Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես ոչ մեկին տրամադրված չեմ որեւէ մեկի գրկից հանեմ, մյուսի գիրկը դնեմ»

Հունիս 28,2012 13:29

Պետրոս Մակեյանը համաձայն չէ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ

Հայ ազգային կոնգրեսի որոշ անդամների համար անհասկանալի է եղել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, հատկապես՝ ԲՀԿ-ին ուղղված հերթական մեսիջի առումով: «Առավոտի» հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ եւ ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը նշեց. «Եթե ԲՀԿ-ի մասին ամբողջական ենք խոսում, ուրեմն պետք է խոսենք նաեւ Գագիկ Ծառուկյանի փողերի մասին եւ այն մարդու մասին, որը հնարավորություն տվեց այդ փողերը դնել քաղաքական դաշտում, կուսակցություն ձեւավորել եւ գործընթաց սկսել: Այդ մարդը եղել է Ռոբերտ Քոչարյանը: Հիմա թե Գագիկ Ծառուկյանի ու Քոչարյանի անձնական հարաբերություններն ինչպիսին են, ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանն ազատության ինչ աստիճաններ ունեն այդ մարդուց՝ ես չեմ կարող ասել: Բայց մի բան հստակ է, եւ ֆիքսում ու արձանագրում ենք, որ այդ կուսակցությունը ձեւավորվել է Քոչարյանի բարի կամքով եւ նրա թույլտվությամբ: Սա է իրականությունը»:

Մեր դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացմամբ՝ նրանք, ովքեր Քոչարյանի ականջներն են տեսնում ԲՀԿ-ի ետեւում, Սերժ Սարգսյանի գիրկն են գցում ԲՀԿ-ին, փաստորեն՝ նաեւ Դուք, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Ես ոչ մեկին տրամադրված չեմ որեւէ մեկի գրկից հանեմ, մյուսի գիրկը դնեմ: Դրանք իրենց անձնական խնդիրներն են: Բայց մենք տալիս ենք քաղաքական գնահատականը: Մեր կուսակցությունը, անձամբ ես, դա մեր առավելությունն է, թե թերությունը՝ չգիտեմ, բայց մենք ազնիվ ենք հասարակության հետ: Խուճուճ ճանապարհներով չենք կանգնում ու չենք խոսում, միշտ չենք հաճոյանում: Սա է մերը, մենք ասում ենք այն, ինչ մտածում ենք»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ իր ելույթում նշել էր, որ ողջ ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ն լիարժեքորեն համագործակցել է ընդդիմության հետ, եւ պարտադիր չէ, որ ԱԺ-ում ԲՀԿ-ն անպայման հայտարարի, որ ընդդիմություն է: Մեր հարցին՝ համաձա՞յն եք այս գնահատականին, պարոն Մակեյանը պատասխանեց. «Ես Կոնգրեսում էլ ասել եմ, որ ինձ համար անհասկանալի է այդ համագործակցությունը, երբ նույն ինտենսիվությամբ եւ դեռ ավելի ընտրակաշառք է բաժանում, կրիմինալի հետ համագործակցում է, կրիմինալին օգտագործում է, օգտագործվում է: Այդ դեպքում ես չեմ հասկանում»: Մենք հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչի՞ համար էր այդ հայտարարությունը՝ աչքակապությո՞ւն էր, թե՞ ԲՀԿ-ին ավելի շատ գրավելու ու դեպի այս կողմ քաշելու փորձ, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Ես ե՛ւ հրապարակավ եմ ասում, ե՛ւ Կոնգրեսում եմ ասել դա: Բնականաբար, կուզենամ, որ ես չասեմ, բայց ես չեմ կարող չասել: Ցավոք սրտի, ժողովրդի գործոնն այսօր գոյություն չունի: Իշխանությունն արեց այնպես, որ ժողովուրդը դառնա առարկա, ապրանք՝ առքուվաճառքի: «Օրինաց երկրի» հնարավորությունը 10 հազար է՝ գյուղապետին 10 հազարով առավ, ԲՀԿ-ի հնարավորությունը շատ էր՝ 20 հազարով առավ: Հանրապետականը 15-20 հազարով առավ: Սա է մեր իրականությունը»: Հարցին՝ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ից, երբ արդեն կոալիցիայից «Բարգավաճ Հայաստանը» դուրս եկավ, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, կարող եմ ենթադրել, բայց ենթադրություններով ես չեմ ուզում խոսել»:

Մեր հարցին՝ ամեն դեպքում հիմա ավելի շատ ԲՀԿ-ին ո՞ւմ գրկում եք տեսնում՝ ընդդիմությա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանի, Պետրոս Մակեյանը պատասխանեց, որ գրկներին չի հետեւում ու չի ուզում այդ դաշտի մեջ մտնել: Այնուամենայնիվ, հետեւելով կառավարության ծրագրի եւ վերջին օրերին ԱԺ-ում մի շարք օրենքների քննարկման ժամանակ ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքին՝ Պետրոս Մակեյանը գտնում է, որ դա իմիտացիա է. «Դա ուրիշ դաշտ է: Ինչպես Հայաստանում ամեն ինչ թատերական է, դա էլ թատերական ներկայացում էր: Դրանից բան չես որոշի: Նրանք դեմ քվեարկեցին ծրագրին, բայց մյուս օրենքներին կողմ էին: Դա թատրոն է: Ես Ազգային ժողովում աշխատել եմ, գիտեմ՝ դա ոնց է կատարվում: Դրանից բան չես ենթադրի: Բայց մի բան հստակ է՝ Հայաստանի թիվ 1 հարուստ մարդը չի կարող լինել անկախ իշխանություն: Դա աքսիոմա է»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930