Եվրամիությունը առայժմ հետաձգում է Հայաստանին ֆինանսապես օժանդակելու նպատակով խոստացած դոնորների համաժողովը՝ ակնարկելով, որ խորհրդարանական ընտրությունները լիովին չեն արդարացրել ակնկալիքները, եւ այժմ Բրյուսելում սպասում են 2013-ի նախագահական ընտրություններին։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասել է կառույցի՝ ընդարձակման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակը՝ Փիթեր Ստանոն։
Հիշեցնենք՝ նույն պաշտոնյան խորհրդարանական ընտրություններից առաջ՝ անցած տարվա դեկտեմբերին, «Ազատություն» ռադիոկայանինհաղորդել էր, որ պաշտոնական Բրյուսելը շատ է տպավորված արդար եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու՝ Հայաստանի իշխանությունների խոստումներից եւ պատրաստ է այդ ընտրություններից հետո միջազգային համաժողով անցկացնել եւ գումարներ հավաքել՝ Հայաստանին օժանդակելու համար։
«Մայիսին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հիմնականում դրական անցան, սակայն կան հարցեր, որոնք լուծում են պահանջում, եւ կախված այն հանգամանքից, թե ինչպես Հայաստանը կարձագանքի այդ խնդիրներին՝ 2013-ի նախագահական ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու առումով, առավել հստակ կլինի՝ երբ է անցկացվում այս համաժողովը, ինչպես նաեւ՝ ինչ կարող է անել Եվրամիությունը Հայաստանին է՛լ ավելի աջակցելու եւ մեր օրակարգում առկա բոլոր ծրագրերը կատարելու ուղղությամբ», – ասում է Եվրամիության ներկայացուցիչը։
Նշենք, որ միջազգային այս հավաքները, որպես կանոն, մի հարկի տակ են հավաքում ֆինանսական լուրջ կարողություններ ունեցող կազմակերպություններին՝ Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, եւ այլն, ինչպես նաեւ զարգացած երկրների ներկայացուցիչներին, որոնք ծանոթանում են դժվարին իրավիճակում գտնվող այս կամ այն երկրի խնդիրներին եւ գումարներ ու ծրագրեր են առաջարկում՝ դրանք լուծելու համար։ 2001 թվականին Փարիզում անցկացված այդօրինակ համաժողովում, օրինակ, Հայաստանը 620 միլիոն դոլարի նոր վարկեր եւ օժանդակություն ստացավ միջազգային կառույցներից՝ աղքատությունը կրճատելու համար։
Կարդացեք նաև
Թե որքան գումար կարող է հավաքվել այս՝ դեռեւս նախապատրաստվող համաժողովի ընթացում, Եվրամիության ներկայացուցիչը դժվարանում է նշել, սակայն ընդգծում է, որ դրանից առաջ Հայաստանի իշխանությունները դեռ պետք է մի շարք քայլեր կատարեն։
«Անհրաժեշտ է առաջիկա նախագահական ընտրություններից առաջ հարթել այն բացթողումները, որոնք արձանագրվել են խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ միջազգային չափանիշներին լիովին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար», – ասում է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակը եւ շարունակում. – «Բացի այդ, անհրաժեշտ է ավելացնել ջանքերը Մինսկի խմբի առաջարկած հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար, ակտիվացնել պայքարը կոռուպցիայի դեմ, ինչպես նաեւ ամրապնդել դատական համակարգի անկախությունը»։
Հեղինե Բունիաթյան
«Ազատություն» ռադիոկայան