Նոր Նորքի զանգվածի Ֆրիտյոֆ Նանսենի զբոսայգում կառուցվող Նանսենի թանգարանի կառուցապատման դեմ հանդես եկող բնապահպանների մասին այսպես արտահայտվեց տեղի բնակիչը
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Երեւանի քաղաքապետարանը որոշեց Նոր Նորքի առաջին զանգվածում գտնվող Նանսենի անվան այգում` կառուցել Նանսենի տուն-թանգարան` Սառա եւ Կառլեն Եսայանների հովանավորությամբ: Թանգարանի աշխատանքները սկսեցին. գործի անցան ոչ միայն շինարարները, այլեւ բնապահպանի ստատուս ունեցող որոշ մարդիկ: Մասնավորապես` Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի քանի աղջիկներ «SOS» հնչեցրին, թե` շուտ հասեք, հերթական անգամ կանաչ տարածք է վերացվում, շինարարություն է սկսվել էլի բնություն է ոչնչացվում, կանաչապատ տարածքում շինարարություն անել-չանելու սկզբունքն է խախտվում, հանրային սեփականության դեմ հերթական ոտնձգությունն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած լրագրողները, սակայն, տեղում պարզեցին, որ «բնապահպանները» եւս մեկ անգամ օգտվել են ապատեղեկատվություն կոչվող գործիքից: Շարադրենք դեպքերի հերթականությունը: Առաջին` նախ հայտարարվեց, թե կանաչ տարածք է վերացվում, եւ ուրեմն` ծառեր են հատվում: Պարզվեց, որ խոսք է գնում 52 քմ տարածքի մասին, որը դեռ 10 տարի առաջ բետոնապատվել է: Այսինքն` կանաչ գոտի չի վերացվել, ծառեր չեն հատվել: Ավելին` բետոնապատ այդ տարածքում հաճախ կուտակվում էր այգու աղբը: Այգու` հակաէսթետիկական եւ հակաէկոլոգիական այդ փոքր կտորը չէր խանգարում «բնապահպանների» աչքին, եւ երբ որոշվեց աղբանոցի տեղում մշակութային կոթող կառուցել, չգիտես ինչու, նրանք արթնացան քնից: Երկրորդ` շրջանառության մեջ դրվեց հերթական ապատեղեկատվությունը, թե իբր Նանսենի հիմնադրամի տնօրինությունը տեղյակ չէ, որ այդտեղ թանգարան է կառուցվում: Շուտով «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը հայտարարեց, որ իրենք ոչ միայն տեղյակ են, այլեւ մանրամասնեց, թե ինչպիսի գործընթացներ են տեղի ունեցել թանգարանի կառուցման մասով: Բախչինյանի ասածը հաստատեց Երեւանի քաղաքապետարանը` հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ: Մեջբերենք. «Զբոսայգում գողտրիկ մշակութային օջախ եւ թանգարան կառուցելու վերաբերյալ կողմ են արտահայտվել ճարտարապետական հանձնաժողովի բոլոր անդամները: Ավելին, ճարտարապետների գնահատմամբ` թանգարանը հետաքրքրություն եւ մշակութային աշխուժություն կմտցնի այգում: Թանգարանի պատվիրատուն Երեւանի քաղաքապետարանն է, նախագծողը` ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանը: Թանգարանը կառուցվում է ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն եւ Սառա Եսայանների հովանավորությամբ` ոչ կանաչ տարածքի հաշվին, գոյություն ունեցող բետոնապատ հարթակի վրա: Ավելացնենք, որ թանգարանը հանդիսանում է Երեւան քաղաքի սեփականությունը եւ կգործի որպես Երեւանի քաղաքապետարանին պատկան մշակութային օջախ»: Երրորդ` երկու բնապահպան աղջիկներ սկսեցին շրջել Նոր Նորք թաղամասով եւ ստորագրություններ կորզել մարդկանցից, թե իբր նրանք դեմ են թանգարանի կառուցմանը: Պարզվեց, որ աղջիկները շատերին խաբել ու ասել էին, թե այդ տարածքում ռեստորան կամ գիշերային ակումբ է կառուցվում, ուստի` մարդիկ պատրաստակամորեն ստորագրել էին, թե դեմ են, որ այդպիսի շինություն կառուցվի այգում: Ո՞վ դեմ չէր լինի, եթե այդ տեղում ռեստորան կամ գիշերային ակումբ կառուցվեր: Ավելացնենք նաեւ, որ այդ այգում` ծառեր հատելու եւ կանաչ գոտի վերացնելու ճանապարհով, կառուցվել է սուպերմարկետ (այնինչ սուպերմարկետի տեղում, ըստ նախագծի, պետք է ձմեռային այգի լիներ) եւ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եղբորը` Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Մուշեղ Օհանյանին պատկանող մի ռեստորան: Ընդ որում` Մուշեղ Օհանյանի օբյեկտի` «Գարի Փոթերի» շինարարությունը սկսվել էր «հանրային զուգարան» անվան տակ:
Չշեղվելով թեմայից` արձանագրենք, որ «բնապահպաններին» հաջողվել էր շուրջ 250 ստորագրություն հավաքել, ընդ որում` մեր տեղեկություններով` ստորագրողներից շատերն այդ համայնքի բնակիչներ չեն եղել: Ուշագրավ փաստ է. առաջին անգամ «բնապահպանների» կեղծ «շուխուրն» արժանացավ հակազդեցության: Բանն այն է, որ երեկ առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները նամակ են հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունով: Նամակում ասված է. «Մեկ օրվա ընթացքում մենք`թաղամասի բնակիչներս, հավաքել ենք հազարից ավելի ստորագրություններ, որոնք դեռ շարունակվում են, եւ մենք պարբերաբար դա կներկայացնենք Ձեզ, որով փաստում ենք, որ համայնքի բնակչությունը ոչ միայն ողջունում է նախաձեռնության հեղինակներին, այլեւ պատրաստ է հասարակական աջակցությամբ օժանդակել թանգարանի կառուցման աշխատանքների իրականացմանը»։ Բնակիչները կից ներկայացրել են ստորագրող քաղաքացիների անուն-ազգանունները եւ նրանց հեռախոսահամարները։ Ի դեպ` շինարարությունը դեռ չսկսված, տեւական ժամանակ, այդ տարածքում փակցված է եղել գրություն, որն ազդարարել է` այստեղ կառուցվելու է Նանսենի տուն-թանգարանը, ապաո օրենքի համաձայն` շինարարություն իրականացնող ընկերությունը փակցրել է Երեւանի քաղաքապետարանի շինթույլտվության մասին գրությունը` համապատասխան որոշման թվով: Որեւէ մեկն այդ ժամանակ չի զգացել հանրային լսումներ անցկացնելու անհրաժեշտությունը, իսկ հիմա «բնապահպանների» կողմից հրապարակ նետված հերթական փաստարկն այն է, թե Երեւանի քաղաքապետարանը պարտավոր էր հանրային լսումներ իրականացնել, եւ հասարակության կարծիքը լսելուց հետո միայն ինչ-որ բան նախաձեռնել: Թերեւս, բնապահպանները հասարակություն ասելով` նկատի ունեն այն մարդկանց, որոնք հեշտությամբ տրվում են իրենց կողմից իրականացվող «մանիպուլյացիաներին»` չխորանալով խնդրի բուն էության մեջ: Երեկ մենք շրջեցինք այգում, զրուցեցինք մարդկանց հետ, եւ զարմանալիորեն չգտնվեց մեկն, ով դեմ կարտահայտվեր թանգարանի կառուցմանը: Հակառակը, լրագրողիս տեսնելով` նրանք ագրեսիվ տոնով սկսեցին հայտարարել, թե որեւէ մեկը ծառ չի կտրել ու մարդիկ լավ բան են անում, իսկ մենք խանգարում ենք այդ լավ գործին: «Ի՞նչ ա, մենակ Կենտրոնում պետք ա թանգարան լինի՞: Մասիվը գյուղ ա, հա՞: Ստեղ չեն կարա՞ թանգարաններ լինեն: Ստեղի մարդիկ թանգարանը չգիտեն ինչ բան ա՞, էրեխա չունե՞ն, որ տանեն թանգարան»,- բորբոքված ասաց տիկին Մարինեն, ով 1966 թվականից ապրում է այդ թաղամասում: «Այգին մերն է, մենք չենք թողնի մեր այգին վնասեն: Էս մարդիկ լավ բան են անում, թե չէ` մենք հո ստեղ մեխի գլուխ չենք»,- տիկնոջը ընդհատեց տարեց մարդը, ով ազգանունով ներկայացավ` Աֆրիկյան: Ի դեպ` այգում հավաքվածները մեզ հորդորեցին «մի երկու քայլ ներքեւ իջնել» եւ տեսնել, թե ինչ հսկայական շինարարություն է ընթանում: «Շինարարության համար հաստաբուն, բաբաթին ծառեր են հատվել»,- ասացին նրանք: Իսկապես, մի քանի մետր այն կողմ հսկայական շինարարություն էր ընթանում: Իսկ մասնագիտությամբ իրենց բնապահպան հռչակածներն այս տարածքով «չեն էլ անցել»: Նանսենի այգում մի պապիկ, ով ոգեւորված հետեւում էր շինարարությանը, մեզ պատմեց, թե ինչ լավ այգի է հիմնադրել իր պատշգամբի տակ գտնվող փոքրիկ հողակտորի վրա: «Փաստորեն բնապահպանը դուք եք»,- կատակեցինք մենք: «Ես հոգով եմ բնապահպան, իսկ դրանք` փողով»,- ասաց մեր զրուցակից պապիկը:
Արմինե ՄՈՎՍԻՍՅԱՆ
«168 ժամ»