Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմություն առարկայի թեստերի հարցերով դիմորդներին մոլորեցնում են

Հունիս 28,2012 11:43

«Ժողովուրդ»-ի խմբագրություն էր այցելել մանկավարժ Մարիետա Պետրոսյանը, որը դժգոհում էր 2012 ուսումնական տարվա հայոց պատմություն առարկայի ընդունելության քննական թեստերի հարցերից։ Դրանք, ըստ մանկավարժի, այնպիսի հարցեր են, որոնց միջոցով պարզապես դիմորդներին մոլորության մեջ են ցանկանում գցել։

«Սովորաբար թեստերը պետք է կազմվեն այնպես, որ վիճելի հարցեր երեխայի առջեւ չդրվեն, դրան գումարած՝ խիստ գիտական ձեւով կազմված նախադասությունները դիմորդներին կարող են շփոթության մեջ գցել։ Որոշ հարցերի տարբերակներ հակասություններ ունեն», «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց Մ. Պետրոսյանը։ Նրա պնդմամբ՝ պատմական կարեւոր երեւույթները, դրանց հետեւանքները, նշանակությունը եւ ականավոր դեմքերն ու դեպքերը քննական թեստերից դուրս են մնացել։ Ներկայացնում ենք այդ հարցերից մի քանիսը։

Հարց 18. Ո՞րն էր «Արեւելյան հարց» հիմնախնդրի բովանդակությունը։ Միջազգային հարաբերություններում այդպես էր անվանվում այն հիմնախնդիրը, որի հիմքում ընկած էր…

1. Թուրքիայից զանազան զիջումներ կորզելու միջազգային պայքարը։

2. Արեւմտահայերին թուրքական լծից ազատագրելու խնդիրը։

3. Օսմանյան կայսրությունը եվրոպական տիպի պետություն դարձնելու հարցը։

4. Թուրքահպատակ քրիստոնյաներին ազատագրելու համար մղվող պայքարը։

«Բայց շարքային պատմաբանն անգամ գիտի, որ «Արեւելյան հարցի» ներքին բովանդակությունը թուրքահպատակ քրիստոնյաների պայքարն էր՝ ազատագրվելու թուրքական լծից, որը եւ անամոթաբար շահարկում էին եվրոպական տերությունները Թուրքիայից զիջումներ կորզելու համար։ 4-րդ տարբերակը պատասխանելու դեպքում դիմորդը չէր սխալվի։ Չպետք է մեկը մյուսից բխող հարցերը իրար հակադրել»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Հարց 42. Բերված պնդումներից ո՞րն է վերաբերում Հնչակյան կուսակցությանը։

1. Նրանք հայ քաղաքական մտքի պատմության մեջ առաջինն էին, որ Հայկական հարցի լուծումը համարում էին ամբողջական հայրենիքում պետականության վերաստեղծումը։

2. Այդ կուսակցության կազմակերպման ձեւ ընտրվեց ապակենտրոն սկզբունքը։

3. Նրանց գործունեության մեջ կարեւոր տեղ ուներ զենքի հայթայթման ու կուտակման, ժողովրդին համահայկական ապստամբության նախապատրաստելու գործը։

4. Այն իր գլխավոր խնդիր էր հռչակել Արեւմտյան Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ազատագրումը։

Պահանջվում էր նշել առաջին տարբերակը, բայց դիմորդը հանգիստ խղճով կարող էր նշել նաեւ 3-րդ եւ 4-րդ տարբերակները։ «Եթե 4-րդը նշեր, ապա նրան սխալ կհամարեին։ Այսինքն՝ թեստերի հեղինակն ուզում է դրանով ասել, որ հնչակյանների համար Արեւմտյան Հայաստանի տնտեսական ազատագրման հարցը գլխավոր խնդիրը չէր։ Դա աբսուրդ է։ Դիմորդը միավոր է կորցնում։ Նման տարբերակներ առաջադրելն այդ հարցի շրջանակներում անհասկանալի է նաեւ ինձ համար»,- բացատրեց տիկին Մարիետան։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930