Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք ցանկանում հրաժարվել արձանագրություններից»

Հունիս 28,2012 13:35

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հարցազրույցը չորս լրատվամիջոցներին

«Ազգ»- Թեեւ ԱՄՆ-ը, ինչպես աշխարհի մյուս երկրները, չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, սակայն միակ երկիրն է, որ ամեն տարի տրամադրում է ամերիկյան պետական օգնություն ԼՂՀ-ին, ինչի համար շնորհակալ ենք: Դրանով հանդերձ՝ երբ Բաքուն ռազմատենչ հայտարարություններ է անում, կամ ադրբեջանական զինված ուժերը դիվերսիոն գործողություններ են իրականացնում ամերիկյան պետական օգնություն ստացող երկրում, ԱՄՆ-ը սկսում է հավասարության նշաններ դնել: Ինչո՞վ կբացատրեք այս մոտեցումը:

Ջոն Հեֆերն- Շնորհակալություն, որ ընդունում եք, որ մենք աջակցություն ենք ցուցաբերում Լեռնային Ղարաբաղին՝ մարդասիրական  աջակցություն: Արդեն մի քանի տարի է՝ այդ աջակցությունը ցուցաբերվում է տարեկան շուրջ 2 մլն դոլարի չափով: Դա տրվում է հիմնականում ականազերծման եւ ջրամատակարարմանն ուղղված ծրագրերի համար: Սա մարդասիրակա՛ն աջակցություն է: Հռետորաբանության եւ շփման գծում տեղի ունեցող հրադադարի խախտումների եւ բռնությունների հետ կապված կասեմ հետեւյալը. հունիսի 19-ին Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները՝ նախագահներ Պուտինը, Օլանդը եւ Օբաման Լոս-Քաբոսում՝ Մեքսիկայում, համատեղ հայտարարությամբ հանդես եկան: Այդ հայտարարությունը շատ խիստ էր, նրանք կրկին վերահաստատեցին, որ խնդրի լուծումը կարող է լինել միայն խաղաղ կարգավորման ձեւով, եւ բռնություններն ու ռազմական հռետորաբանությունը տեղ չունեն: Երբ հունիսի սկզբին այստեղ էր գտնվում պետքարտուղար Քլինթոնը, նա նույնպես հրապարակային եւ մասնավոր զրույցներում այս հարցին անդրադարձ կատարեց, քննարկումներ եղան այս հարցի շուրջ ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի հետ: Թերեւս հիշում եք, որ երբ հունիսի 4-ին Հիլարի Քլինթոնը ժամանեց, այդ օրը Հայաստանի սահմանին՝ Տավուշի մարզում, երեք հայ զինվոր էին զոհվել: Իր հայտարարությամբ նա դատապարտեց բռնությունները: Ես չեմ հիշում կոնկրետ ձեւակերպումը, բայց պետքարտուղարի ասածի իմաստն այն էր, որ այս կարգի ողբերգությունները, բռնություններն ուղղակի անընդունելի են: Նա հրապարակավ ասաց, որ այս ուղերձը  պատրաստվում է փոխանցել Բաքվին: Երեւանում գտնվելուց երկու օր անց նա Բաքվում էր, որտեղ հանդիպումներ ունեցավ նախագահ Ալիեւի, Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ եւ այդ հարցը բարձրացրեց: Այս հարցի հետ կապված մեկ այլ նկատառում էլ ունեմ. երեք համանախագահ երկրները աջակցում են, որպեսզի ռազմական ուժերի հանդեպ վստահության ձեւավորման միջոցառումներ իրականացվեն: Խոսքը վերաբերում է հիմնականում սահմաններից դիպուկահարների հեռացմանը եւ նաեւ հետաքննչական մեխանիզմի ձեւավորմանը, որը հնարավորություն կտա հետաքննել բոլոր այն միջադեպերը, բռնությունները, որոնք տեղ կգտնեն այս գործընթացում: Եվ մենք այժմ ամեն ինչ անում ենք, որպեսզի վստահության ձեւավորմանն ուղղված այս քայլերը ի կատար ածվեն, եւ այդ պարագայում, ես կարծում եմ, սահմանների վրա միջադեպերը կքչանան, եւ իրավիճակը, միջադեպերի հետ կապված, կբարելավվի:

Armenianow.com- Թուրքական Today’s Zaman թերթին տված հարցազրույցում պարոն դեսպանն ասում էր, որ 2015թ. Հայաստանի եւ Թուրքիայի համար լինելու է հաջողության տարի, չեն լինելու հաղթողներ եւ պարտվողներ: 2015-ին նաեւ լրանում է Ցեղասպանության 100-ամյակը: Հարցազրույցում դեսպանն ասում է, որ մինչ 2015թ. պետք է կյանքի կոչվեն արձանագրությունները: Հարցս հետեւյալն է՝ եթե մինչ այդ արձանագրությունները կյանքի չկոչվեն, ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ դիրքորոշումը:

Ջոն Հեֆերն- Մենք չենք ցանկանում հրաժարվել արձանագրություններից, մենք բոլոր մակարդակներում աշխատանքներ ենք տանում, որպեսզի արձանագրությունների ուղղությամբ ջանքերը շարունակվեն: Եվ մեր ուղերձը թուրքական իշխանություններին եղել է այն, որ արձանագրությունները վավերացվեն եւ գործողության մեջ դրվեն այնպես, ինչպես կան՝ առանց որեւէ նախապայմանների: Դա մեր հիմնական նպատակն է, եւ մենք շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատանքները Անկարայի հետ, փորձում ենք ամենաբարձր մակարդակում այդ հարցն առաջ տանել: Պետքարտուղարն էլ շատ հստակ այդ մասին արտահայտվեց, երբ այստեղ էր գտնվում: Նա նշեց, որ «գնդակը գտնվում է Թուրքիայի խաղադաշտում», այժմ իրենց հերթն է քայլ կատարել: Մենք ողջունեցինք, երբ երկու երկրների առաջնորդները հավանություն տվեցին այս արձանագրություններին, որոնք ստորագրվեցին երկու երկրների արտգործնախարարների կողմից: Եվ կարեւոր է, որ երկու երկրներից եւ ոչ մեկը արձանագրություններն իրենց խորհրդարաններից հետ չի կանչել՝ թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում արձանագրությունները գտնվում են երկրների խորհրդարաններում: Ուզում եմ անդրադառնալ այդ հարցազրույցում իմ կողմից նշված մեկ այլ հարցի, որ մենք ձգտում ենք հաշտեցման երեք օղակներում. առաջինը՝ արձանագրությունների վավերացումն է եւ գործարկումը՝ առանց նախապայմանների: Երկրորդը, որի ուղղությամբ մենք Անկարայի հետ աշխատում ենք՝ բովանդակալից տնտեսական միջոցների ձեռնարկումն է: Ես նկատի ունեմ, մասնավորապես, Գյումրի-Կարս երկաթգծի բացումը, որը կլինի բովանդակալից տնտեսական քայլ, որն օգտակար կլինի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արեւելյան Թուրքիայի համար: Նման մեկ այլ օրինակ՝ Թուրքիայի եւ Հայաստանի ընկերությունների միջեւ քննարկվում է օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը Թուրքիայից՝ Հայաստան, դրա իրականացումը նույնպես շատ օգտակար քայլ կլինի: Եվ երրորդ օղակը՝ միջսահմանային փոխանակման ծրագրերը, մարդկանց միջեւ շփումները տարբեր մակարդակներում. մենք կազմակերպում ենք նման փոխայցելությունների ծրագրեր տարբեր շրջանակների մարդկանց համար՝ լրագրողներ, ուսանողներ, գործարարներ, խորհրդարանականներ եւ այլն: Ես կարեւորում եմ այս ծրագրերը՝ անվստահությունը վերացնելու եւ հաշտեցման մթնոլորտի ձեւավորման համար:

«Առավոտ»- Խորհրդարանական ընտրություններից հետո ԱՄՆ արձագանքը ավելի մեղմ էր թվում, քան սովորաբար, եւ անգամ ավելի մեղմ՝ քան Եվրոպայի արձագանքը, տարբեր մակարդակներում ասվում էր, որ ողջունում եք ՀՀ իշխանությունների կողմից առաջընթացը եւ այլն: Իսկապե՞ս մեր իշխանությունները դրական առաջընթաց են արձանագրել, թե՞ այդ վերաբերմունքը «ավանսով» է, եւ նման հանդուրժողականության հետեւում հետագա ինչ-որ ակնկալիքներ կան մեր իշխանություններից:

Ջոն Հեֆերն- Մենք ընտրություններին մեծ ուշադրություն ենք դարձրել. փորձել ենք օբյեկտիվ լինել եւ ընտրություններին տալ հնարավորինս օբյեկտիվ գնահատական: Այնտեղ, որտեղ մենք տեսել ենք առաջընթաց, օրինակ՝ ԶԼՄ-ների հասանելիության մասով, նշել ենք: Նաեւ տեղամասերում ընտրության օրը լավ կազմակերպված էր, թափանցիկ էր, եւ քվեարկությունը նորմալ անցավ: Իսկ որտեղ մենք խնդիրներ ենք նկատել՝ այդ մասին հրապարակավ եւ մասնավոր նշել ենք, քննադատել ենք: Երկու ամենամեծ խնդիրները, որոնք հիշատակված են նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում, ընտրակաշառքների լայնատարած դրսեւորումներն էին եւ վարչական ռեսուրսների շահագործումը  եւ հովանավորչությունը՝ հօգուտ կառավարամետ ուժերի: Եվ մեր գնահատականը խառն էր՝ ինչպես նաեւ ԵԱՀԿ զեկույցը: Իսկ կարեւորն այս պահին առաջ նայելն է, քանի որ առաջիկայում կրկին մեծ ընտրություններ են սպասվում: Այս պահին, երբ խորհրդարանը սկսեց իր նստաշրջանը, ընդդիմության բոլոր պատգամավորները իրենց տեղերը զբաղեցրել են խորհրդարանում, եւ շատ լուրջ հարցադրումներ եղան կառավարության ծրագրի վերաբերյալ, եւ դա դրական է: Բաց բանավեճը, բաց մրցակցությունը լավ է Հայաստանի ժողովրդավարության համար, եւ մենք ողջունում ենք դա: Մենք կոչ ենք անում, հորդորում ենք գործող իշխանություններին, որպեսզի շարունակեն բարեփոխումների իրականացումը, շարունակեն ապահովել ԶԼՄ-ների ազատ հասանելիությունը անընդհատ, եւ ոչ միայն ընտրություններին նախորդող 40 օրերի ընթացքում: Նաեւ հավասար պայմաններ ապահովեն վարչական, հանրային ռեսուրսի օգտագործման առումով, պետք է ավելի արդարացի մոտեցում լինի: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում ներկայացված է 26 առաջարկ՝ ՀՀ իշխանություններին, եւ այդ առաջարկների դիտարկումներից սկսելը եւ դրանց ուղղությամբ քայլեր ձեռնարկելը կլինի աշխատանքների լավ շարունակություն:

News.am- ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում տարածաշրջանում երկրների հարաբերությունները ավելի բարձր մակարդակի դնելու համար: Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի սկսումը դրա վառ ապացույցն է: Բայց Թուրքիան, լինելով ԱՄՆ դաշնակից պետությունը, քայլեր է ձեռնարկում այդ գործընթացը կանգնեցնելու համար: Որպես դաշնակից պետություն՝ ԱՄՆ-ը ի՞նչ դեր է տեսնում Թուրքիայի համար այս փոփոխվող տարածաշրջանում:

Ջոն Հեֆերն- Թուրքիան, իրոք, ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակիցներից է, եւ որպես դաշնակցի՝ Թուրքիայի հետ մենք ձգտում ենք աշխատել տարածաշրջանի բոլոր հարցերի շուրջ: Օրինակ՝ Սիրիայի հետ կապված մենք աշխատում ենք Թուրքիայի հետ, որպեսզի կարողանանք լուծել Սիրիայում առաջացած ճգնաժամը: Երբ Հիլարի Քլինթոնը տարածաշրջանում էր, Ստամբուլում նա մասնակցեց «Սիրիայի բարեկամների» համաժողովին, որի ժամանակ Թուրքիան, ԱՄՆ-ը եւ մի շարք այլ երկրներ փորձում էին լուծումներ գտնել՝ Սիրիան ճգնաժամից հանելու համար: Թուրքիան տարածաշրջանում կարեւոր դերակատարում ունի: Երեկ ՆԱՏՕ-ի խորհուրդը Սիրիայի վերաբերյալ հայտարարություն արեց, եւ ԱՄՆ-ը պաշտպանեց ՆԱՏՕ-ի այդ հայտարարությունը, որով ՆԱՏՕ-ն իր աջակցությունն էր հայտնում Թուրքիային՝ թուրքական ինքնաթիռը Սիրիայի կողմից ոչնչացվելու կապակցությամբ: Բայց եթե դաշնակից ենք, դա չի նշանակում, որ ամեն ինչի վերաբերյալ իրար հետ համաձայն ենք: Կան բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ լուրջ բանավեճեր կան: Օրինակ՝ արձանագրությունների մասին հարցը մենք բոլոր հանդիպումներում, բոլոր մակարդակներում բարձրացնում ենք եւ հորդորում, պահանջում, որպեսզի այդ փաստաթղթերը վավերացվեն առանց որեւէ նախապայմանների, առանց ԼՂ հարցի հետ կապվելու: Մինչ այժմ դեռ հաջողություններ չենք ունեցել, սակայն դեռ չենք հրաժարվում այդ ուղղությամբ աշխատելուց եւ հույսեր ունենք, քանի որ երկու երկրներում էլ այդ փաստաթղթերը գտնվում են խորհրդարաններում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930