցնել «Խորան» միջազգային Քրիստոնեական եկեղեցու անվան տակ գործող աղանդը ՀՀ-ում եւ քրեական պատասխանատվության ենթարկել Հրաչյա Խաչատրյանին ու Լուսինե Սարդարյանին: Նրանք վերջերս կրկին սպառնացել և կաշառք են առաջարկել մեզ»,-ասում է Սեւակ Հովհաննիսյանը:
Նա նաեւ նշում է, որ «Խորանի» ղեկավարի գործունեության հետեւանքով փակվել է ՄԵԼ-ին օգնող սեփականատիրոջ խանութը. «Խաչատրյանը նաեւ կասեցրել է որոշ մարդկանց աշխատանքային իրավունքները: Իսպանիայի հայերը վախի մեջ են եւ չգիտեն՝ ինչ անել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ