Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը ամփոփեց Էրեբունի ամրոցի 2012թ. պեղումները

Հունիս 28,2012 13:31

Այսօր Էրեբունի ամրոցի միջնաբերդում պեղումներ  իրականացնող հայ-ֆրանսիական արշավախումբը ամփոփեց աշխատանքների ամառային գործաշրջանը:

Զանգվածային լրատվամիջոցների համար հրավիրված ասուլիսը բացեց արգելեց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը` ներկայացնելով  Էրեբունիում հայ-ֆրանսիական համագործակցության նախորդ տարիների փորձը և այս պեղումների նպատակը: Բարձր գնահատելով 1950-60-ական թվականներին հնավայրում աշխատած հնագիտական արշավախմբերի արդյունքները, մասնավորապես ճարտարապետ Կոստանդին Հովհաննիսյանի վաստակը, որոնք թույլ են տվել Երևանը ներկայացնել աշխարհի հնագույն մայրաքաղաքների շարքում` Գ. Գյուրջյանն այնուհանդերձ նշեց, որ խորհրդային ժամանակաշրջանում կատարված հնագիտական հետազոտություններն  արվել են որոշակի շտապողականությամբ, և ամրոցի ճարտարապետությանը վերաբերող շատ հարցականներ այսօր են ստանում իրենց պատասխանները:

2012թ. հունիսի 5-ից մեկնարկած հայ-ֆրանսիական հնագիտական պեղումների պատկերը  մանրամասնորեն ներկայացրեց ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը, իսկ հայտնաբերված խեցեղենի վերլուծությունը` արշավախմբի անդամ Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը: Մասնագետները հատկապես շեշտեցին, որ այս տարվա պեղումները կօգնեն լուսաբանել  Ուրարտուի կործանումից հետո  մինչև Աքեմենյան տիրապետություն ընկած անցումնային ժամանակաշրջանը` շուրջ մեկդարյա մի ժամանակահատված, որի ըմբռնումը  թույլ կտա գրել Հայաստանի պատմության այս էջը: Նրանք նաև շեշտել են, որ Իրանի տարածքում պահպանված աքեմենյան շատ հուշարձանների հետ Էրեբունիի  գիտական համեմատությունը  թույլ է տալիս ենթադրել, որ Ուրարտուի կործանումից հետո  կյանքն ամրոցում անկասկած շարունակվել է:

Արգելոց-թանգարանի տնօրենի տեղակալ, պեղումների հայկական կողմի ղեկավար Արաքսի Մեշինյանը կարևորել է պեղածո նյութերի մշակման և սահմանված կարգով արգելոց-թանգարանին հանձնման գործընթացը` նշելով, որ ներկայումս հանձնման փուլում են նախորդ տարիներին Էրեբունի ամրոցում պեղումներ իրականացրած հայ-ամերիկյան արշավախմբի նյութերերը:

«Հ1» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին` թե ինչպիսի՞ կյանք են վարել Էրեբունիի բնակիչները , ֆրանսիացի հնագետ Ստեֆան Դեշամպը կեսկատակ պատասխանել է. «… դատելով ամրոցից հայտնաբերված խեղեցենի տեսքից և որակից, կարելի է ասել, որ ուրարտացիները ծանոթ են եղել շքեղ կյանքին, եղել են ճաշակով, սիրել են ըմպել գինի կամ գարեջուր»:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930