ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին: Որ այդպիսի հանդիպում, ընդ որում` ոչ միայն, այլեւ ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հետ, տեղի էր ունենալու՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մեկնարկի օրը հրավիրված իր ասուլիսում հայտարարել էր հենց ԵԽԽՎ նախագահը:
Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանն ասաց, որ Ժան Կլոդ Մինյոնը իր ու ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամիդ Սեիդովի հետ հանդիպել է առանձին-առանձին: « Քննարկման հիմնական թեման այն էր, թե ԵԽԽՎ ընդունած թիվ 1416 բանաձեւով նախատեսված գործողությունների շրջանակներում ինչպիսի քայելր ենք տեսնում, ինչ կարող ենք անել ընդհանուր առմամբ բարելավելու մթնոլորտը: Ես ներկայացրեցի մեր դիրքորոշումը, որը, չեմ կարծում, թե էապես տարբերվում է նախկին մոտեցումներից: Դրանցում էական տարբերություն չկա: Մանրամասների մասին խոսելը ճիշտ չի լինի` նկատի ունենալով, որ դա եղել է երկկողմանի, առանձին աշխատանքային հանդիպում»:
Հիշեցնենք, որ ՀՀ պատվիրակության ղեկավարի վկայակոչած բանաձեւը` թիվ 1416, նաեւ վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ձեւավորմանը, որի հետագա ճակատագիրը տակավին անորոշ է մնում:
Դավիթ Հարությունյանը չբացառեց, որ ինչ-որ մի պահի հնարավոր է տեղի ունենա նաեւ երկու` հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների հանդիպում` հավելելով. «Ես կարծում եմ, ինչ-որ մի պահի նման հանդիպում նախատեսվում է, բայց վստահ չեմ`արդյոք դա կլինի ա՞յս նստաշրջանում, թե՞ հաջորդ նստաշրջանի ընթացքում, որովհետեւ, կարծում եմ, երկու կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, եւ որոշակի ժամանակ կպահանջվի այդ ամենը վերլուծելու եւ որոշակի եզրահանգումներ անելու համար»:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ