Լրահոս
Օրվա լրահոսը

Դոլարը թուլանալու միտում ունի: Թեեւ բանկերը հակված չեն դա թույլ տալու

Հունիս 28,2012 12:30

Ինչպես հայտնի է, առանձին շաբաթների ընթացքում Կենտրոնական բանկը ստիպված եղավ վաճառել ընդհուպ մինչեւ 30 մլն դոլար, որ աննախադեպ մեծ ներարկում է Հայաստանի արժութային շուկայի համար։ Սակայն անգամ այդ պայմաններում անհնարին էր լինում կանխել դոլարի վերելքը։
Այժմ կարծես վիճակը մի փոքր փոխվել է։ Չնայած Կենտրոնական բանկը չի միջամտում, այնուհանդերձ շաբաթը մեկնարկեց ամերիկյան արժույթի մի փոքր թուլացմամբ։ Այն դեպքում, երբ անցած շաբաթ դոլարը ակտիվորեն արժեւորվում էր։ Պատահական չէ, որ մի պահ ստիպված եղավ միջամտել նաեւ Կենտրոնական բանկը։ Իհարկե այս անգամ ներարկումները անհամեմատ փոքր էին։
Անցած շաբաթ, ասպես ասած, փոխարժեքների հավասարակշռության ապահովման նպատակով ԿԲ-ն վաճառեց 1,5 մլն դոլար։ Բայցեւ այդ ընթացքում դոլարը հասցրեց թանկանալ գրեթե 4-5 նիշով։
Այս շաբաթ Կենտրոնական բանկը առայժմ չեզոք վարքագիծ է դրսեւորում, բայց դա կարծես չի խանգարում, որ ամերիկյան արժույթի նոր վերելք չգրանցվի։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ շուկայում ավելացել է դոլարի առաջարկը։
Չի բացառվում, որ նվազած լինի նաեւ պահանջարկը, ինչի հավելաճը պայմանավորված էր նաեւ հասարակության մեջ ձեւավորված սպասումներով։ Ազգային արժույթի հատկապես տեւական թուլացման պայմաններում մարդիկ սովորաբար շտապում են իրենց խնայողությունները փոխարկել տարադրամի, որն էլ ավելացնում է ճնշումը շուկայի վրա։
Ընդհանուր առմամբ անցած երկու օրվա ընթացքում դոլարը թուլացավ գրեթե 2 նիշով։ Եթե մինչ այդ ամերիկյան արժույթի գինը բորսայում հասավ մինչեւ 419,25 դրամի, ապա հունիսի 26-ին վերադարձավ 417,25 դրամի սահման։ Հաջորդ օրը բորսայում ընդհանրապես գործարքներ չկատարվեցին առաջարկի ու պահանջարկի մեծ շեղման պատճառով։ Մինչ ամերիկյան արժույթի պահանջարկը 417 դրամ էր, բանկերը պատրաստ էին այն վաճառել 418,25 դրամով։
Վերջին օրերի այս զարգացումներն իրենց ազդեցությունն են ունեցել նաեւ փոխանակման կետերում ձեւավորվող փոխարժեքների վրա։ Նախկին 418-420-ի փոխարեն երեկ առավոտյան ամերիկյան արժույթի առք ու վաճառքի գինը տատանվում էր 416-418 դրամի սահմաններում։ Այն բանից հետո, երբ բորսայում գործարքներ չկատարվեցին, օրվա երկրորդ կեսին դոլարը 0,5 դրամով թանկացավ։ Դա վկայում է, որ բանկերն առայժմ հակված չեն էժանացնելու։
Այնուհանդերձ փոխարժեքի շուկայում նկատվող զարգացումները հիմք են տալիս ասելու, որ սկսել է զգացնել սեզոնայնության գործոնը, որն այս անգամ ուշացավ՝ պայմանավորված խորհրդարանական ընտրություններից հետո արժութային շուկայում ձեւավորված տարադրամի պահանջարկի կտրուկ ավելացմամբ։
Այդ երեւույթին օրերես անդրադարձավ նաեւ ֆինանսների նախարարը, որը երկար ժամանակ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալն էր։ Ըստ նրա. «Որոշակի սեզոնային պահանջարկ կար, որը դրսեւորվեց մայիսին եւ շարունակվում է հունիսին։ Կարծում եմ, դա պիտի կանոնակարգվի եւ կանոնավորվի, քանի որ մեզ մոտ հուլիսը ստանդարտ կերպով միշտ լինում է ավելի հանգիստ ամիս։ Սեզոնային զարգացումները տարիների ընթացքում միշտ այդ դինամիկան են ցույց տվել»։
Նախորդ տարիներին դոլարի թուլացման երեւույթները շուկայում տեսանելի էին արդեն հունիսի սկզբից, որը գնալով խորանում էր հետագայում եւ շարունակվում հիմնականում մինչեւ օգոստոս-սեպտեմբեր։
Ասենք՝ անցած տարվա մայիսի վերջին դոլարի միջին փոխարժեքը տատանվում էր 376 դրամի սահմաններում, իսկ հունիսի վերջին 368 դրամ էր, հուլիսի վերջին՝ 363 դրամ։
Սեզոնայնության այս գործոնը պայմանավորված է ներքին շուկայում տարադրամային հոսքերի ավելացմամբ, որն առաջին հերթին կապված է զբոսաշրջության ակտիվացման հետ։ Այդ սեզոնին ավելանում են Հայաստան այցելող զբոսաշրջիկները, որոնց մեջ մեծ թիվ են կազմում հատկապես արտերկրում բնակվող մեր հայրենակիցները, ովքեր գերադասում են իրենց հանգիստն անցկացնել հայրենիքում՝ հարազատների հետ։
Այնպես չէ, որ այս տարի նշված գործոնները չկան։ Պարզապես շուկայում մայիսին ձեւավորվեց դոլարի մեծ պահանջարկ, ինչը պայմանավորված էր, մի կողմից, ներքին, մյուս կողմից՝ արտաքին գործոններով։ Այդ գործընթացը երկար տեւեց, որը հանգեցրեց դոլարի հարաբերությամբ ազգային արժույթի էական թուլացման։ Դոլարն այդ ընթացքում արժեւորվեց շուրջ 28-30 նիշով, ինչը մեկուկես-երկու ամսվա համար լուրջ ցուցանիշ է։
Պատահական չէ, որ այդ հանգամանքը ապրանքային բազմաթիվ շուկաներում ձեւավորել է մեծ գնաճային ճնշումներ։ Եվ այժմ Կենտրոնական դրամատունը, ըստ էության, այն չեզոքացնելու խնդիր ունի։ Իսկ դրա համար շատ կարեւոր է արժութային շուկայում կայունության վերականգնումը։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930