Անկախ նրանից, թե ով է հաջորդ տարվա նախագահական ընտրություններում լինելու ընդդիմության միասնական թեկնածուն, եւ արդյոք կլինի՞ այդպիսին, անկախ նրանից, թե ինչպես են ավարտվելու այդ ընտրությունները, կարելի է արձանագրել, որ այս պահին քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների համար ստեղծվել է հարաբերականորեն ազատ գործելու դաշտ: Ընդգծում եմ՝ հարաբերականորեն, որովհետեւ մենք շա՜տ հեռու ենք ժողովրդավարության եւ խոսքի ազատության եվրոպական չափանիշներից, իսկ դրանց մոտենալու համար անհրաժեշտ է նախեւառաջ մեր քաղաքացիների մեծամասնության անկեղծ ցանկությունը, որն ակնհայտորեն չկա: Եթե փողոցում հարցնեք մարդկանց՝ դուք կո՞ղմ եք այդ չափանիշներին, ապա մեծ մասն ընդհանրապես չի հասկանա, թե ինչի մասին է խոսքը, եւ կսկսի բողոքել իր սոցիալական դժվարությունից, իսկ մի քանիսն էլ սրտանց մի ուշունց կտա՝ այդ չափանիշների անունը լսելիս: Ի դեպ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը՝ իր զեկույցները պատրաստելիս: Բայց չափազանց հեռու լինելով Եվրոպայից՝ մենք այս առումով առանձնապես չենք զիջում Վրաստանին եւ Թուրքիային ու մի քանի քայլ առաջ ենք մյուս հարեւաններից:
ՀԱԿ-ի եւ նրա համակիրների կարծիքն այս ամենի մասին հայտնի է՝ սա նույն ավազակապետական ռեժիմն է, որը կար Քոչարյանի ժամանակ: Միանգամայն ճիշտ է. ընդհանրապես 21 տարի մենք ապրել ենք «անկախ» ավազակապետության օրոք, 1956-1991 թվականներին՝ խորհրդային ավազակապետության պայմաններում, իսկ դրանից առաջ ռեժիմը հերիք չէ ավազակապետական էր, նաեւ տոտալիտար էր եւ արյունալի: Բայց այդ ամբողջ ընթացքում ժամանակ առ ժամանակ տեղի էին ունենում «ձնհալներ», մասնավորապես, նույն 1956 եւ 1985 թվականներին: Անկախ Հայաստանում նույնպես եղել են փոքրիկ «ձնհալներ». առաջին վարչակազմի «ձնհալն» ավարտվեց 1992-ի ամռանը՝ Հրայր Մարուխյանի արտաքսմամբ, երկրորդինը՝ Հոկտեմբերի 27-ով, երրորդը սկսվել է անցած տարվա գարնանը՝ քաղբանտարկյալի ազատ արձակմամբ եւ առայժմ չի ավարտվել: Վաղ թե ուշ, ցավոք սրտի, կավարտվի, որովհետեւ այն նախաձեռնվում է «վերեւից», ոչ թե հասարակության ճնշմամբ: «Ձնհալին» կհաջորդի լավագույն դեպքում նոր լճացումը կամ, Աստված մի արասցե, նոր բռնապետություն: Բնականաբար, որքան երկար ձգվի այսօրվա հարաբերական ազատությունը, այնքան լավ:
4-5 տարի առաջ դուք կարո՞ղ էիք պատկերացնել, որ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը (որին ժամանակին երիտասարդ ընդդիմադիրները «Բազազ» էին անվանում) Facebook-ում էջ կունենա եւ կմասնակցի սոցիալական ցանցերում կազմակերպվող քննարկումներին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ