Ընդհանուր առմամբ մեզանում «ահագնացող» արտագաղթի մասին թեման ավելի ուժգին է ծավալվում ցանկացած ընտրությունից հետո: Տարիներ առաջ՝ 2008-ի նախագահական ընտրություններից հետո եւս, երբ հերթական անգամ ակտիվացել էր արտագաղթի թեման, միգրացիոն ծառայությունը, 2008-2010թթ. ուղեւորահոսքերի տվյալները համեմատելով, հայտարարեց, որ զանգվածային արտագաղթի մասին փաստող տվյալներ չկան: 2010-ին գնացողների եւ վերադարձողների տարբերությունը միգրացիոն գործակալությունը դիտարկում էր ավելի քան 29 հազարի կարգի՝ նախորդ տարվա 25000-ի, եւ 2008-ի 23000-ի դիմաց:
Ի վերջո, այս կարեւոր երեւույթին անդրադառնալիս ոչ միայն պետք է հստակ զանազանել ուղեւորահոսքերն արտագաղթից: Պիտի նկատի առնել նաեւ, որ որեւէ արտագաղթող, անգամ արտագաղթելու պարագայում չի հաշվառվում որեւէ տեղ: Անձնագրային սեղաններում կատարված հաշվառումը ուղեւորահոսքերի կամ միգրացիայի հոսքերի մասին չնչին տեղեկատվություն է տալիս, քանի որ գնացողների ընդամենը 10 տոկոսն է հաշվառումից դուրս գալիս: Ասել է թե՝ սա էլ չի կարող արժանահավատ աղբյուր լինել:
Ըստ միգրացիոն գործակալության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻ` ընդհանուր առմամբ վերջին տասը տարիների ընթացքում արտագաղթի ընդհանուր ծավալը 260-270 հազար է` տարեկան` 26-27 հազար, բնականաբար հնարավոր են որոշ տատանումներ:
Արդ, իրատեսակա՞ն է այսօր արտագաղթի նոր, ահագնացող ալիքի մասին խոսելը:
Այս համատեքստում վերջին ուսումնասիրությունը կատարվել է 2008-ին, երբ դիտարկվել եւ գնահատվել են 2002-2007թթ. միգրացիոն հոսքերի ծավալները: Ըստ այդմ, 2002-2007թթ. երկրից մեկնել է 150 հազար մարդ: Բնականաբար սա անհամեմատելի է մեծ արտագաղթի հետ, որը մեզանում արձանագրվեց 1988-2001թվականներին: Միջազգային կառույցների եւ պետական ատյանների կատարած հետազոտություններով այս շրջանում Հայաստանից մեկնել է մեկ միլիոնից ավելի մարդ:
Ոլորտը համակարգող պետական ծառայության մասնագետների գնահատմամբ՝ այսօր «100 հազարավոր արտագաղթողների» մասին թվերը ուռճացված են: Իսկ ոլորտի պատասխանատու Գ. Եգանյանը այս կերպ ներկայացնելու երկու պատճառ է դիտարկում. նախ` անտեղյակությունը, ապա` շահարկումները, թեմայի սրումը իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնելը եւ այլն:
Ավելին՝ այստեղ թաքնված վտանգ կա. երեւույթը թմբկահարելը աժիոտաժ է ստեղծում, մարդկանց մեջ տագնապի զգացողություն առաջացնում։ Եվ եթե ոչ պատճառ, ապա մեկնողների համար լրացուցիչ ազդակ է դառնում. մանավանդ սա հեշտ ընդունվող որոշումների թվին չի դասվում: Իսկ գուցե մեկնելու օգտին որոշում կայացնելու համար այդ աժիոտաժը վերջին կաթի՞լն է:
Ասել է թե՝ մեզանում կա արտագաղթելու միտվածությո՞ւն: Այս հարցում, կարծում ենք, մեզնից ոչ մեկին հակառակը համոզել հնարավոր չէ, բավական է դուրս գալ փողոց եւ մի փոքրիկ հարցախույզ անցկացնել երիտասարդության շրջանում: Ցավոք, նրանցից շատերը պատրաստ են մեկնել երկրից, եթե այդ հնարավորությունն ունենան: Բնականաբար նաեւ հավանական մեկնողների ծավալները գնահատելու համար լուրջ հետազոտություն պիտի արվի:
Միգրացիոն ոլորտի մասնագետները արտագաղթի տարբեր պատճառներ են թվարկում: Գագիկ Եգանյանը համարում է, որ այս փուլում հիմնական պատճառները տնտեսական են:
Բայց այս առումով հակված չենք միայն պետական ատյանների տեսակետները վկայակոչել: Մասնավորապես կարեւոր պատճառներից մեկը տարիներ շարունակ մեր իրականության մեջ առկա արդարության պակասուրդն է: Արդարության, օրենքի, օրինականության պակասից են հայրենիքից հեռանում մեր համերկրացիներից շատերը, կայացած, ինտելեկտուալ ներուժ ունեցող մարդիկ:
Հարց է ծագում, այս կարեւոր խնդիրների լուծման ճանապարհին մեր պետությունը կոնկրետ քայլեր ձեռնարկո՞ւմ է: Խոսելը, ճառելը միշտ էլ հեշտ է, ցավոք, կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու առումով ի վերջո ոչինչ չի արվում:
Այս ամենի ֆոնին տարիներ առաջ ՄԱԿ-ի կատարած ուսումնասիրության արդյունքում Հայաստանի վերաբերյալ արված կանխատեսումները մեր ապագայի վերաբերյալ ոչ միայն հուսադրող չեն, այլեւ չարագույժ են: Ըստ այդմ, մենք ծերացող ժողովուրդ ենք, եւ 2025, 2050թթ. ծնելիության եւ աշխատանքային տարիքի մարդկանց նվազման պատճառով Հայաստանին սպառնում է ակտիվ ծերացում: Զուգահեռաբար մեր թշնամի էթնիկ միավորները` թուրքերն ու ադրբեջանցիները, ըստ այդ կանխատեսման, ակտիվորեն երիտասարդանում են:
Այս մասին պիտի ազգովի մտածենք, ոչ թե երկիրը բաժանած քրեաօլիգարխիկ զոների, կուսակցական աթոռակռիվների թեման դարձնենք առաջնահերթություն:
Անահիտ ԵՍԱՅԱՆ
«Հայոց աշխարհ»